Ինչպե՞ս է «Վեոլիա ջուրը» խաբում ՀԾԿ հանձնաժողովին ու թաքնվում կառավարության հետևում

Այսօր մեր երկրում ջրամատակարարման գործառույթը շարունակում է իրականացնել ֆրանսիական «Վեոլիա ջուր» ընկերությունը, չնայած ընկերության հետ կապված աղմկահարույց պատմություններին ու քաղաքացիների շրջանում մինչև այժմ առկա դժգոհություններին՝ ընկերության աշխատակիցների անբարեխիղճ, անպատասխանատու աշխատանքի, վերաբերմունքի և վատ սպասարկման  հետ կապված։

Ֆեյսբուքյան հարթակում ստեղծվել է ««Վեոլիա ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն» էջը, որտեղ էջի 1015 բաժանորդներն ամեն օր տեսանյութեր ու տեղեկություններ են հրապարակում նախապես չզգուշացված ջրանջատումների, անկանոն ջրամատակարարման, ծորակից հոսող ժանգոտած կամ ցեխաջրերի թեմաներով, ներկայացնում են, որ ընկերության համապատասխան աշխատակիցներն անգամ հեռախոսազանգերին չեն պատասխանում իրենց դժգոհությունները լսելու և դրանց արձագանքնելու համար։ Անգամ դիմում-բողոքներ են ներկայացնում ՀՀ կառավարություն, Ջրային կոմիտե, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ) և ամեն անգամ ստանում լղոզված կամ չհիմնավորված, ֆրանսիական ընկերության շահերից բխող, իսկ սպառողների շահերն անտեսող պատասխաններ։

Վերջին դիմումը ֆեյսբուքյան խմբի նախաձեռնող անդամ Դավիթ Գասպարյանը հունվարի 31-ի ամսաթվով ուղղել է ՀՀ ՀԾԿՀ աշխատակազմին, Ջրային կոմիտեի աշխատակազմին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմին՝ հիշեցնելով, որ ՀԾԿՀ 30.11.2016թ. թիվ 378-Ն որոշմամբ հաստատված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման» (այսուհետ՝ ՋՄՕԿ 71) մասին կանոնների համաձայն, մատակարարը պարտավոր է վթարային ընդհատման օրվա, սկզբի ժամի և ջրամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին հնարավորինս սեղմ ժամկետում հեռուստատեսությամբ, գրավոր, էլեկտրոնային եղանակով, հեռախոսազանգի միջոցով կամ անհատապես ծանուցման այլ եղանակով իրազեկել բաժանորդին (https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=123756): Դիմումը նա հրապարակել է իր կողմից կառավարվող էջում։

Մինչդեռ, ինչպես նշված է դիմումի մեջ, բազմաթիվ քաղաքացիներ են էջում իրենց դժգոհությունը հայտնել ջրանջատման մասին իրենց նախապես չտեղեկացնելու կամ ամբողջական տեղեկատվություն չտրամադրելու մասին։

«Գաղտնիք չէ, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ կողմից ՋՄՕԿ-ի 71 կետի հնարավոր խախտումների վերաբերյալ բազմիցս թե՛ մեր ֆեյսբուքյան խմբի անդամների, թե՛ քաղաքացի-բաժանորդների կողմից ներկայացվել են դիմումներ, բողոքներ, անհանգստություններ և յուրաքանչյուր անգամ «Վեոլիա ջուր» ՓԲԸ ղեկավարությունը իր «գրպանային» պատճառաբանությամբ արդարացել է, իսկ որոշ դեպքերում անօգուտ փորձեր է կատարել սեփական անգործունեության տխուր հետևանքները քողարկել ինչ-որ ուժերի, նախկին աշխատակիցներին, նախկին օպերատորներին, ՀՀ կառավարությանը և իրենցից բացի ընդհանրապես բոլորին մեղադրանք ներկայացնելով,- գրված է ֆեյսբուքայն էջում հրապարակված դիմումի մեջ։- Ցավալի է, բայց անգամ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հանդեպ սահմանված տուգանքները չեն սթափեցնում այդ կազմակերպության ղեկավարությանը։

Բաժանորդների խմելու ջրի մատակարարման կամայական և կամ առանց ծանուցման ընդհատումների, բաժանորդին անտեսելու ու ըստ այդմ իր սպասարկման որակի ցուցանիշները լավ լույսի ներքո ներկայացնելու մոլուցքով տարված «Վեոլիա ջուր» ՓԲԸ ղեկավարության կողմից հրամցվում է ոչ լիարժեք տեղեկատվություն»։

Ըստ Դավիթ Գասպարյանի, կազմակերպության պաշտոնական կայքի «Ջրանջատումներ» բաժնում ներկայացվում է «ամբողջական» տեղեկատվություն վթարային և պլանային ջրանջատումների վերաբերյալ, որի շրջանակներում էլ հետագայում կազմվում ու ՀՀ ՀԾԿՀ է ներկայացվում սպասարկման որակի վերաբերյալ տեղեկատվություն՝ օրենքի պահանջով։ ՀՀ ՀԾԿՀ 2016 թվականի նոյեմբերի 30-ի №381Ն որոշմամբ սահմանված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձի կողմից բաժանորդների խմելու ջրի մատակարարման ընդհատումների վերաբերյալ տեղեկատվության ներկայացման» կարգի համաձայն, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն պարտավոր է բաժանորդների խմելու ջրի ընդհատումների վերաբերյալ եռամսյակային տեղեկատվությունը սահմանված ընթացակարգով ներկայացնել ՀՀ ՀԾԿՀ-ին (http://psrc.am/am/decisions/item/381-n?category_id=6

Բայց, ինչպես դիմումի մեջ նշել է խմբի նախաձեռնող անդամը, իրականում կայքում ամփոփվում է ջրանջատումների շատ փոքր մասը։ Օրինակ՝ 2019թ․ հունվարի 28-ին և հունվարի 29-ին ջրանջատումներ են եղել Դավթաշեն 3-րդ թաղամասում։ Ընդ որում, sms ծառայության կիրառմամբ այդ մասին իրազեկվել են թաղամասի բնակիչները, ինչի ապացույցներն առկա են էջում։ Սակայն, կազմակերպության պաշտոնական կայքի համաձայն, այդ օրերին Դավթաշենում ընդհանրապես ջրանջատում չի եղել։ Հետևաբար Դավիթ Գասպարյանն իր դիմումի մեջ հարց է բարձրացրել, թե ինչպե՞ս և ի՞նչ տեղեկատվության հիման վրա է ստուգվում ջրանջատումների մասին «Վեոլիա ջուր» ՓԲԸ կողմից ներկայացված տեղեկատվությունը, որքանո՞վ են վերահսկման լիազորություններով օժտված կառույցները տիրապետում իրավիճակին և քաղաքացիներն արդյոք դատապարտվա՞ծ ենք դիմանալու «Վեոլիա ջուր» ՓԲԸ ղեկավարության կամայականություններին ու նրանց կողմից ՀՀ օրենսդրության տարբեր դրույթների խախտումներին։

Դավիթ Գասպարյանը նշել է նաև, որ ՀԾԿՀ-ն, ՀՀ կառավարությունը, Ջրային կոմիտեն 2018թ․ հուլիսին ողողվել էին խմելու ջրի որակի ու անկանոն ջրամատակարարման բողոքներով, մինչդեռ համաձայն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից ՀՀ ՀԾԿՀ ներկայացված տեղեկատվության, 2018 թվականի հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամսիներին գրավոր և էլեկտրոնային եղանակով ստացվել է ընդամենը 237 բողոք։

«Պաշտոնապես հայտնում եմ, որ միայն մեր խմբի անունից էլեկտրոնային եղնակով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին և ՀՀ ՀԾԿՀ-ին ու այլ պատկան մարմիններին այդ նույն ժամանակահատվածի ընթացքում ու նույն ժամանակահատվածի վերաբերյալ ներկայացրել ենք բաժանորդների ավելի քան 500 բողոքներ, որոնք բոլորն էլ մեր մոտ պահպանված են ու կներկայացնենք առաջին իսկ պահանջի դեպքում՝ պահպանելով մարդու անձնական տվյալները։ Բացի այս, առկա են նաև հետևյալ անճշտությունները․

Անճշտություն 2։ Հաշվետու եռամսյակում պատասխանվել է 223 բողոքի։ Խնդրում ենք ներկայացնել մեր կողմից բարձրաձայնված դիմում-բողոքներին ըստ էության պատասխանելու մասին գեթ մեկ դեպք։ Մեր բոլոր դիմում-բողոքներին տրվել են պատասխաններ, թե իբր մենք իրավունք չունենք մարդկանց անունից «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին դիմելու։

Անճշտություն 3։ Դիմումին պատասխանում են միջինը 7,14 օրում։ Անցել է ավելի քան կես տարի, չենք ստացել կշռադատված, ըստ էության, գործնական, խելամիտ ու աշխատանքային գեթ մեկ պատասխան։

Անճշտություն 4։ Ջրի որակի հետ կապված եղել է 7 հատ դիմում։ Մինչդեռ միայն Շենգավիթ և Էրեբունի համայնքներում հուլիսին եղել է 20 դիմումի հետ կապված ստուգայց (որը կազմակերպվել է օգոստոսի սկզբներին) ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ համատեղ, առկա է դրա վերաբերյալ նաև հրաման (կցվում է)»,- նշված է հիշյալ դիմումի մեջ։

Դավիթ Գասպարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀԾԿՀ-ն արդեն դիմումը վարույթ է ընդունել, բայց դեռ հստակ չէ, թե երբ պատասխան կստանա այդ կառույցից։ Ամեն դեպքում, դիմումի համաձայն, նա հանձնաժողովից պահանջել է ՀԾԿՀ ընթացակարգերով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով խիստ պատժի ենթարկել անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերած ջրամատակարար ընկերությանը՝ հաշվի առնելով, որ ջրամատակարար ընկերության անփութության առաջին դեպքը չէ։

Ի դեպ, ՀԾԿ հանձնաժողովը նախատեսել է վաղվա նիստում հերթական անգամ տուգանել «Վեոլիա ջուր» ընկերությանը, այս անգամ՝ 10 մլն դրամով։ Ինչպես մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց ՀԾԿՀ մամուլի պատասխանատու Մարիամ Ստեփանյանը, տուգանքը պայմանավորված է ընկերության կողմից ջրագծերի միացումների ժամկետներն ուշացնելով։

Նիստի որոշման նախագծում նշված է, որ հանձնաժողովի 2016թ․ նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման մասին կանոնների 16-րդ և 19-րդ, 19.1-րդ կետերը խախտելու համար ՀԾԿՀ-ն «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանելու է 10 000 000 ՀՀ դրամ գումարի չափով։ Հանձնաժողովի կողմից ընկերության նկատմամբ վարչական վարույթը հարուցվել է 2018թ․ դեկտեմբերի 21-ին։ Կանոնների 16-րդ կետի համաձայն, դիմումն ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարը դիմող անձին պետք է ներկայացնի տեխնիկական պայմաններ՝ դիմող անձի կողմից նոր համակարգի կառուցման դեպքում, կամ միակողմանի կնքված միացման պայմանագիր՝ ընկերության կողմից նոր համակարգի կառուցման դեպքում։

Կանոնների 19-րդ և 19.1-րդ կետերի համաձայն, միացման պայմանագիրը կնքելու օրվանից մինչև ընկերության կողմից դիմող անձին ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամանակահատվածը չի կարող գերազանցել 60 աշխատանքային օրը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նոր համակարգի ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգերից մեկի երկարությունը, առանձին վերցված, գերազանցում է 500 մետրը կամ անհրաժեշտ է կառուցել պոմպակայան, որի դեպքում միացման պայմանագիրը կնքելու օրվանից մինչև ընկերության կողմից դիմող անձին ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամանակահատվածը չի կարող գերազանցել 120 աշխատանքային օրը։

Հարուցված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ընկերությունը 2018թ․ 3-րդ եռամսյակի ընթացքում 154 դեպքով խախտել է կանոնների 16-րդ և 19-րդ կետերը՝ դիմող անձանց միացման պայմանագիր կամ տեխնիկական պայման, ինչպես նաև ծառայությունների մատուցման պայմանագիր ներկայացնելով կանոններով սահմանված ժամկետի խախտմամբ: Ինչ վերաբերում է Ընկերության հիմնավորումներին, ապա դրանք կաննոների 16-րդ և 19-րդ կետերով սահմանված ժամկետի խախտման հիմնավորման օբյեկտիվ պատճառ հանդիսանալ չեն կարող։

Ի դեպ, որոշման նախագծում նաև նշված է, որ Հանձնաժողովի 2018թ․ ապրիլի 4-ի №109Ա, օգոստոսի 22-ի №333Ա և նոյեմբերի 21-ի №430Ա որոշումներով «Վեոլիա ջուր» ընկերությունն արդեն իսկ կաննոների 16-րդ, 19- րդ և 19.1-րդ կետերի խախտման համար երեք անգամ թույլ է տվել միացման գործընթացին վերաբերող մեծաքանակ և տարաբնույթ խախտումներ, որոնցից երկուսը  առավելագույն չափով ենթարկվել է տուժանքի։

Վերը ներկայացվածը Հայաստանում ջրերի կառավարման գործունեությունը ստանձնած ֆրանսիական ընկերության կողմից թույլ տված խախտումների միայն փոքր մասն է, դրանց մի մասի համար, ճիշտ է, ընկերությունը մեծ տուգանքների է ենթարկվել, սակայն շարունակում է նույնությամբ չարաշահել սպառողների վստահությունը, միաժամանակ տարեցտարի, առանց լուրջ հիմնավորումների, բարձրացնելով իր ծառայությունների համար սահմանված սակագինը։

Հիշեցնենք, որ վերջին անգամ սակագինը բարձրացվեց այս տարվա հունվարի 1-ից, ճիշտ է, ավելացված գումարի չափը պետության կողմից սուբսիդավորելու պայմանով։ Ընկերության պահանջի կատարման հարցում նրան աջակցել են թե նորաթուխ կառավարությունը, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ առանց որևէ առարկության կատարելով սակագնի վերանայման մասին ընկերության պահանջը և այդ բեռը դնելով պետական բյուջեի վրա, որը գոյանում է հարկատուներիս վճարած գումարների հաշվին։ Մինչդեռ այդ նույն կառավարությունը, դեռ մինչև հեղափոխությունը, բարձր ամբիոններից հայտարարում էր, որ հասարակությանը գերուռճացված սակագներով թալանում են՝ այդ սակագնի մեջ ներառելով այնպիսի ծախսեր, որոնք իրականում գոյություն չունեն, և այդ ոլորտում կոռուպցիոն մեծ ռիսկեր են առկա։

Այս խնդրին, սակայն, կանդրադառնանք մեր հերթական հրապարակման մեջ, ի դեպ, գրելով նաև «Վեոլիա ջուր» ընկերության դեմ դեռ ամռանը հարուցված քրեական գործի մասին, որի նախաքննության ավարտն այդպես էլ չի երևում։

 

Թագուհի Ասլանյան