«Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն». Ռուբեն Հայրապետյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իմ նախկին ընկեր Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ իմ ընկերներից մեկի միջոցով փոխանցել էր, որ փախչեմ Հայաստանից, որովհետև Նիկոլը հրաման է տվել՝ ինձ բռնեն: Այս մասին «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով ոստիկանության 6-րդ վարչության կողմից իր տունը խուզարկելու դեպքին:

«Նույն Անդրանիկ Քոչարյանը, որ իմ նախկին ընկերն է եղել, մի 10 օր առաջ իմ ընկերների միջոցով խնդրել էր ինձ փոխանցել, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն: Դա անում են, որ ես գնամ, հետո շոու անեն, ասեն՝ ֆեդերացիան թալանել էր, փախավ: Ես այս երկիրն այնքան եմ սիրում, որ ոչ մի տեղ չունեմ գնալու: Ուզում են, թող ձերբակալեն»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:

Հաղորդման ժամանակ նա անդրադարձել է նաև գործող իշխանության հետ մտերիմ գործարար Խաչատուր Սուքիասյանի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ հնչեցրած հայտարարությանը, թե՝ «Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել, ամեն ինչ արել է իր, իր փեսայի, իր չգիտեմում համար… Սերժ Սարգսյանը նաև շատ վատ ընկեր է, որովհետև երբ երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը, կառուցվում էր, երբ ինքը Ղարաբաղից եկավ, բոլոր իր հին ընկերներին մոռացավ: Մինչև անգամ նրան էլ մոռացավ, ումից ընդունեց նախագահությունը»:

Արձագանքելով Խ. Սուքիասյանի այս հայտարարություններին՝ Ռ. Հայրապետյանն ասել է. «Ես ուզում եմ իմանալ՝ այս քաղաքում Խաչատուր Սուքիասյանի ընկերն ո՞վ է: Սերժ Սարգսյանին շատ բաների մեջ կարելի է մեղադրել, բայց հնարավոր չէ նրան մեղադրել վատ ընկեր լինելու մեջ: Ես հպարտանում եմ, որ նրա ընկերն եմ: Խաչատուր Սուքիասյանը Սերժ Սարգսյանի հետ մի կտոր հաց կիսե՞լ է, որ նրա ընկեր լինելու մասին դատողություններ է անում: Կգա ժամանակը, կտեսնենք, թե այս երկրի համար ամենահայրենանվեր ղեկավարն ով է եղել, մարդիկ կիմանան՝ ինքը ոնց էր սիրում այս երկիրն ու ժողովրդին: Մի առիթով նա ինձ ասել է. «Ռուբեն, հիշիր, ես չեմ ընտրվել ինձ ընտրողների նախագահ, ես ընտրվել եմ ինձ չընտրողների նախագահ նաև»: Խաչատուր Սուքիասյանը շատ լավ գիտի, թե իր համար ինչ է արել Սերժ Սարգսյանը»: