Հզոր երկրաշարժ Ալբանիայում․ զոհերի թիվը հասել է 22-ի (լուսանկարներ)
Երեկ՝ նոյեմբերի 26-ի առավոտյան Ալբանիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 22-ի:
Միջազգային լրատվամիջոցների տեղեկացմամբ, փլատակների տակից հաջողվել է դուրս բերել 44 մարդու: Նշվել է, որ փրկարարական գործողությունները շարունակվում են Դուրրես և Տուման քաղաքներում:
Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Հունաստանը, Մոնտենեգրոն Ալբանիա են ուղարկել փրկարարների, բժիշկների, հրշեջ խմբերի և տեխնիկա:
Նշենք, որ երևանյան ժամանակով ժամը 6:54-ին տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Տիրանայի հարևանությամբ գտնվող Շիջակ քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա: Շրջակա քաղաքները նույնպես խիստ տուժել են: Կան տասնյակ վիրավորներ, փլուզվել են հարյուրավոր շենքեր:
Ըստ սեյսմոլոգների` երկրաշարժին հաջորդել են 5 մագնիտուդ ուժգնությամբ մի շարք հետցնցումներ: