ԱՄՆ կոնգրեսը կշարունակի Թրամփի պաշտոնանկության հարցով բաց լսումները. Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեն հաջորդ շաբաթ կշարունակի  նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործով բաց լսումները, «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտարարել է կոմիտեի ղեկավար դեմոկրատ Ադամ Շիֆը:

Շիֆը հայտնել է, որ հաջորդ շաբաթ լսումներ են նախատեսված «Ուկրաինական գործով» ութ վկաների մասնակցությամբ: Ըստ Շիֆի թվիթերյան գրառման՝ երեքշաբթի ցուցմունք կտան ԱՄՆ փոխնախագահի օգնական Ջենիֆեր Ուիլյամսը, Ազգային անվտանգության խորհրդում Ուկրաինայի հարցերով փորձագետ Ալեքսանդր Վիդմենը, Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի նախկին հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի գծով նախագահի խորհրդական Թիմ Մորիսոնը:

Չորեքշաբթի կոնգրեսականների առջև կկանգնեն Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Լորա Կուպերը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դևիդ Հեյլը, հինգշաբթի՝ Ռուսաստանի հարցով Թրամփի նախկին խորհրդական Ֆիոնա Հիլը։

Այսօր տեղի կունենա Թրամփի պաշտոնանկության ընթացակարգի շրջանակում առաջին բաց լսումը՝ Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Բիլ Թեյլորի և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենտի մասնակցությամբ:

Այնուհետև ուրբաթ նախատեսված է Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մերի Յովանովիչի ցուցմունքների լսումը:

Ավելի վաղ նշված բոլոր նախկին և գործող պաշտոնյաներն արդեն ցուցմունքներ են տվել կոնգրեսականներին, սակայն դռնփակ պայմաններում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ում խոշոր սկանդալ էր բորբոքվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հուլիսյան հեռախոսազրույցի շուրջ, որն առիթ էր դարձել ԱՄՆ առաջնորդի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց սկսելու համար: Ինչպես պնդում են ԱՄՆ նախագահի քաղաքական ընդդիմախոսները, Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ փորձել է Զելենսկուն համոզել Ուկրաինայում Ջոզեֆ Բայդենի որդու՝ Հանթերի գործունեության հետաքննություն սկսել՝ Կիևին ֆինանսական և ռազմական օգնություն ցուցաբերելու դիմաց: