Չգիտեմ` հրապարակի ներկայացումն ուղղակիորեն կապվա՞ծ է սատանիզմի հետ, բայց Աստված մարդուն չի ստեղծել, որ կապկի կապիկի շարժումները (տեսանյութ)

Երևի ուզում էին ապացուցել, որ դարվինիզմը ճիշտ է, մարդը կապիկից է առաջացել

Շաբաթ օրը, նոյեմբերի 2-ին Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի, այնտեղ գտնվող շատրվանների վայրում ու դրա մոտ դեռ նախօրեից կազմակերպված, շարունակվող և իրավացիորեն խափանված, այսպես կոչված, «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն ուղեկցվել է ոչ միայն բազմաթիվ անձանց «ամոթ, ամոթ» վանկարկումներով, այլև միջադեպով։  Միջոցառման դեմ բողոքող քաղաքացիներից Նարեկ Սարգսյանը փորձել է շշով «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցներից մեկի վրա, համարել նրանց սատանիստներ: Ոստիկանները նրան և ներկայացման դեմ բողոքող երիտասարդներից ևս մեկին բերման են ենթարկել ոստիկանության բաժին, ապա որոշ ժամանակ հետո բաց թողել:

Սոցիալական ցանցերում արդեն իսկ բուռն քննարկումների և քննադատության առիթ դարձած վերոնշյալ խայտառակ միջոցառմանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության քարտուղար, անձնական խնդիրների պատճառով բացակայող խմբակցության ղեկավարի պարտակությունները կատարող Հասմիկ Խաչունցը: «Հրապարակ»-ի հետ զրույցում նա ասել է, որ ինքն անձամբ մասնակցել է այդ ներկայացմանը, որն իրենց պարախումբն է կազմակերպել, նշել, որ այն ժամանակակից պարի ներկայացում է և սատանիզմի հետ կապ չունի: Չգիտեմ` այդ «ներկայացում» կոչվածի կազմակերպիչները, մասնակիցները սատանիստնե՞ր են, թե՞ ոչ, չգիտեմ` այդ ներկայացումը սատանիզմի հետ ուղղակի կապ ունի՞, թե՞ ոչ բայց անուղղակի և խորքային առումով, թերևս, կապ ունի, ինչն այդ ջահելները դժվար թե գիտակցում են:

Մի բան հաստատ է` «ՀուԶանք ու Զանգ» կոչվածը ոչ թե կատարողական արվեստի նախագիծ է, որն իբր, ըստ այդ միջոցառման կազմակերպիչների, սինթեզում է ժամանակակից պարն ու պոեզիայի ռիթմը (ժամանակակից պարը դեռ մի կողմ, պոեզիայի ռի՞թմը որն է…), այլ կատարողական հակաարվեստի նախագիծ, հրապարակային ցուցադրմամբ մարդուն ընդհանրապես և հայ մարդուն հատկապես, մանավանդ, հայ աղջիկներին` այն էլ այդ տարիքի, անվայել, անհարիր գռեհիկության, անամոթության, լկտիության, լպիրշության ներկայացում: Դրա կազմակերպիչները չեն էլ թաքցրել, հենց իրենք են հայտնել, որ «Հուզանք ու զանգը» «հարցականի տակ է դնում կնոջ պահվածքի, խոսելու և շարժվելու ձևի հանրային ընկալումը»։

Երբ գռեհիկությունը, տգեղը, հակագեղագիտականը,  հակաբնականը, հակաարվեստը ներկայացվում է իբրև արվեստ, չենք կարող չհիշել սատանիզմի կամ սատանայապաշտության հիմնական սկզբունքը կամ հիմնական սկզբունքներից մեկը` հակաշրջության սկզբունքը, որով էլ հենց հատկանշվում է տվյալ ներկայացումը: Աստված մարդուն իր պատկերով ու նմանությամբ ստեղծել է, որ նա արժանապատվորեն կանգնի իր ոտքերի վրա` ճակատը պարզ, գլուխը` բարձր, և ոչ թե նրա համար, որ նմանակի, կապկի կապիկի շարժումները (ինչն ակնհայտ է տվյալ պարագայում, ներկայացումը դիտելով հիշեցի կապիկների կյանքը ներկայացնող «Discovery Channel»-ի և այլ փաստագրական ֆիլմերը), վաղն էլ, եթե այս խայտառակ ու խելահեղ ընթացքը թույլ տանք, միգուցե նաև կապիկների և կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչների բարքերը: Այդ ամենում առաջադեմ, ապագայամետ կամ գեղեցիկ ոչինչ չկա, դրանում հակառակը` տգեղն է, մարդկային վիճակից կենդանականին և անամոթ վիճակին անցնելու հայտ: Բա մեր ազգային արվեստով հպարտացող հայերս սրա՞ն ենք արժանի, ընդհանրապես, մարդը սրա՞ն է արժանի… Երևի ուզում էին ապացուցել, որ դարվինիզմը ճիշտ է, մարդը կապիկից է առաջացել, իրենք գուցե այո, մենք` ոչ: Մարդավայել կեցվածքից իջել, կապիկին են կապկում… Երևի ուզում էին ապացուցել, որ դարվինիզմը ճիշտ է, մարդը կապիկից է առաջացել, իրենք գուցե այո, մենք` ոչ:

Ի դեպ, գիտնականները վաղուց պարզել են, որ մարդուն կենդանուց տարբերող գլխավոր հատկանիշը ոչ թե բանականությունն է, որն այս կամ այն չափով ունեն նաև կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներ, ինչպես, օրինակ, դելֆինները, այլ ամոթը: Մարդու ունեցած արժանիքներից առաջնահերթորեն հե՛նց ամոթը վերացնելուն են ուղղված սատանայի ծառաների կամ այս աշխարհի ճարտարապետների ջանքերը: Ժամանակակից աշխարհի, հատկապես ԱՄՆ-ի, եվրոպական երկրների կյանքի, բարքերի դիտարկումը վկայում է, որ նրանց աստիճանաբար հաջողվել է հասնել իրենց այս նպատակին, հիմնականում հասել են, ու հիմա նույնը փորձում են անել Հայաստանում: Ազգովի թույլ չենք տալու, մեր վճռական հակահարվածին են արժանանալու: Ի դեպ, Հրապարակ»-ի տեղեկացմամբ, «Ներկայացումը հղացվել է այս ընթացքում Երևանում գտնվող գերմանացի վիզուալ և պերֆորմանս արվեստագետ Լինդա Նադջիի հետ համագործակցությամբ»։

Պակաս ուշագրավ չէ նաև այն փաստը, որ վերոնշյալ նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության գիտությամբ, թույլտվությամբ և աջակցությամբ։ «Ֆեյսբուք»-ի օգտատերերից Artur R Tovmasyan-ը նույն օրն ուշ երեկոյան նշված սոցիալական ցանցի իր էջում մեջբերելով Գարեգին Նժդեհի խոսքը` «Գոյություն չունի և չի կարող ունենալ կրթական ընդհանուր իդեալ: Ամեն ժողովուրդ իր կրթական իդեալն ունի, որ բխում է իր ոգուց և կարիքներից», գրել է.

«21-րդ դարում հայկական կրթական համակարգն այլևս կարիք չունի ազգային լինել, այն կարող է լինել տրանսազգային, ինտերնացիոնալ,  ավելի ճիշտ՝ անդեմ և աննկարագիր:

Թավշյա ԿԳՄՍ նախարարը իր ձեռքբերումներն է համարում տրանսգենդերի պաշտոնական ընդունելությունը, սեռափոխվածի վերաբերյալ ֆիլմի ֆինանսավորումը և սատանիստական խորագրով միջոցառումներին «տանիք»‰ կանգնելը: Երեկ կայացած միջոցառումը իրականացվել է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով: Հեռու չի այն օրը, որ Երևանում բացահայտ գեյ պառադ կանցկացվի։

Մենք ապրում ենք այն նոր Հայաստանում, որտեղ ազգային արժեքները պահպանողներին, բանակը, եկեղեցին, ավանդական ընտանիքը, հայոց լեզուն, գրականությունը, պատմությունը, մշակույթը հայ ազգի պահպանման հիմնասյուն համարողներին անվանում են «հետադիմության առաջամարտիկներ» կամ «ռազմահայրենասիրական շիզոֆրենիկներ»:

Անկեղծ ասեք՝ այս Հայաստանի մասի՞ն եք երազել…

Մեր ժողովուրդը մշտապես եղել է ազգային արժեքների և քրիստոնյա ավանդական ընտանիքի գաղափարի կրողը:

Հ.Գ. Քաջությամբ մեռնենք մեր աշխարհի և մեր ազգի համար, և թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների և մեր Աստծու փառավորման վայրերի ոտնակոխ լինելն ու պղծվելը, այլ թշմանիների սուրը թող նախ և առաջ մեր դեմ ուղղվի: Ղևոնդ Երեց»:

Կատարվածը ԿԳՄՍ նախարարի կամ նրա ղեկավարած նախարարության հերթական հակահայկական և հակաքրիստոնեական քայլի արտահայտությունն է, Մեր երկրում սատանիզմի և այլասերման թեկուզ անուղղակի քարոզիչները կամ հովանավորներն իսկապես տեղ չունեն:

Հիշյալ ներկայացման առնչությամբ newsruss.info-ն գրել է. «էն ո՞վ էր ասում «Սատանիզմի հիմքով, մտացածին հիմքերով համերգներ չեղարկելն այլևս չի լինելու: Արվեստը լինելու է ազատ…»‰

Հա՛, հիշեցի, էլի ինքն էր…

Հիմա էս կիսաքաչալ, կապտականաչ մազերով արարածները արվեստի ո՞ր ճյուղն էին ներկայացնում…

Հիմա էս հոգեբուժարանից փախածների ցուցադրությունը ըմբոշխնե՞նք, թե՞ մերժենք…

Առնվազն հոգեկան խանգարվածի պահվածքով էս արարածներին հիմա որ մերժենք, կստացվի որ սատանիզմի հիմքո՞ վ էր…

Իսկ միգուցե արժե՞ մերժել կապտականաչ մազերով մի քանի հոգեխանգարվածների ցուցադրած ՄՇԱԿՈՒՅԹԸ:

էդ մշակույթը ոչ թե ոմանց մեջ է, այլ ոմանց փորացավն է դառանլու»:

«Էս մարդը սուպերնախարարա աշխատում ու միշտ չգիտես ինչու իրան լուրջ չեն վերաբերվում, ասեմ շատ իզուր,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:- Փաստորեն ըստ սուպերնախարարի եթե դեմ ես սատանիզմի դու հետադիմական ես, եթե անկախ պետություն ենք ուրեմն սատանիզմը պետք է մեր մշակույթի անբաժանելի մասը լինի:

Աշխարհում առաջինը քրիստոնեությունը պետական կրոն ընդունած երկրի հեղափոխական կրթության և գիտության նախարարը պաշտպանում է սատանիզմը և սա արդեն բացահայտ իրականություն է: Ցավալի փաստը նրանում է, որ այս մարդուն դուք եք բերել իշխանության, դուք եք տվել նրան մանդատ և դուք էլ նրան ու նրա նմանների համար պայքարում եք ու հավատում, սրբացնում ու արդարացնում նրանց: Մենք կորցրել ենք մեր ազգային նկարագիրը և հարց է առաջանում արդյոք սա՞է մերը և սա է մեր հայկական երազանքը»:

Նշենք նաև, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով change.org-ում նոյեմբերի 2-ից հանրագիր է սկսվել, որին երեկ կեսօրից հետո ավելի քան 3000 մարդ էր միացել: Դրանում մասնավորապես նշված է.

«Տևական ժամանակ է, ինչ ԿԳՄՍ նախարարությունը գտնվում է մի մարդու ձեռքերում, ով բազմիս ապացուցել է ոլորտում դրական փոփոխություններ իրականացնելու իր անկարողությունը: Վերջին ժամանակներս չեն դադարում տարբեր օղակների կողմից նախարարի հասցեին հնչեցվող մեղադրանքները կապված ՝

– ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին պետության հաշվին ֆինանսավորելու և պրոպագանդելու,

– դպրոցների ծրագրային խնդիրներին դեռեւս լուծում չտված հայոց լեզու եւ հայոց պատմություն առարկաները բուհերից հանելու,

– ՀՊՏՀ ուսանողների կողմից բարձրաձայնվող խնդիրն արհամարհելու,

– ԵՊՀ ուսանողների խնդրին լուծում չտալու,

– առարկայական ծրագրերի մեջ փոփոխություններ կատարելու ուղղությամբ աշխատանքներ չիրականացնելու և նմանատիպ այլ քայլերի հետ։

Հաշվի առնելով նման էական հարցերի նկատմամբ անսկզբունքային վերաբերմունքը՝ պահանջում ենք կարևորագույն 4 ոլորտները լիովին ձախողած կադրի՝ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հրաժարականը»:

Արթուր Հովհաննիսյան