Գրականության ոլորտում 2018 և 2019 թթ․ նոբելյան մրցանակակիրները հայտնի են

Այսօր հայտնի են դարձել գրականության ոլորտում 2018 և 2019 թվականների նոբելյան մրցանակակիրների անունները։  Գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

2018 թվականի նոբելյան մրցանակակիր է դարձել լեհ գրող Օլգա Տոկարչուկը, 2019 թվականի նոբելյան մրցանակակիր է դարձել ավստրիացի գրող Պետեր Հանդկեն:

Ի դեպ,  Նոբելյան հանձնաժողովը 2018թ. չհանձնեց գրականության ոլորտում նոբելյան մրցանակը՝ թեկնածուների ընտրության համար պատասխանատու Շվեդական ակադեմիայում սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալի պատճառով: Փոխարենը 2019թ. երկու հաղթողի անուն է հայտարարվել:

Նշենք, որ հոկտեմբերի 9-ին հայտնի էին դարձել քիմիայի ոլորտում նոբելյան մրցանակակիրների անունները: Մրցանակ են ստացել Ջոն Գուդենաֆը, Սթենլի Ուիթենգհեմը և Ակիրա Յոշինոն՝ «լիթիում-իոնային մարտկոցների մշակման համար»:

Իսկ ահա ֆիզիկայի ոլորտում նոբելյան մրցանակակիրների անունները հայտնի դարձան հոկտեմբերի 8-ին: Մրցանակակիրներ են Ջեյմս Փիբլսը, Միշել Մայորը և Դիդյե Քելոն: Մրցանակի «կեսը» հանձնվել է Փիբլսին՝ «տիեզերագիտության տեսական հետազոտությունների համար», երկրորդ «կեսը»՝ Մայորին և Քելոյին՝ «արևանման աստղի ուղեծրում էկզոմոլորակի բացահայտման համար»:

Հոկտեմբերի 7-ին Ստոկհոլմում հայտնել էին բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում նոբելյան մրցանակակիրների անունները: Մրցանակակիր են դարձել Ուիլյամ Քելինը, Փիթեր Ռեթքլիֆը և Գրեգ Սեմենցան՝ թթվածնի անբավարարությանը բջիջների ադապտացման վերաբերյալ հետազոտության համար:

Հոկտեմբերի 11-ին աշխարհը կիմանա խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը:

Հոկտեմբերի 14-ին կհայտարարվի Շվեդական ազգային բանկի՝ տնտեսական գիտությունների համար տրվող մրցանակի հաղթողի անունը: