Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Հովհաննես Թումանյանի ժառանգներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ժառանգերին՝ ուղեկցությամբ բ. գ. դ., պրոֆ. Սերգո Երիցյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ըստ հաղորդագրության՝ պարոն Երիցյանը, Նորին Սրբությանը ներկայացնելով բանաստեղծի ժառանգներին, տեղեկացրեց, որ Հայաստան են ժամանել մասնակցելու Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին:

Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր հայրական օրհնությունը բերեց հյուրերին՝ ուրախություն հայտնելով հայրենիքում բանաստեղծի ժառանգներին միասնական և համախմբված տեսնելու առիթով: Քաղցրությամբ հիշելով բանաստեղծի զավակների հետ Մոսկվայում իր հանդիպումներն ու զրույցները` Նորին Սրբությունն ընդգծեց, որ Թումանյանի թողած ժառանգությունը համամարդկային է և անգնահատելի է նրա վաստակը հայ ժողովրդի կյանքում` հավելելով, որ նրա ստեղծագործությունները սիրելի և ուսանելի են յուրաքանչյուր հայորդու համար: Վեհափառ Հայրապետը նշեց, որ առաջիկայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ևս տոնախմբվելու են մեր ժողովրդի երկու մեծերի` Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի հոբելյանները:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հետաքրքրվեց Թումանյանի ժառանգներից յուրաքանչյուրի գործունեությամբ, ծանոթացավ վերջին հոբելյանական հրատարակություններին, ապա մաղթեց, որ մշտապես նախանձախնդիր լինեն բանաստեղծի թողած ժառանգության հանդեպ: