Եվրոպայից արտաքսված ՀՀ քաղաքացիների նոր խումբ այսօր կժամանի հայրենիք․ ի՞նչ է նրանց սպասվում հայրենիքում

Եվրամիության անդամ երկրներից ՀՀ քաղաքացիների հարկադիր վերադարձը շարունակվում է։ «168 ժամի» տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Գերմանիայից չարթերային չվերթով 40-ից ավելի անձինք հարկադիր կվերադարձվեն Հայաստան։ Այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է։

Այս թռիչքները կազմակերպում է Եվրամիության արտաքին սահմաններում համագործակցության օպերատիվ կառավարման գործակալությունը`Ֆրոնտեքսը, որի աջակցությամբ 2016թ. իրականացվել է 8 չարթերային վերադարձ, 2017-ին՝ 10, 2018թ.՝ 16 (ներառյալ՝ 4 կանոնավոր թռիչքներ)։ Նույն կերպ աճել է արտաքսվածների թիվը. 2016թ. 113-ի դիմաց՝ 2018-ին արձանագրվել է 268 վերադարձող։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն  ծառայության տվյալներով՝ այս տարի առաջին  կիսամյակի ընթացքում ԵՄ երկրներից ստացվել է 490 ռեադմիսիոն հայց՝ 944 անձանց վերաբերյալ։ Ծառայության կողմից դրական պատասխան է տրվել 84,8% կամ 792 դեպքերի վերաբերյալ։ Այսինքն՝ հաստատվել է տվյալ անձանց ՀՀ քաղաքացիությունը, և նրանք ենթակա են հարկադիր վերադարձի։ Ռեադմիսիայի ենթակա ամենաշատ ՀՀ քաղաքացիները Գերմանիայում են՝ 576, Ֆրանսիայում՝ 97, Շվեդիայում՝ 36, Ավստրիայում՝ 35, և այլն։

Եվրոպայից միգրանտների արտաքսման դեպքերն ավելացել են՝ ԵՄ երկրներում միգրացիոն քաղաքականության խստացման և Հայաստանում անցած տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների արդյունքում։ Միգրացիոն ճգնաժամն այնտեղ սրվեց սիրիական պատերազմի հետևանքով և դեռևս 2014-15 թթ.-ից միգրացիոն քաղաքականությունը խստացվեց։ Իրական փախստականներն այնքան շատ են, որ ապաստան ստանալու համար մեր հայրենակիցների ներկայացրած հիմնավորումները, այդ թվում՝ առողջապահական խնդիրները, որոնք որևէ կերպ փախստականության ինստիտուտի մեջ չեն տեղավորվում, առավելևս՝ սոցիալ-տնտեսական խնդիրներով գնացած մարդիկ շատ արագ ընթացակարգով մերժվում ու հետ են ուղարկվում։ Ընդհուպ մինչև 24-ժամյա ընթացակարգ է մշակվել, հենց օդանավակայաններում, երբ մեր քաղաքացին անձնագիրը պատռում ու հանձնվում է, տվյալ երկրի միգրացիոն ծառայությունը շատ արագ քննում է հարցը, մերժում ու անմիջապես օդանավակայանից հետ է ուղարկում։

Այժմ հետ են ուղարկվում նաև նախկինում քաղաքական ապաստան ստացած ՀՀ քաղաքացիները, քանի որ քաղաքական ապաստանի հարցը քննվում է 3 տարին մեկ անգամ, իսկ 2018-ին ՀՀ-ում իշխանափոխությունից հետո Հայաստանը ԵՄ անդամ երկրների կողմից դիտարկվում է որպես ապահով և ժողովրդավարական երկիր: Իսկ 2014 թվականից ուժի մեջ մտած Հայաստան-Եվրամիություն հետընդունման համաձայնագրով մեր երկիրը պարտավոր է նույնականացնել ու հետ ընդունել իր այն քաղաքացիներին, ովքեր ԵՄ երկրներ մուտքի կամ բնակության պայմաններն են խախտել:

Հարկադիր ձևով եվրոպական երկրներից հայրենիք վերադարձողները մեծամասամբ գտնվում են սթրեսային վիճակում։ Ի՞նչ է անում պետությունը նրանց ընդունելու և ինտեգրելու համար։

Միգրացիոն ծառայությունում բացվել է Վերադարձ և վերաինտեգրում բաժին։ ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը տեղեկացրել է, որ մշակվում է հրատապ աջակցության ծրագիր, որ գիշերային ժամերին չարթերային թռիչքներով հարկադիր վերադարձի ենթարկված անձանց կարողանան գոնե 1 ամսով ապահովել ժամանակավոր կացարանով, զբաղվածության խնդիր լուծել և այլն։ Ծառայությունում գործում է մեկ պատուհան ծառայություն, որը ֆինանսավորվում է Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի կողմից, ամեն օր տարբեր ժամերի ընդունում է վերադարձողներին, կարիքներն է գնահատում և ուղղորդում։ Նաև գործում են տարբեր հասարակական ու միջազգային կազմակերպություններ, որոնք գնահատում են վերադարձողների կարիքները, վերադարձնող երկրի իշխանությունների հետ ճշտումներ են կատարում և որոշակի աջակցություն տրամադրում։ Սակայն այս գործընթացը տևում է ամիսներ։

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցությամբ ստեղծվել է Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի մասնաճյուղ (ERRIN), որի 3 խորհրդատուներ Միգրացիոն ծառայությունում հարկադիր վերադարձողներին 4 տեսակի աջակցություն են ցուցաբերում՝ բուժզննում, բնակվարձի փոխհատուցում 6 ամսով, բիզնեսի հիմնման աջակցություն և մասնագիտական վերապատրաստում։ Նախատեսված է, որ այս ծրագիրը կգործի մինչև 2020թ. հուլիս՝ աջակցելով մոտ 400 շահառուի։ Սակայն շահառուների թիվը լրացել է արդեն հուլիսին, այսինքն՝ ծրագրվածից 1 տարի շուտ։ Ն. Դավթյանի խոսքով՝ պատճառն այն է, որ սպասվածից ավելի մեծ է եղել վերադարձողների հոսքը, նաև քաղաքացիների տեղեկացվածության մակարդակն է շատ բարձր, քանի որ ծառայության աշխատակիցներն օդանավակայանում վերադարձողներին և նրանց բարեկամներին իրազեկում են ծրագրի մասին. «Գրեթե բոլոր վերադարձողները դիմում են և աջակցություն ստանում, և դրա համար բյուջեն շուտ սպառվեց։ Բայց ծրագիրը կանգ չի առնի։ ERRIN-ը Գերմանիայի միգրացիոն հարցերով լիազոր մարմնի աջակցությամբ շարունակելու է ծրագիրը»։

Միգրացիոն ծառայության աշխատակիցը հաստատել է, որ ԵՄ կոշտ քաղաքականությունը չի շրջանցում նաև քաղցկեղով տառապող անձանց, որոնք մեկնում են հիմնականում Գերմանիա և ապաստան հայցում՝ բուժօգնություն ստանալու ակնկալիքով. «Մենք խորհուրդ ենք տալիս չընտրել այդ ճանապարհը՝ չգնալ ու հանձնվել՝ հույս ունենալով, թե այնտեղ ավելի լավ կյանք է լինելու, կամ լիարժեք բուժում են ստանալու, դա ֆանտաստիկայի ժանրից է,-նշել է Նելլի Դավթյանը։- Գերմանացի գործընկերները բազմիցս զգուշացրել են՝ որպես հումանիտար օգնություն՝ դեպորտ չեն անում միայն նրանց, որոնք ճանապարհին կմահանան, այսինքն՝ եթե բժիշկները երաշխավորում են, որ մարդը կարող է ճանապարհ անցնել, կհասնի Հայաստան, ուղարկում են։ Այն անձանց, որոնք որևէ ՀԿ ծրագրից չեն կարողանում օգտվել, ունեն բժշկական խնդիրներ, Միգրացիոն ծառայությունն այդ դեպքերում միջնորդագրեր է գրում Առողջապահության նախարարություն, փորձում ենք անհատական ձևով ընթացք տալ, մինչև կունենանք ընդհանուր կատեգորիան ու կհասկանանք՝ ինչպես ենք վարվում»։