Առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՍՊ ընկերության տնօրենին

ՀՀ ՔԿ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում բացահայտվել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերի առերևույթ հափշտակություն կատարելու դեպքը: ՀՀ քկ լրատվական ծառայության տեղեկացմամբ, վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վայքի համայնքի մարզադաշտի շենքի վերանորոգման և համայնքային նշանակության այգու բարեկարգման աշխատանքներ կատարելու համար քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում «Մավշին» ՍՊ ընկերությունը ճանաչվել է հաղթող: Նշված աշխատանքների կատարման համար ՀՀ կառավարության որոշմամբ՝  ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանին հատկացվել է  120 000 000 դրամ սուբվենցիա:

Պարզվել է, որ 2016թ. մարտի 21-ից սեպտեմբերի 21-ը պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, ՍՊ-ի տնօրենը շինարարական աշխատանքների կատարման ընթացքում ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված աշխատանքներ մասնակի կատարելու և չիրականացված աշխատանքները կատարողական թերթերում ներառելով, պետության միջոցներից ավելի է ստացել ընդհանուր 4 055 498 4 դրամ գումարը` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՍՊ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով կալանք է դրվել վերջինիս պատկանող անշարժ և շարժական գույքի վրա:

Նախաքննությունը շարունակվում է: