Թիրախում հայ ընտանիքն է, մեր հասարակությունը, մեր պետությունը

Այո՛, եթե նկատի ունենանք, որ ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է

Իմ հարազատներին, ընկերներին, ծանոթներին, մի խոսքով, ամբողջ շրջապատին և ողջ հայությանը կոչ եմ անում այսուհետ անգամ մեկ լումա չփոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս հարկադիր քայլիս պատճառը փաշինյանական կադրերից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ֆեյսբուքյան գրառումն է:

Մինչ Բաթոյանի հիշյալ գրառմանն անդրադառնալը, ընդգծեմ` այնպես չէ, որ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» կեղծ, մոլորության մեջ գցող անվանումով ՀՀ օրենքը` Արևմուտքի ճնշման ներքո ընդունված 2018թ., զերծ է վտանգներից:

Թեև 2017թ. շրջանառության մեջ դրված «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ խայտառակ օրենքի նախագիծը վտանգը գիտակցող մի խումբ հայերի պայքարի արդյունքում մասնակի փոփոխության ենթարկվեց, մի քիչ մեղմվեց և անվանափոխվեց, սակայն դրա հիման վրա ընդունված ու ներկայումս գործող «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը նույնպես կարելի է բնութագրել որպես ընտանիքաքանդ, հեռանկարում, ընդ որում, ոչ հեռավոր ապագայում, Հայաստանում ամուսնալուծությունների քանակն ավելացնող, ամուսնությունների քանակն  ու ծնելիությունը նվազեցնող:

Վերոնշյալի հետևանքը լինելու է այն, որ առանց այն էլ ժողովրդագրական ծանր վիճակում գտնվող Հայաստանը տարիներ հետո հայտնվելու է ժողովրդագրական այն նույն աղետի մեջ, որում այժմ գտնվում է ծերացող Եվրոպան, դրա հետևանքը, ի վերջո, լինելու է մեր պետության կործանումը: Ընտանիքում և այլուր բռնությանը դեմ լինելով հանդերձ, նշենք, որ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքն իր մի շարք ձևակերպումներով, ըստ էության, մեր հասարակության, պետության հիմքերի տակ դրված դանդաղ գործողության ական է, ինչը 2017-2018 թթ. հիմնավորվել է տողերիս հեղինակի և այլոց բազմաթիվ հրապարակումներով: Չնայած դրան, առաջիկայում նույնպես անհրաժեշտաբար կանդրադառնանք նշված օրենքին ու խնդրին: Իսկ հիմա տեսնենք, թե իր ֆեյսբուքյան գրառմամբ հանրությանը մասնավորապես ինչ է հայտնել Զարուհի Բաթոյանը.

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունն այսօր կնքում են փոխըմբռնման հուշագիր, ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ցանցի զարգացման և մեթոդական աջակցության ապահովման վերաբերյալ։

Նախարարության համար կարևոր են ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերը, այդ ծրագրերի ծավալների մեծացումը և ոլորտում մասնագիտացված կազմակերպությունների հետ համագործակցությունը:

Կառավարության որոշմամբ արդեն հաստատվել են ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցության կարգը, ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները և չափորոշիչները։

Այս համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»‰ ՀՀ օրենքի կիրարկմանը, մասնավորապես օրենքով նախատեսված աջակցության կենտրոնների ցանցի և մասնագետների կարողությունների զարգացմանը։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Հայաստան»‰համահայկական հիմնադրամին և «Կանանց աջակցման կենտրոնի»‰այս կարևոր գործում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն աջակցելու և Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման և վերացման ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ անելու համար»։

Նախ ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը վերոնշյալ փոխըմբռնման հուշագրի կնքմամբ լծվում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ցանցի զարգացման և մեթոդական աջակցության ապահովման գործին, համենայն դեպս, առաջին քայլն է կատարում այդ ուղղությամբ, ինչը նշանակում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական միջոցները կարող են օգտագործվել նաև ի չարս, ինչը հասկանալու համար նախ պետք է ծանոթանալ վերոնշյալ օրենքի բովանդակությանը:

Մեկ այլ խնդիր է նաև, թե հայաստանյան իրականության մեջ մեթոդական աջակցության համար սովորաբար որքան գումարներ են շռայլվում:

Ինչպես հայտնել է Զարուհի Բաթոյանը, նախարարության համար կարևոր են ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերի ծավալների մեծացումը և ոլորտում մասնագիտացված կազմակերպությունների հետ համագործակցությունը: Բնականաբար, հարց է առաջանում` նախարարության համար ինչո՞ւ է կարևոր հիշյալ ծրագրերի ծավալների մեծացումը, ընտանիքում բռնության դեպքերն այդքան շա՞տ են Հայաստանում, դրանց ինչ-որ էական ա՞ճ գոյություն ունի… Ընդգծենք, որ Հայաստանում ընտանեկան բռնության կամ ընտանիքում բռնության դեպքերն այնքան քիչ են, որ անհամեմատելի են նույնաբնույթ օրենքներ, ինչպես նաև Ստամբուլյան կոնվենցիան վաղուց ընդունած եվրոպական որոշ երկրներում արձանագրված ընտանիքում բռնության դեպքերի թվաքանակի հետ:

Վերոնշյալից ելնելով, կարող ենք ենթադրել, որ Բաթոյանն ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերի ծավալների մեծացումը նախարարության համար կարևոր համարելով, այդ, ինչպես նաև կառավարության կողմից ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցության կարգի հաստատման մասին հրապարակավ հայտնելով, նպատակ ունի շահագրգռել սոցիալական ծանր վիճակում գտնվող կանանց, որպեսզի նրանց գոնե մի մասը հիշյալ ֆինանսական աջակցությունից օգտվելու նպատակով, իրենց վրա ամուսնու գոռալու պարագայում անգամ զանգահարեն «թեժ գծերի» հեռախոսահամարներով ու հայտնեն, թե ընտանիքում բռնության են ենթարկվել:

Այդպիսի զանգերից հետո արդեն դժվար չի լինի ամուսնու արարքը ձևակերպել իբրև հոգեբանական բռնություն (կնոջը դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառել), ինչը կապահովի ընտանիքում բռնության ենթարկվածների թվաքանակի արհեստական աճ մեր երկրում: Դա ոմանց անհրաժեշտ է ԱԺ-ում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը հիմնավորելու կամ դրանից հետո «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի, դրան առնչվող օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերի խստացմանը հասնելու համար, ինչը նախատեսված է Ստամբուլյան կոնվենցիայով:

Ինչ վերաբերվում է Բաթոյանի կողմից ղեկավարվող նախարարության կողմից ոլորտում մասնագիտացված կազմակերպությունների հետ համագործակցությունը կարևորելուն, ապա դեռ անտեղյակ ընթերցողներին տեղեկացնենք, որ Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցից մեծ գումարներ ստացած «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն և նրա ղեկավար Մարո Մաթոսյանը մեր երկրում տարիներ շարունակ հանդես են եկել և հետևողականորեն հանդես են գալիս միասեռականների և ուրիշ այլասերվածների «իրավունքների»  պաշտպանությամբ: Ահա թե որ կազմակերպությանն է ընտրել Զարուհի Բաթոյանի ղեկավարած նախարարությունը համագործակցության համար:

Բաթոյանը բացեիբաց հայտարարել է, որ վերոնշյալ «համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի կիրարկմանը», ինչով փաստվում է, որ այդ վտանգավոր, ընտանիքաքանդ օրենքի կիրարկումը գործողության մեջ է դրված ու գնալով խթանվում է: Հետևաբար սխալվում էին նրանք, ովքեր ժամանակին ասում էին, թե ոչինչ, թող այդ օրենքն ընդունվի, կարևորն այն է, որ մեր երկրում այն գործնականում չի կիրառվի: Կիրառվում է, այն էլ ինչպե՜ս…

Զարուհի Բաթոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում արդեն տեղեկացրել է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ աշխատելով՝ այսուհետև 911 թեժ գիծը կկարողանա ընդունել նաև ընտանեկան բռնության վերաբերյալ զանգեր, ուղղորդել և խորհրդատվություն տրամադրել ընտանեկան բռնության ենթարկված անձանց»:

Նախարարության, որոշ ՀԿ-ների «թեժ գծի» հեռախոսահամարները թեև քիչ չեն, բայց նրանցով ստացված զանգերը հավանաբար քիչ են եղել կամ համարվել, հետևաբար նախարարությունը որոշել է փրկարար ծառայության հեռախոսահամարն էլ է նույն գործին լծել, ախր կարևոր է, չէ, Հայաստանում հնարավորինս շատ ներկայացնել ընտանիքում բռնության դեպքերը, հայ տղամարդուն էլ` բռնարար ու բռնաբար…

Արթուր Հովհաննիսյան