Ասել, որ մարտի 1-ի տասը զոհերի համար Ռոբերտ Քոչարյանն է մեղավոր, դրանից ավելի մեծ անհեթեթություն հնարավոր չէ պատկերացնել (տեսանյութ)

Ոմանք համացանցում այն կարծիքն են արտահայտում, որ Քոչարյանի նկատմամբ անօրինականություևը տեղին է, արդարացված, եթե անգամ անգամ դատավորը կոպիտ կերպով ոտնահարել է մեղադրյալի իրավունքները:

Ըստ նրանց, եթե դատավորն անգամ ոտնահարել է Քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, ապա, միևնույն է, դա արդարացված է, տեղին է մի մարդու նկատմամբ, ով «Մարտի 1-ի գործով ոճրագործ է (ի դեպ, այստեղ արդեն միանգամից ու կոպտորեն խախտում են անմեղության կանխավարկածը), կաշառք է վերցրել: Այս գրառումները կատարում, մտքերն արտահայտում են, երբ դեռ ոչ միայն չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ ու դրանով  նշված մեղադրանքներն ապացուցված չեն, այլև նույնիսկ առաջին ատյանի դատարանում գործը նախաքննության փուլում է: Ուրեմն ի՞նչ՝ կեցցե՞ անօրինականությունը, կեցցե՞ անարխիան…

«Ոչ թե պարոն Քոչարյանի հետ կապված, այլ ընդհանուր բնույթի դատողություն անեմ,- պատասխանելով մեր հարցին, վերոնշյալի առնչությամբ ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը:- Երբ որ ասում են ինչ-որ մեկը ժամանակին ապօրինություն է արել, ուրեմն մենք էլ իրավունք ունենք իր դեմ ապօրինություն անել, դա նույն է, որ ինչ-որ մեկին մեղադրեն կաշառքի մեջ և ասեն՝ դե, եթե ինքը կաշառքի մեջ է մեղադրվում, ուրեմն կարելի է իրենից կաշառք վերցնել: Ավելի մեծ ապուշություն կարելի՞ է մտածել… Կամ՝ եթե այդ մարդը մեղադրվում է, ասենք, մարդ ծեծելու մեջ, ուրեմն որպես պատիժ իրեն կարելի է ծեծել… Ընդամենը մեղադրվում է, դեռ չենք ասում՝ մեղավո՞ր է, թե ոչ:

Կան որոշակի դոմինանտ գաղափարներ, որոնք ոչ թե առանձին անհատներ են արտահայտում, այլ որոշակի խմբեր, և այդ գաղափարներից մեկն այն է, որ «Մարտի 1»-ի գործով պարոն Քոչարյանը մեղավոր է և ինքը պետք է պատասխանատվության ենթարկվի, այդ թվում նաև՝ այդ զոհերի համար:

Նախ, դեռևս չպարզված, թե այդ զոհերից յուրաքանչյուրն ինչ պարագայում է սպանվել կամ ստացած ծանր մարմնական վնասվածքների արդյունքում մահացել: Չի՛ կարելի այդ մեղքը դնել կողմերից մեկի վրա, որովհետև դեռ պարզ չէ՝ որ կողմից է այդ մահացու գնդակն արձակվել: Հաստատ համոզված եղեք, որ այսօր որևէ ապացույց չկա այն մասին, որ այդ հրազենային վնասվածքները պատճառվել են անպայմանորեն կառավարական ուժերի կողմից արձակված կրակոցներից: Եվ կա շատ մեծ հավանականություն, առնվազն՝ ոչ պակաս հավանականություն, որ այդ կրակոցները եղել են այն մյուս կողմից:

Այդ մարդիկ «Մարտի 1»-ի ընդամենը թվերը եթե վերցնեն, ու եթե հնարավորություն ունեն թվերը վերլուծել, իրենց համար շատ բան կարող է պարզ դառնալ: 187 ոստիկան է մարմնական վնասվածք ստացել, այն էլ ինչ բնույթի մարմնական վնասվածքներ՝ այրվածքներ, բեկորային վնասվածքներ, և ընդամենը՝ 32 քաղաքացիական անձ: Սա ինչի՞ մասին է խոսում… Ընդ որում, ոստիկանները բոլորը հատուկ հանդերձանքով են եղել, այսինքն՝ սաղավարտով, վահանով, ոտքերը պաշտպանող վահանակներով, զրահաբաճկոնով, և այդ պայմաններում 187 ոստիկան ստացել է մարմնական վնասվածքներ, և ընդամենը՝ 32 քաղաքացիական անձ: Այսինքն՝ այստեղ երբ որ խոսում են ուժի ինչ-որ անհամաչափ կիրառման մասին, խոսողն այդ թվերը տեսե՞լ է, որ խոսում է… Ասողն, ի՞նչ է, իրոք հավատո՞ւմ է, որ կառավարությունը կամ իշխանություններն անհամաչափ մեծ ուժ են գործադրել, և արդյունքում 32 քաղաքացիական անձ է վնասվածք ստացել և 187 ոստիկա՞ն… Սովորաբար եթե անհամաչափ ուժ է կիրառվում, հակառակն է լինում: Նույնիսկ եթե 32 ոստիկան վնասվածք ստանային, 187 քաղաքացիական անձ՝ էլի դժվար էր ասել, որ անհամաչափ ուժ է կիրառվել, բայց այստեղ պատկերացրեք՝ 187 ոստիկան:

Դուք այդ կադրերը տեսել եք, որ ոստիկաններն ուղղակի շղթա են կազմել, որ մարդկանց առաջխաղացումը դեպի Լեոյի փողոց կասեցնեն, ոչ մի ագրեսիվ գործողություն չեն ձեռնարկում, ուղղակի շղթա են կազմել, վահանները դեմ են տվել, որ կազմակերպիչներն այդ անկարգություններն ամբողջ քաղաքով մեկ չտարածեն, և դուք տեսնում եք, որ ոստիկանների վրա «Մոլոտովի կոկտեյլներ» են նետում, այնտեղ հրդեհ է սկսվում հենց ոստիկանների շարքերի մեջ: Ի՞նչ է՝ այդ ոստիկանները մայր ու հայր չունե՞ն, ինչ-որ մեկի երեխաները չե՞ն… Այսինքն՝ պետությունը չպե՞տք է այդ ոստիկանների մասին մտածեր, պետությունն, ի՞նչ է, պետք է թույլ տար՝ այդ ոստիկանների հետ, ինչպես ուզում էին, վարվեի՞ն…»:

Ոստիկանները, Հայկ Ալումյանի հավաստմամբ, առանց ինչ-որ վերին ցուցումի, միանշանակ իրավունք ունեին ուժ գործադրելու, եթե իրենց նկատմամբ կար ոտնձգություն: Պարոն Քոչարյանի պաշտպանական խումբը 60 գործով դատավճիռներ է ներկայացրել դատարան, բոլորն ուժի մեջ մտած դատավճիռներ (միայն Սաղաթելյանինն է վերջերս բեկանվել, բայց մնացածը հո ուժի մեջ են): Դրանցում այդ ամենը, այդ վայրագ դեպքերը նկարագրված են, ու շատ հստակ երևում է, թե դրանք ինչպես են եղել: Մարդկանց մոտ, որոնց մեծ մասն այդտեղ եղել է, որպեսզի զուտ խաղաղ ձևով իր դժգոհությունն արտահայտի, ատելություն են սկսել առաջացնել ոստիկանության և, առհասարակ, իշխանության նկատմամբ: Իսկ ինչպե՞ս են ատելություն առաջացրել:

«Այն մի դրվագը պետք է բավարար լինի. այդ մարդկանց մեջ լուրեր են տարածվել, որ իբրև թե առավոտյան շուտ ոստիկաններն Օպերայի մոտ 5 տարեկան երեխայի են սպանել,- ասաց Հայկ Ալումյանը:- Այդ լուրերն են գցել ժողովրդի մեջ, հետո էլ մի կին սկսել է թափահարել աղբարկղից գտած երեխայի մի կոշիկ (հավաքվածները հո չգիտե՞ն, որ աղբարկղից է հանել), թե բա՝ սա այդ սպանված երեխայի կոշիկն է: Հետո էլ մոմավառություն են կազմակերպել՝ ի հիշատակ այդ զոհված երեխայի: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչպես են լարել մարդկանց, որոնք եկել էին այդտեղ՝ ընդամենը խաղաղ ձևով իրենց վրդովմունքը, կարծիքը, իշխանությունից իրենց դժգոհությունն արտահայտելու, ինչպես են լարել մարդկանց ոստիկանների, իշխանությունների դեմ: Եվ այդ պայմաններում ամենաինտելիգենտ, ամենահավասարակշռված մարդը, որ գալիս էր այդտեղ, այդ մարդկանց մեջ հայտնվում, եթե այդ բաները լսեր, ուղղակի կարող էր այդ պահին դառնալ ոչ ադեկվատ ու սկսել հարձակվել ամեն մի ոստիկանի վրա, ում տեսներ:

Այդ կազմակերպիչները շատ նուրբ լարերի վրա են խաղացել մարդկանց, ու մարդկանց դարձրել այդ աստիճանի ագրեսիվ: Ու հետո արդեն այդ կադրերը տեսել եք, տեսել եք ցերեկն ինչպես են ոստիկանական մեքենան կանգնեցնում, ոստիկաններին հանում, դուք գիտեք, որ այդ ոստիկանին ուզում էին դանակահարել, Ազգային ժողովի պատգամավորն է փորձել կանխել, իրեն են դանակահարել՝ Արմեն Մարտիրոսյանին, դուք այդ ամեն ինչը գիտեք, և այս պայմաններում ասել, որ «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանն է մեղավոր, և այդ տասը զոհերի սպանության համար ինքն է մեղավոր, ինքն է հրաման տվել, դրանից ավելի մեծ անհեթեթություն հնարավոր չէ պատկերացնել: Եթե հենց հիմա այս թավշյա, ժողովրդավար, բոլոր տեսակետներից հիանալի իշխանությունների պայմաններում մեկն այնտեղ մարդիկ հավաքի, հենց նույն հատվածում (ի՞նչ է՝ դժգոհներ չկա՞ն…), փակեն փողոցը և այդտեղ սկսեն ոստիկանների վրա հարձակվել, հենց միայն այդքանն անեն, այս իշխանությունները հրաման չե՞ն տա՝ տարածքն ազատել…»:

Իհարկե, կտան, ու, համոզված ենք, նույնիսկ ավելի խիստ ու դաժան կվարվեն: Ըստ պաշտպանի, աշխարհում չկա իշխանություն, որն այդ ամենը կարող է հանդուրժել:

Արթուր Հովհաննիսյան