Ռուսաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում կմնա՞, թե ոչ, կորոշվի վաղը

Ռուսաստանի պատվիրակությունը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հետագա աշխատանքի վերաբերյալ որոշում կընդունի հունիսի 26-ին օրվա երկրորդ կեսին լիազորությունների մասին հարցի քննարկումից հետո: «Ինտերֆաքսի» տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը:

Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի և այլ երկրներից մի խումբ պատգամավորներ վիճարկել են Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները: «Դա ձևական ընթացակարգ է, բայց մենք կհետևենք, թե ինչպես կզարգանա աշխատանքն այն հանձնաժողովում, ուր ուղարկվել են (ՌԴ-ի հակառակորդների) փաստարկները, և այնուհետև կտեսնենք, թե ինչպիսին կլինի որոշումը. այն կընդունվի վաղն օրվա երկրորդ կեսին»,- ասել է Տոլստոյը։

Պատվիրակության ղեկավարը նշել է, որ վաղվա որոշումով է պայմանավորված, թե Ռուսաստանի պատվիրակությունը կմնա՞ այնուհետև ԵԽԽՎ-ում, թե՝ ոչ։ «Ռուսաստանցիները պատրաստ էին նրան, որ պատվիրակության լիազորությունները կվիճարկվեն»,- ասել է Պ․ Տոլստոյը։