«Կիլիկիա» պարային համույթը Պրահայի Սուրբ Վացլավի հրապարակում (տեսանյութ)

Պրահայի Սուրբ Վացլավի հրապարակում կայացած «Ազգերի սիրտ Պրահա» փառատոնին մայիսի 31-ին հնչել է հայկական զուռնան:  «Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, Պրահայի «Ուրարտու» հայ-չեխական միությունից  հայտնել են, որ փառատոնին մասնակցել են Հայաստանի, Հունգարիայի, Սլովակիայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Աֆրիկայի Սերբիայի, Ուկրաինայի, Վիետնամի, Մոնղոլիայի, Ռուսաստանի, Մեքսիկայի, Ռումինիայի, Իռլանդիայի, Իսպանիայի, Բելոռուսի, Չեխիայի գեղարվեստական համույթներ և անհատ կատարողներ:

Այս տարի փառատոնին մասնակցել է նաև Հայաստանը ներկայացնող Չեխիայի Հայ Երիտասարդական Միության «Կիլիկիա» պարային համույթը: Հայկական զուռնայի հնչեղ ձայնը լցրել է հրապարակը. հայկական «Յարխուշտան», Կոմիտասի «Շորորն» ու Քոչարին ընդունվել են հանդիսատեսի բուռն ծափահարություններով:

Փառատոնի երկրորդ փուլի արդյունքներով, հայկական համույթն ընդգրկվել է լավագույնների մեջ և հրավիրվել  մասնակցելու Պրահայի Վինոհրադի թատրոնի մեծ բեմում հունիսի 1-ին անցկացվող գալահամերգին:

Չեխիայի Հայ Երիտասարդական Միության «Կիլիկիա» պարային համույթն ընդամենը 1 տարվա պատմություն ունի և առաջին անգամ էր մասնակցում միջազգային փառատոնի և ելույթ ունենում նման մեծ բեմում։

Խմբի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Սարգսյանի գլխավորությամբ, համույթի երիտասարդ մասնակիցները կատարել են հայկական «Բերդ» պարը: Ելույթն այնքան տպավորիչ է եղել, որ հանդիսատեսը հայկական ռիթմերի ներքո ծափերով ուղեկցել է ամբողջ ելույթը:

Չեխիայի Հայ Երիտասարդական Միության «Կիլիկիա» պարային համույթն ընդգրկվել է որպես «Ազգերի սիրտ Պրահա» միջազգային 21-րդ ամենամյա փառատոնի պատվավոր անդամ և պարգևատրվել ոսկե դիպլոմով: