Հանելուկային կինը քանդում է Ավստրիայի իշխող կոալիցիան

Գերմանական «Spiegel» պարբերականը վերջերս տեսանյութ է հրապարակել այն մասին, որ Ավստրիայի փոխկանցլեր Հայնց-Քրիստիան Շտրախեն և իր կուսակից Յոհան Գուդենուսը դեռ 2017 թ. օգոստոսին իսպանական Իբիցա կղզում հանդիպում են ունեցել մի ռուս կնոջ հետ, որը ներկայացել է որպես ռուս օլիգարխ Իգոր Մակարովի զարմուհի: Հանդիպման առանցքային թեմաներն եղել են նշված անձանց կողմից ղեկավարվող Ավստրիայի «Ազատության կուսակցությանը» գալիք ընտրությունների ժամանակ աջակցություն ցուցաբերելու հարցը, փոխարենը ստանալով պարզեցված մասնակցության հնարավորություն Ավստրիայի պետական կոնտրակտների ձեռքբերման մեջ, ավստրիական «Kronen Zeitung» օրաթերթի հսկիչ փաթեթի ձեռքբերումը, ինչպես նաև մի շարք այլ հարցեր:

Այս սկանդալային տեսանյութը բազմաթիվ հարցեր է ծնում, որոնց պատասխանները չկան ու կարծես թե որևէ մեկը չի էլ պատրաստվում բացատրություններ գտնել:

Ինչո՞ւ տեսանյութի որևէ կադրում չի երևում հանելուկային կնոջ դեմքը: Ինչո՞ւ տեսանյութը հրապարակվեց Եվրոխորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Ինչու՞ տեսանյութի հրապարակման օրը համընկնում է Միլանում կայացած եվրոհոռետես ուժերի հավաքի օրվան: Ինչու՞ հենց ինքը՝ Շտրախեն, մերթընդմերթ կամ հրաժարվում է ընդունել այդ չարաբաստիկ հանդիպման փաստը, կամ ընդունում է դա ու նշում, որ այդ կինը Լատվիայի քաղաքացի է եղել: Ինչու՞ որևէ մեկը ուշադրություն չի դարձնում այն բանի վրա, որ ռուս օլիգարխ Մակարովը հերքում է նման զարմուհու գոյությունը: Ինչո՞ւ, ինչո՞ւ և էլի ինչու…Եվ, վերջապես, հայտնի չէ, թե անցած շուրջ երկու տարիների ընթացքում արդյոք կայացե՞լ են հանդիպման ընթացքում քննարկված գործարքները: Եթե այո, ապա ինչու՞ այդ մասին որևէ տեղ չի հիշատակվում, իսկ եթե ոչ, ապա ինչո՞ւ դա չի առաջացրել ավստրիական կողմի տարակուսանքն ու մտահոգությունները:

Մի բան է պարզ՝ այդ հանելուկային կինն իմացել է տեղադրված տեսախցիկի ու ձայնագրության մասին: Ասել է, թե սա պարզագույն, բայց նաև շատ հմուտ իրականացված սադրանք է: Իսկ ավստրիացի ընկերներն ընդամենը գտնվել են ամառային հանգստի գոտում և, բնական է, կորցրած են եղել քաղաքական զգոնությունն ու կուլ են տվել ֆինանսական ու բարոյական աջակցության խայծը:

Իսկ սկանդալի արդյունքում կա այն, ինչը հավանաբար հետապնդվում էր հանդիպման սադրիչների կողմից, այն է՝ Շտրախեն հրաժարական տվեց, Ավստրիայի կանցլերը հայտարարեց խորհրդարանական կոալիցիան ցրելու և աշնանը կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, և, որն այս պահին միգուցե ամենակարևորն է, կտրուկ նվազեց Ավստրիայի «Ազատության կուսակցության» ‰ վարկանիշը Եվրոխորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Ընդ որում, հաշվի առնելով ավստրիական այս կուսակցության ղեկավարության ջերմ հարաբերությունները Ռուսաստանի հետ (մասնավորապես՝ «Եդինայա Ռոսիա» ‰ կուսակցության) այս սկանդալային միջադեպը այժմ և ապագայում նոր հնարավորություններ է տալիս արևմտյան երկրների ընտրությունների մեջ ռուսական միջամտության մասին տարաբնույթ խոսակցությունների ու մեղադրանքների համար:

Մի փոքրիկ նկատառում ևս. Հայնց-Քրիստիան Շտրախեն հայտնի էր իր հակասեմիտական հայացքներով ու հակասեմիտական տարբեր կազմակերպություններին և ակցիաներին իր երբեմնի մասնակցությամբ: Ի դեպ, Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը կասկած է հայտնել, որ այս սադրանքի թիկունքում կանգնած է ազգությամբ հրեա քաղտեխնոլոգ ոմն Թալ Զիլբերշտեյնը, ով հայտնի է Էհուդ Բարաքի, Յուլիա Տիմոշենկոյի և այլ պետական ու քաղաքական գործիչների հետ իր մտերիմ հարաբերություններով:

 

Լևոն Անդրիասյան