Իրանը ևս մեկ անգամ աշխարհին հիշեցրեց ԱՄՆ-ից և սիոնիստներից ինքնապաշտպանվելու օրինական իրավունքի մասին

Մայիսի 20-ը դարձավ իրանա-ամերիկյան հարաբերությունների զարգացման ևս մեկ սկզբնակետ։ Այդ օրը, ինչպես հայտնում է Tehran Times թերթը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում կրոնական գործիչների և հոգևորականների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի լինելու․ «ՄԱԿ-ի գրասենյակ իմ անցյալ տարվա այցի ընթացքում աշխարհի հինգ հայտնի առաջնորդներ, որպես միջնորդ, հանդես եկան ԱՄՆ նախագահի հետ բանակցություններում։ Դրանից մեկ տարի առաջ ԱՄՆ պետդեպարտամենտը 8 անգամ խնդրել էր բանականցություններ սկսել։ Սակայն այժմյան իրավիճակը հարմար չէ բանակցությունների համար։ Այսօր մենք զինված դիմադրության իրավունք ունենք»,- հանդիպման ժամանակ նշել է նա՝ հավելելով, որ ամբողջ բնակչությունը և պաշտոնյաները համակարծիք են՝ անհրաժեշտ է դիմակայել ԱՄՆ կողմից ճնշմանը։

Նույն օրը Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը բացառիկ հարցազրույց տվեց CNN ամերիկյան հեռուստաալիքին՝ հայտարարելով, որ իր երկիրը բանակցություններ չի վարելու Դոնալդ Թրամփի հետ, եթե ԱՄՆ-ը վիճարկվող միջուկային պայմանագրի (Համատեղ Համապարփակ Գործողությունների Նախագծի (JCPOA) 2015թ․) շրջանակներում չկատարի իր պարտավորությունները։  Զարիֆը նախազգուշացրեց, որ ԱՄՆ-ը, ամրապնդելով իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում, «բավականին վտանգավոր խաղ է խաղում», և քննադատեց Միացյալ Նահանգներին այն բանի համար, որ այդ  պետությունը Պարսից Ծոց է ուղարկել «USS Abraham Lincoln» ավիակրի միջոցով գրոհող և ռմբակոծիչների հատուկ խմբեր։ «Այս ամբողջ զինվորական սպառազինության առկայությունը փոքր տարածքում հղի է վտանգներով,- հայտարարեց Զարիֆը։ – Հարկավոր է ծայրաստիճան զգույշ լինել»։

Մայիսի 21-ին ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին և ՄԱԿ Անվտանգության խորհրդին ուղղված նամակում ԱՄՆ-ում Իրանի լիազոր ներկայացուցիչ Մաջիթ Թահթ-Ռավանչին նշել էր․ «Իրանը երբեք չի ընտրի պատերազմը որպես արտաքին քաղաքականության տարբերակ կամ ռազմավարություն։ Բայց եթե մեզ պատերազմ պարտադրվի, Իրանը կկիրառի ինքնապաշտպանության իր իրավունքը՝  իր ազգի և շահերի պաշտպանության նպատակով»։ Նա  նաև զգուշացրել է ՄԱԿ-ին․ «Երբ տարածաշրջանը գտնվում է քաոսային վիճակում և ապագան անորոշ է, միջազգային հանրությունը և մասնավորապես ՄԱԿ-ը չեն կարող և չպետք է անմասն մնան ընթացիկ վիճակի արմատական փոփոխության գործից։ Եթե այդ խնդիրները մանրակրկիտ չուսումնասիրվեն, ցանկացած հնարավոր ընդհարում շուտով տարածաշրջանային մակարդակից կանցնի համաշխարհայինի և, անկասկած, միջազգային խաղաղության ու անվտանգության համար կունենա ամենալուրջ հետևանքները»։

Այսպիսով, Թեհրանը տեղեկացրեց ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ ամբողջ միջազգային հանրությանն այն մասին, որ պատրաստ է միջազգային չափորոշիչներով սահմանված իր օրինական իրավունքների շրջանակներում պաշտպանվել Վաշինգտոնի և ԱՄՆ դաշնակիցների կողմից հնարավոր ագրեսիայից։ Ես պնդում եմ, որ Ռոհանիի, Ջավադ Զարիֆի և Թահթ-Ռավանչիի խոսքերը Իսլամական հեղափոխության Գերագույն ղեկավար և Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Հոսեյնին Խամենեիի որոշումների հանրագումարն է։

Ռուսաստանն արդեն արձագանքել է իրավիճակի հերթական փոփոխությանը։ Մայիսի 21-ին, ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Իրանում ՌԴ դեսպան Լևան Ջաղարյանը Ռեշտում հայտարարեց, որ, չնայած Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցներին, Ռուսաստանը շարունակելու է սատարել այդ երկրին՝ ավելացնելով, որ Մոսկվան շարունակելու է Թեհրանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը։ «Ռուսաստանն անկախ պետություն է, որը  Իրանի հետ համագործակցելու համար ԱՄՆ-ից թույլատվություն չպետք է հարցնի»,- ընդգծել է Ջաղարյանը։

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ մայիսի 22-ին Դուշանբեում ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների Խորհրդի նիստին Ռուսաստանի արտաքին  հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինն իրավիճակի լարվածության համար մեղադրել է ԱՄՆ-ին․ «Իրավիճակը զարգանում է շատ մտահոգիչ սցենարով։ Պատճառները պարզ են բոլորի համար՝ այսպես կոչված իրանական միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառով։ Այն դեպքում, երբ Իրանն ամբողջությամբ կատարում է այդ գործարքով իր պարտականությունները, ԱՄՆ-ի կողմից իրավիճակը սրելը, իհարկե, վտանգավոր է դառնում։  Կարևոր է, որպեսզի կողմերը զսպեն իրենց հույզերն ու պոռթկումները։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի այդպիսի իրավիճակում առանձին քաղաքական առաջնորդների հուզականությունը գերակշռի առողջ բանականությանը, եղածի սթափ վերլուծության անհրաժեշտություն կա, թե ինչպիսի վտանգավոր ընթացք կարող է ստանալ իրավիճակը՝ հապճեպ որոշումների ընդունման դեպքում»։

Սերգեյ Շաքարյանց