ՄԱԿ-ը և ԱԻՆ-ը հումանիտար առաքելության կրողներ են. Ֆելիքս Ցոլակյան

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին: ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, հանդիպման նպատակն էր քննարկել ՄԱԿ-ՀՀ կառավարություն համագործակցությունը:

2015թ. հուլիսին ՀՀ վարչապետի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի կողմից ստորագրվել է «Հայաստան-ՄԱԿ զարգացման աջակցության շրջանակ 2016-2020թթ.» ծրագիրը, որն իր մեջ ներառում է կազմակերպության հետ համագործակցության հիմնական ուղղությունները:

2016-2020թթ. շրջանակային փաստաթուղթը հանդիսանում է Հայաստանի և ՄԱԿ-ի միջև հինգ տարիների համար համագործակցության ուղեցույց, որի հիմքում ընկած են հինգ ծրագրային սկզբունքները՝ մարդու իրավունքների պաշտպանություն, կանանց և տղամարդկանց հավասարություն, շրջակա միջավայրի կայունություն, արդյունքներին միտված կառավարում և կարողությունների զարգացում:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորել է ՀՀ կառավարության հետ կնքված ծրագրի կատարումը և ՄԱԿ-ի հետ ԱԻՆ համագործակցության ընդլայնումը:

Նախարարը ՄԱԿ-ի մշտական համակարգողին ներկայացրել է ԱԻՆ ոլորտին վերաբերող օրենսդրական և կառուցվածքային փոփոխությունները, որոնց նպատակն է աղետների կանխարգելումը վերածել առաջնային խնդրի:

Ըստ Ֆելիքս Ցոլակյանի՝ աղետների հետևանքների վերացմանը, հարկ եղած դեպքում, մասնակցում են բոլորը, իսկ կանխարգելումը բացառապես ԱԻՆ գործառույթն է: Հետևաբար, հարկ է առավել մասնագիտանալ և խորացնել գիտելիքներն այս ոլորտում:

Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկա փոփոխությունների արդյունքում կուժեղանա նաև ԱԻՆ կարգավորիչ դերը:

Ֆելիքս Ցոլակյանը նաև խոսել է ոլորտում առկա խնդիրների մասին, մասնավորապես՝ հիշատակելով ռադիոակտիվ թափոնների խնդիրը, շեշտելով, որ այս հարցում միջազգային, առաջին հերթին, ՄԱԿ-ի օժանդակությունը առավել քան հրատապ է:

Քննարկման առարկա են դարձել նաև անտառներում և բարձրահարկ շենքերում հրդեհների կանխարգելմանն ուղղված միջազգային օժանդակության հարցերը:

Շոմբի Շարփը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, նշել է, որ ՄԱԿ-ը պատրաստակամ է օժանդակել Հայաստանին միգրացիոն հոսքերի կառավարման, աղետների հետևանքով առաջացող խնդիրների լուծման գործում:

Այս առումով նա կարևորել է ՀՀ կառավարության հետ օրենսդրական աշխատանքների իրականացումը: Շոմբի Շարփը տեղեկացրել է, որ մասնակցել է Սպիտակի երկրաշարժի 30-ամյակին նվիրված INSARAG-ի վարժանքին և չափազանց տպավորված է:

Ի դեպ, ՄԱԿ-ի մշտական համակարգողը գոհունակություն է հայտնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների համար ԱԻՆ մասնագետների անցկացրած վերապատրաստման դասընթացների կապակցությամբ:

Շոմբի Շարփը, ռազմավարական համարելով ՄԱԿ-ԱԻՆ համագործակցությունը, խոստացել է նպաստել միջազգային բոլոր կառույցների հետ գերատեսչության կապերի սերտացմանը:

Հանդիպման վերջում նախարար Ցոլակյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ն ու ԱԻՆ-ն ունեն սկզբունքային ընդհանրություններ փրկարարության, տոկունության և հումանիտար առաքելության նպատակադրումով: