Վարչապետը պետք է ոչ թե գուրու լինի, այլ քաղաքական լուրջ գործիչ կամ՝ Աղքատությունը հնարավոր է նաև խաղատներում ատել

Օրերս ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց կառավարության կողմից տարբեր հարթակներից բարձրաձայնած տնտեսական հեղափոխության ընդհանուր գաղափարախոսությունը, որի հիմքում, ըստ վարչապետի, պետք է լինի տնտեսության ոլորտներում բարձր տեխնոլոգիաների ներդրումը։

«Մենք հայտարարել ենք, որ ՀՀ տնտեսության տեսլականը հետևյալն է. Հայաստանը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական երկրի, և տեխնոլոգիաները պետք է դառնան Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Այս մասին նա սկսել է խոսել քայլականի ուսապարկը վարչապետի աթոռով փոխարինելուց հետո՝ թե Հայաստանում, թե արտասահմանյան իր այցերի ժամանակ պարբերաբար խոսելով Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու անհրաժեշտության մասին։  Իսկ հետո էլ, երբ կառավարությունը ներկայացրեց իր վերացական ծրագիրը, դրանում արդեն տնտեսական բլոկում կարմիր գծի նման անցնում էր այդ ոլորտում ևս հեղափոխություն անելու նախաձեռնության գաղափարը։ Մի կողմ թողնենք այն, որ քաղաքական դաշտում հեղափոխության իրողությունը խիստ վիճարկելի է և դեռ հարց է՝ հեղափոխությո՞ւն էր տեղի ունեցածը, թե չհեղափոխություն և անդրադառնանք տնտեսական ոլորտում նորամուծություններ անելու՝ վարչապետի բուռն ցանկությանը։

Նախ՝ մեր համոզմամբ երկիրը բարձր տեխնոլոգիական տնտեսությամբ «վերազինելու» համար նախևառաջ պետք է մտածել արդյունաբերություն ստեղծելու, զարգացնելու մասին, որից հետո նոր կարելի է առաջ տանել արդյունաբերության և տնտեսության այլ ոլորտներում բարձր տեխնոլոգիաների ներդրման տեսությունը։ Թավշյա հեղափոխություն կոչվածից մեկ տարի անց Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ ստեղծելը դեռևս հրատապ թեմա է, և այդ ուղղությամբ որևէ գործուն քայլ չի արվել։ Նույնը նաև տնտեսության այլ ոլորտներում՝ առանձնապես զարգացումներ չեն եղել, իսկ տնտեսության զարգացման ցուցանիշներում անկում է գրանցվել։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տարվա հունվարի դրությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը 111,6 տոկոս է եղել, այնինչ այս տարվա հունվարին այդ ցուցանիշը նվազել է մինչև 105,5 տոկոսի։

Արտաքին խոշոր ներդրումների մասին խոստումները նույնպես դեռևս մնացել են անկատար։ Ավելին, Հայաստանը դեռ հեռու է ներդրումային գրավիչ երկիր լինելու համար, ինչը փաստում են մասնագետները։ Մասնավորապես, Գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը մեզ հետ զրույցի ժամանակ անդրադառնալով վերջին տարիներին երկրում տեղի ունեցած ներդրումային քաղաքականությանը, նշեց, որ թե օրենսդրական դաշտով, թե տնտեսական առկա պայմաններով, թե բարոյահոգեբանական մթնոլորտով, թե դատաիրավական համակարգով Հայաստանը գրավիչ չէ օտարերկրյա տնտեսվարողների համար։

Գագիկ Մակարյանը երկար տարիներ ուսումնասիրելով ոլորտը և դրանում առկա խնդիրները, արձանագրել է, որ թեև մեր երկիրը ներդրումային մեծ ներուժ ունի, սակայն մեզանում տեղի ունեցող գործընթացները խանգարում են օտարներին, որպեսզի նրանք այստեղ մեծ գումարներ բերելով, տնտեսական գործունեություն ծավալեն։ Խնդիրները շատ են, բայց այսօր էլ պետական կառավարման համակարգում իրավասու կառույցների կողմից այդ խնդիրներն անտեսվում են, չեն վերլուծվում և դրանք լուծելու ուղղությամբ արդյունավետ քայլեր չեն արվում։ Օրինակ, օտարերկրյա ներդրումների շահերի պաշտպանության արբիտրաժային ինստիտուտ մեզանում գոյություն չունի, և եթե այստեղ ոտնահարվում են օտար ներդրողների իրավունքները, նրանք ստիպված են լինում դիմել իրենց երկրի համապատասխան ատյաններին։

Օտարերկրացի ներդրողներին նաև խրտնեցնում է անկայուն, պարբերաբար փոփոխվող հարկային օրենսգիրքը, որը կայուն բիզնեսի հստակ երաշխիքներ չի տալիս։ Հայաստանում հարկային քաղաքականությունն անկանխատեսելի է՝ չհաշված հարկային բեռի մեծությունը։

Տնտեսագետի հավաստմամբ, Հայաստանն այսօրվա դրությամբ մրցունակ չէ նաև իր աշխատուժով՝ որակյալ, առողջ, բարձր արտադրողականությամբ և մասնագիտական ներուժով օժտված կադրերով, հետևաբար օտար ներդրողը որևէ ձևով շահագրգռված չէ իր գումարները Հայաստան բերելու հարցում, քանի դեռ այս կոշտուկները չեն բուժվել։

Տնտեսական հեղափոխության մյուս բաղադրիչը, Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ, բարձր աշխատավարձերն են։ «ՀՀ կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն, և դրա կարևորագույն գործիքներից մեկը ՀՀ հարկային օրենսգրքում համահարթ եկամտային հարկի սահմանումն է՝ նախապայմանով, որ եկամտային հարկն առաջիկա տարիներին պետք է նվազի՝ հասնելով 20% համահարթ եկամտահարկի»,- հայտարարել է վարչապետը հանդիպման ժամանակ:

Հիմա դիտարկենք, թե որքանո՞վ է եկամտային հարկի համահարթեցումը նպաստելու աշխատավարձերի բարձրացմանը։ Որոշ տնտեսագետներ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելուց հետո, որով առաջարկվում է եկամտային հարկի համահարթեցման տարբերակը, նշեցին, որ եկամտային հարկի համահարթեցումն իրականում աշխատավարձերի հարկման անարդարացի գործիք է, որն ավելի կմեծացնի աղքատների կամ ցածր աշխատավարձ ստացողների և ունևորների կամ բարձր աշխատավարձ ստացողների միջև անհավասարությունը։

Բանն այն է, որ եկամտային հարկի համահարթեցմամբ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար գործող 23 տոկոս հարկը պահպանվելու է, մինչդեռ 150 հազար դրամից մինչև 2 մլն դրամ աշխատավարձ ստացողների համար 28 տոկոս եկամտային հարկը կնվազի մինչև 23 տոկոսի, 2 մլն դրամից ավելի աշխատավարձի համար սահմանված 36 տոկոս եկամտային հարկը նույնպես կնվազեցվի մինչև 23 տոկոս։ Ավելորդ է ասել, որ համահարթեցման այս տարբերակից օգտվելու են միայն բարձր աշխատավարձ ստացողները, իսկ ցածր աշխատավարձի հույսով ապրողները շարունակելու են վճարել այնքան եկամտային հարկ, որքան վճարել են, հետևաբար նրանց աշխատավարձերում դրական փոփոխություն չի լինի։ Այս մեխանիզմով նախատեսվում է, որ մինչև 2023 թվականը եկամտային հարկը կնվազեցվի մինչև 20 տոկոս, և այս դեպքում ևս ցածր աշխատավարձ ստացողները ոչ շահեկան վիճակում կհայտնվեն՝ հաշվի առնելով, որ նրանց հարկային բեռն ընդամենը 3 տոկոսով կնվազի։

Ի դեպ, որպես հարկային օրենսգրքի փոփոխությունների ակնկալվող արդյունք, Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է աղքատության կրճատումը։ Բայց մաթեմատիկական մեծ ունակություններ պետք չեն հասկանալու համար, որ համահարթեցման մեխանիզմը գործարկելու դեպքում ոչ թե աղքատությունը կկրճատվի, այլ ավելի կմեծանա ունևորների և չունևորների միջև բևեռացումը։

Ցածր աշխատավարձ ստացողների տնօրինվող եկամուտն անուղղակի կերպով կփոքրանա, հաշվի առնելով հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով առաջարկվող ակցիզային հարկի դրույքաչափերի և մաքսատուրքերի սպասվող բարձրացման արդյունքում գնաճային ճնշումը, իսկ բարձր աշխատավարձ ստացողների տնօրինվող եկամուտներն ուղղակիորեն կբարձրանան։ Սոցիալական առումով դա կհանգեցնի աղքատության խորացմանը։

Աշխարհում սովորաբար կիրառվում է վերաբաշխման սկզբունքը, և պետությունը ներկայանում է համահարթեցնողի դերում՝ հօգուտ աղքատների։ Այսինքն՝ պետությունը հարուստներին ավելի շատ է հարկում, որ հարուստների և աղքատների միջև եղած անդունդը ավելի չխորանա և քիչ թե շատ պահպանվի սոցիալական արդարությունը։ Մինչև օրս Հայաստանը նույնպեա այդ սկզբունքով է առաջնորդվում՝ կիրառելով եկամտային հարկի պրոգրեսիվ համակարգը։

Մեզ համար անհասկանալի է այն տրամաբանությունը, որի համաձայն ներկայիս կառավարությունը փորձելու է եկամտային հարկի համահարթ համակարգով ավելացնել ցածր ու ցածրից քիչ բարձր աշխատավարձ ստացողների եկամուտները։

Գուցե այդ տարբերակով կառավարությունը փորձում է պայքարել մարդկանց ուղեղներում երկար տարիներ բնավորված՝ ցածր աշխատավարձերով մի կերպ գոյությունը պահպանելու, աղքատ լինելու հոգեբանության դեմ, ինչի մասին պարբերաբար հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ աղքատությունը մարդկանց ուղեղում է, ատենք աղքատությունը, աղքատությունը դարձնենք մեր ատելության թիրախ՝ մարտահրավերներն օրակարգային դարձնելով։ Չէ՞ որ եթե բարձր աշխատավարձ ստացողները արտոնյալ վիճակում են հայտնվելու, ապա բոլորը կձգտեն բարձր աշխատավարձով աշխատանք ունենալ։ Սա, իհարկե, կատակ է, բայց ի վերջո վարչապետի վերաբերմունքն էլ աղքատությանն ու դրա հաղթահարման հնարավորություններին պակաս զավեշտալի չէ։ Այդպիսի հայտարարություններ կարող են անել թերևս հոգևոր կրթության ռաբիները, հոգևոր առաջնորդները, որոնք բարոյահոգեբանական ուսմունքի կողմնակիցներ են և որևէ պատասխանատվություն չեն կրում պետության կայացման, հասարակության կառավարման, բարեկեցության համար և զբաղվում են կյանքի փիլիսոփայությամբ ու այդ փիլիսոփայության քարոզով։ Հեղափոխության հրապարակում նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ևս կարող էր իրեն նման արտահայտություններ թույլ տալ՝ փորձելով դիպչել քաղաքացիների հոգու նուրբ լարերին ու նրանց մղել որոշակի պաթետիկ գործողությունների։ Բայց այսօր նա երկրի ղեկավար է, որը պետք է պայմաններ ապահովի իր առաջնորդած հասարակության կյանքը բարեկեցիկ դարձնելու համար, նյութական պայմաններ ստեղծելով, ոչ թե բարոյահոգեբանական դասախոսություններ ու քարոզներ կարդալով։

Ընդ որում, նման արտահայտությունները նաև վտանգավոր են այն  առումով, որ մարդկանց կարող են մղել աղքատությունը հաղթահարելու նպատակով ցանկացած քայլերի, եթե պետությունն այդ դժվարին գործը թողնում է քաղաքացիների ուսերին։ Օրինակ, ասում է՝ ատիր աղքատությունը և քայլեր ձեռնարկիր այն հաղթահարելու համար։ Արդյո՞ք նման հորդորները մարդկանց չեն մղի, օրինակ, խաղամոլության, կամ գողությունների, թալանի միջոցով աղքատությունն իրենց ուղեղներից հանելու քայլին՝ իր բոլոր վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով։ Ի դեպ, վերջին տարիներին հատկապես ֆինանսական կառույցների և բնակարանների թալանը բավականին տարածում է ստացել։ Աշխատատեղեր ստեղծելով ու մարդկանց արժանապատիվ աշխատավարձով աշխատատեղեր ապահովելու փոխարեն՝ խոհափիլիսոփայական հայտարարություններ անելու հետևանքն էլ այսպիսին կարող է լինել։

 

Թագուհի Ասլանյան