Ռուսական բանակն աշխարհում ուժեղագույն զինված ուժեր ունեցող երկրների վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղն է զբաղեցրել

Ռուսաստանի զինված ուժերը, ըստ «Business Insider» պորտալի հրապարակած տեղեկությունների, տանկերի թվով մոտ 1,5 անգամ գերազանցում է ամերիկյան ու չինական բանակներում եղած տանկերի ընդհանուր թվին, ռազմական ինքնաթիռների քանակով ԱՄՆ-ի զինված ուժերում եղած ինքնաթիռների քանակին զիջում ավելի քան 3 անգամ։

Աշխարհում ուժեղագույն զինված ուժեր ունեցող երկրների վարկանիշային աղյուսակում Ռուսաստանի բանակը, «Business Insider» պորտալի հրապարակման համաձայն, երկրորդ տեղն է զբաղեցրել։

Փորձագետները հաշվառել են ավելի քան 50 ցուցանիշ, ներառյալ՝ ունեցած սպառազինության բազմատեսակությունը, մոբիլիզացիայի ներուժը, արդյունաբերության զարգացածության մակարդակը, բնական պաշարները և այլ գործոններ։

Վարկանիշով առաջատարը համարվել է ԱՄՆ-ը։ Ամերիկյան զինծառայողների թվաքանակը շուրջ 2 մլն է (գործող ու պահեստազորի)։ Զինված ուժերի կազմում են շուրջ 6000 տանկ, ավելի քան 13 000 ինքնաթիռ, որոնց թվում շուրջ 2000 կործանիչ, ռազմածովային ուժերի 415 նավ։ Միացյալ Նահանգների պաշտպանական բյուջեն հասնում է 647 մլրդ դոլարի։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ռուսական բանակը: Նրա զինծառայողների թվաքանակը հասնում է ավելի քան 3,5 միլիոնի։ «Business Insider» պորտալի տեղեկությունների համաձայն, Ռուսաստանի զինված ուժերի կազմում հաշվվում է գրեթե 4000 ինքնաթիռ, ավելի քան 20 000 տանկ և 352 նավ։ Ռազմական բյուջեն, ինչպես նշում է «Business Insider»-ը, կազմում է 47 մլրդ դոլար։

Երրորդ տեղում Չինաստանն է։ Երկրի զինված ուժերում ծառայում է ավելի քան 2,5 մլն մարդ, իսկ ռազմական ինքնաթիռների քանակը գերազանցում է 3000-ը։ Ժողովրդա-ազատագրական բանակի տրամադրության տակ է ավելի քան 7500 տանկ և ռազմածովային ուժերի 714 նավ։ Երկրի ռազմական բյուջեն կազմում է 151 մլրդ դոլար։

Ուժեղագույն զինված ուժեր ունեցող երկրների տասնյակ են մտել նաև Հնդկաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Հարավային Կորեան, Ճապոնիան, Թուրքիան և Գերմանիան։ Գնահատում կատարելիս հաշվի են առնվել «Global Firepower» կայքի տվյալները։

Այս տեղեկությունները, ինչպես վերևում նշեցինք, ըստ «Business Insider» պորտալի հրապարակման են։ Իրականում, սակայն, Ռուսաստանի զինված ուժերն աշխարհում առաջին տեղում են, եթե հաշվի առնենք այն նորագույն զենքերը, դրանց թվում նաև սպառազինության կազմում գտնվող և մարտավարական նշանակության միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ «Կինժալ» հիպերձայնային հրթիռները, որոնց մասին այս տարվա մարտի 1-ին հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ավելին․ աշխարհում միայն Ռուսաստանն ունի այնպիսի հրթիռներ ու դրանց մարտագլխիկներ, որոնք թույլ են տալիս ռազմավարական նշանակության միջուկային մարտալիցքերը ճշգրիտ և երաշխավորված (հակառակորդի հակահրթիռային պաշտպանության կողմից անխոցելի) կերպով հասցնել թիրախներին։