Ուկրաինան և ԱՄՆ-ի սենատորները գիտակցո՞ւմ են, որ կրակի հետ են խաղում՝ ձգտելով Ռուսաստանի դեմ նոր ռազմարշավ-սադրանքի

Ուկրաինան ազդարարել է Կերչի նեղուցում իր ռազմանավերի նոր արշավի մասին։ Այդ մասին «Би-би-си Украина»-ին տված հարցազրույցում պատմել է երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը։

«Դա մեզ համար սկզբունքային հարց է,- ասել է նա։- Եթե մենք կանգնենք ու նահանջենք, ապա Ռուսաստանը փաստորեն կլուծի Ազովի ծովը զավթելու իր խնդիրը»։

Տուրչինովի խոսքերով, Ռուսաստանն աշխարհին իր իսկ գծած սևծովյան նոր սահմանները կներկայացնի, ինչն, իր հերթին, փաստացի «կլեգալացնի Ղրիմի զավթումը»։

Ուկրաինայի ԱԱՊԽ քարտուղարը նշել է, որ Կերչի նեղուցով ուկրաինական ռազմանավերի նոր արշավը չպետք է ուշացնել

«Մենք մեր գործընկերներին առաջարկում ենք մասնակցել սևծովյան ուկրաինական նավահանգիստներից դեպի Ազովի ծովի ուկրաինական նավահանգիստներն անցումին,- ասել է Տուրչինովը։- Կհրավիրենք ԵԱՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, որպեսզի նրանք ներկա գտնվեն մեր նավերի վրա և ապացուցեն ամբողջ աշխարհին, որ Ուկրաինան ու նրա նավաստիները ոչ մի օրենք ու միջազգային կանոններ չեն խախտում»։

ԱԱՊԽ քարտուղարը նաև տրամաբանական է անվանել իրադարձությունների զարգացման այնպիսի սցենարը, ըստ որի, «Ուկրաինային օգնելու համար» Ազովում կհայտնվեն ՆԱՏՕ-ի նավերը։ Նրա կարծիքով, այդ քայլը ցույց կտա, որ Ռուսաստանը պետք է հաշվի նստի միջազգային իրավունքի հետ․

«Առայժմ մեր նախաձեռնությունն աջակցություն չի ստացել,- ասել է Ալեքսանդր Տուրչինովը։- Բայց ես հույս ունեմ, որ Կերչի նեղուցով ուկրաինական ռազմանավերի հաջորդ արշավի ժամանակ նրանք գոնե դիտորդներ կուղարկեն»։

«Երբ այդ հարցին գամվի աշխարհի առաջատար երկրների ուշադրությունը, Ռուսաստանը պոչը կքաշի և ռիսկ չի անի ագրեսիվ գործել,- ասել է ԱԱՊԽ քարտուղարը։- Բայց եթե Կերչի շուրջ իրավիճակը թողնենք բախտի քմահաճույքին, եթե մեր նավաստիներն անհապաղ ազատ չարձակվեն գերությունից, ապա քաղաքակիրթ աշխարհը փաստորեն կընդունի, որ Ռուսաստանը ցանակացած ագրեսիայի, սահմանների ցանկացած փոփոխության իրավունքն ունի և պատասխանատվություն չի կրի»։

Տուրչինովը հավելել է, որ հիմա Ռուսաստանը պախարակված է, բայց պատժված չէ։

«Նման ագրեսիայից հետո պետք է որ ավելի ուժեղացվեին նրա դեմ պատժամիջոցները, ռուսական տորմիղի հանդեպ աշխարհով մեկ համապատասխան միջոցներ ձեռնարկվեին, հակառակ դեպքում հաջորդ քայլերն ավելի արյունոտ ու վտանգավոր կլինեն ոչ միայն Ուկրաինայի, այլև մյուս երկրների համար»,- ասել է ԱԱՊԽ քարտուղարը։

Ինչպես հայտնի է, որ ս․ թ․ նոյեմբերի 25-ին ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Կերչի նեղուցի շրջանում կալանեց Ուկրաինայի ռազմածովային ուժերի երեք նավ, որոնք անցել էին ռուսական սահմանը, չէին պատասխանել կանգ առնելու պահանջներին և սկսել էին վտանգավոր մանևրներ։ Պաշտոնական Մոսկվան ուկրաինական կողմի գործողությունները սադրանք որակեց, պետական սահմանը խախտելու մեղադրանքով քրեական գործ հարուցվեց։ Ուկրաինական հիշյալ նավերի վրա գտնվող 24 նավաստիներն երկու ամսով կալանված են։

Ուկրաինիան, իր հերթին, Ռուսաստանի գործողությունները «ռազմական ագրեսիայի գործողություն» է համարել, Ռուսաստանին ու Մերձդնեստրին սահմանակից մի շարք մարզերում ռազմական դրություն մտցրել։ Նոյեմբերի 30-ից սկսած, Ուկրաինայի իշխանությունները վերստին սահմանափակել են ՌԴ 16-60 տարեկան տղամարդկանց մուտքն Ուկրաինա։

Ուշագրավ է, որ ՌԴ-ի դեմ նոր սադրանք կազմակերպելու պաշտոնական Կիևի կոչի համապատկերի վրա, ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները, ամերիկյան ավելի քան 40 սենատորներ երեկ Սև ծովում Ռուսաստանի դեմ գործողությունների կոչ են արել։ Նրանք նոր նախագիծ են ներկայացրել՝ կոչ անելով բազմազգ ներկայացուցչական գործողություն իրականացնել Սև ծովում, որպեսզի ապահովվի, այսպես ասած, նավարկության ազատությունը։

«Սենատը նախագահին կոչ է անում աշխատել Նահանգների դաշնակիցների հետ, որպեսզի ԱՄՆ-ը կարճ ժամկետում կարողանա գլխավորել նավարկության ազատությունն ապահովելու նպատակով ծրագրվող բազմազգ ներկայացուցչական գործողությունը Սև ծովում և ցուցադրի իր աջակցությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններին, երկկողմանի համաձայնագրերին և Կերչի նեղուցով ու Ազովի ծովով անվտանգ անցմանը, ինչպես նաև հակահարված տա Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության չափից ավելի դրսևորումներին»,- նշված է փաստաթղթի հեղինակներից մեկի՝ Ռոն Ջոնսոնի կայքի գրառման մեջ։

Հիմա ամբողջ խնդիրն այն է, թե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արդյոք այնքան անմիտ ու խելագար կլինի՞, որ հետևի Սենատի տաքգլուխների կոչին, կհասկանա՞ արդյոք, որ Ուկրաինայի առաջարկած սադրանքի մեջ ներքաշվելով, կրակի հետ է խաղալու, որի բոցերը, մեծ հավանականությամբ, կարող են հասնել մինչև մայրցամաքային Ամերիկա։

ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովն, իր հերթին, նշել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դեկտեմբերի վերջին Ռուսաստանի սահմանի վրա սադրանք է նախապատրաստում։ Դեռ հստակ չէ, թե ինչ է նկատի ունեցել նա՝ Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներից դեպի Ազովի ծով ուկրաինական ռազմանավերի այն անցո՞ւմը, որի մասին խոսել է այդ երկրի ԱԱՊԽ քարտուղարը, այսինքն՝ ՌԴ ծովային սահմա՞նն է նկատի ունեցել, թե ցամաքային․․․ Ինքնահռչակված Դոնբասի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) արտաքին գործերի նախարարությունը երեկ հայտնել է, որ Մինսկում ԵԱՀԿ անվտանգության ենթախմբի ուկրաինական պատվիրակությունը լքել է բանակցությունների դահլիճը, ուր քննարկվում էր Դոնբասում ամանորյա հրադադար ընդունելու հարցը։

ԴԺՀ-ն և ինքնահռչակված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը (ԼԺՀ) առաջարկել են նոր հրադադար հայտարարել դեկտեմբերի 22-ից։ Բանակցություններում ԼԺՀ մշտական ներկայացուցիչ Վլադիսլավ Դեյնեգոն ասել է, որ Կիևի ներկայացուցիչները փորձել են խափանել հարցի քննարկումը։

 

Ա․ Հովհաննիսյան