Ռուսաստանի հետ պատերազմում ամերիկյան նավատորմին պարտություն է կանխատեսվել

Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պատերազմի դեպքում ԱՄՆ-ը կարող է պարտվել հնացած տեխնիկայի պատճառով։ Այդ մասին դեկտեմբերի 15-ին գրել է ամերիկյան «The National Interest» ամսագիրը՝ հղում կատարելով «Ռազմավարական և բյուջետային գնահատականների կենտրոնին» (CSBA)։

«Եթե ամերիկյան նավատորմը չկարողանա վերակազմավորել իր ավիակիրների խմբերը, ապա ՌԾՈՒ-ի ղեկավարությանը հարկ կլինի ևս մեկ անգամ մտածել՝ արդյոք պե՞տք է շարունակել տախտակամածային ավիացիայի ֆինանսավորումը, թե՞ նավատորմի միջոցները պետք է ուղղել ավելի կարևոր զորամասերի ապահովմանը»,- հիշյալ ամսագրից մեջբերում է արել «РИА Новости»-ն։

CSBA-ն ուշադրություն է հրավիրել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ԱՄՆ-ի նավատորմի հզորության անկման վրա՝ պատճառաբանելով այն արժանի հակառակորդի բացակայությամբ։ Այսպես, ավիակիրների խմբերից հանվել են՝ չորրորդ սերնդի կործանիչ «Grumman F-14 Tomcat»-ը և տախտակամածային հակասուզանավային «Lockheed S-3 Viking» ինքնաթիռները։ Դրանք փոխարինվել են «McDonnell Douglas» կորպորացիայի «Hornet» և «Super Hornet» կործանիչ-ռմբակոծիչներով։ Ներկայումս այդ ռազմական տեխնիկան չի կարող մրցակցել ռուսական և չինական զինուժի հետ։

«2018 թ․ավիակիրների՝ իննը տոննայանոց օգտակար բեռնվածությամբ տիպիկ ինքնաթիռի թռիչքային առավելագույն հեռավորությունը կրճատվել է մինչև 1,3 հազար մղոն»,- գրել է «The National Interest»-ը և նշել, որ Ռուսաստանն ու Չինաստանն այդ ընթացքում նախագծել են մեծ հեռավորությունների հականավային հրթիռներ և այլ սպառազինություն, որոնք սպառնում են ավիակրին ու նրա ինքնաթիռներին։

Հոդվածի հեղինակի կարծիքով, Ռուսաստանին ու Չինաստանին հաղթելու համար ամերիկյան ավիակիրներին «գործողության շառավիղ, դիմացկունություն, կենսունակություն և մասնագիտացում» է պակասում։

Դեկտեմբերի սկզբին ամերիկյան ԶԼՄ-ներն ընդունեցին, որ ԱՄՆ-ի նավատորմը ողբալի վիճակում է գտնվում, իսկ հյուսիսում այսօրվա դրությամբ գործել կարող են ընդամենը 2 բևեռային հին սառցահատներ։