Ո՞ւմ դեմ են թուրքերը նոր բազա կառուցում Սև ծովում

Դեկտեմբերի 12-ին թուրքական «Milliyet» թերթը տեղեկացրեց, որ թուրք զինվորականները Սև ծովի ափին սկսել են ռազմածովային ուժերի բազայի շինարարությունը։ Այդ նոր օբյեկտը հայտնվելու է Սյուրմենե բնակավայրի մոտերքում, Վրաստանի հետ սահմանից մոտ 150 կմ հեռու։ Պարբերականը նշում է, որ նախագիծը, որի մշակումը սկսվել էր դեռևս անցյալ տարվա հուլիսից, ավելի արդիական է դարձել Կերչի նեղուցում ռուս-ուկրաինական բախման և «Թուրքական հոսք» խողովակաշարի բացման լույսի ներքո, սակայն Տրապիզոնից արևելք բազայի ստեղծման գաղափարն, իբր, գոյություն ուներ դեռ «սառը պատերազմի» ժամանակներից։

Կարծում եմ, սուտ է այն, որ վրացական (նախկին խորհրդային) սահմանի անմիջական հարևանությամբ Թուրքիայի ՌԾՈՒ-ի ռազմահանգրվան հիմնելու գաղափարը եղել է «դեռևս «սառը պատերազմի» ժամանակներում», այսինքն՝ այն ժամանակ, երբ դեռ գոյություն ուներ ԽՍՀՄ-ը, որը Սևծովյան ջրային տարածքներում հաստատ անառարկելի ռազմածովային հեղինակություն էր։ Այն տարիներին ՆԱՏՕ-ի անդամ երկրներից միայն Թուրքիան էր ներկայացված Սև ծովում, չկար ոչ մի Ուկրաինա, իսկ Բուլղարիան ու Ռումինիան Վարշավյան պայմանագրի լիարժեք մասնակիցներ էին։

Անկարայի ինչի՞ն է պետք ՌԾՈՒ-ի բազան հենց Վրաստանի մոտերքում, այլ ոչ թե, ասենք, Բուլղարիայի կամ Հունաստանի, կարծում ենք, կարելի է կռահել։ Դա ՌԾՈՒ-ի բազա կլինի ամբողջ ՆԱՏՕ-ի համար, այլ ոչ միայն Թուրքիայի։ Բայց թուրքական աղբյուրները ձև են անում, իբր, «դա չէ կարևորը»։ Իշխանությունները հաշվարկում են, որ բազան, որի նավերը պարեկային ծառայություն կանցկացնեն Սև ծովի ամբողջ արևելյան մասում, խթան կհանդիսանա ամբողջ հյուսիս-արևելյան Թուրքիայի զարգացման համար։

Թուրքական NTV հեռուստաալիքը նշել է, որ որպես նախագիծն այդ շրջանում իրականացնելու լրացուցիչ առիթ, հաշվի է առնվել այդտեղ նավաշինական ձեռնարկությունների գոյությունը։ Ինչպես նշել է ծովակալ Չեմ Գյուրդենիզը, Թուրքիայի համար Սև ծովում հուսալի բազա ունենալու անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել, սակայն մինչ այժմ նախագիծն իրականացնելու միջոցներ չկային, քանզի Անկարան հիմնական շեշտը դնում էր Էգեյան ծովում և Միջերկրականի ափերին իր դիրքերն ամրացնելու վրա։ Նրա խոսքերով, հիմա Թուրքիային անհրաժեշտ է ընդլայնել Մերսինի բազան, ինչպես նաև ամրացնել դիրքերը Հյուսիսային Կիպրոսում։

Հիշենք Սև և Ազովի ծովերում վերջերս տեղի ունեցած միջադեպը։ Ռուսաստանի կողմից ուկրաինական կատերները Կերչի նեղուցի մոտ կալանելուց հետո, նոյեմբերի վերջերին CNN-ը հայտնեց Սև ծով իր նավն ուղարկելու ԱՄՆ-ի ծրագրի մասին, թեև, համաձայն Մոնտրյոյի 1936թ․ պայմանագրի, սևծովյան ջրատարածքի երկրների թվին չպատկանող պետությունների նավերը Սև ծովում չեն կարող գտնվել 21 օրից ավելի։

Բայց եկեք մտածենք, թե ինչու է թուրքական կողմը հայտարարում բազայի շինարարության մասին հենց ռուս-ուկրաինական միջադեպից և ԱՄՆ-ի՝ նավ ուղարկելու սպառնալիքից հետո։ Կարծում եմ, Թուրքիայի այժմյան խոստովանությունը՝ վրացական ուղղությամբ բազա կառուցելու վերաբերյալ, սերտորեն կապված է և՛ վերջերս ուկրաինացիների կողմից ՌԴ ջրային սահմանը կոպտորեն խախտելու, և՛ ԱՄՆ-ի շանտաժի ու սպառնալիքի հետ։ Թուրքիայի այդ հայտարարությունը ժամանակի մեջ համընկավ նաև «Грузия Онлайн» կայքի հաղորդագրության հետ, ըստ որի, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը նկատի ունենալով, որ դաշինքի շատ անդամներ կարծում են, թե արդեն ժամանակն է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության, սակայն այդ հարցի շուրջ ընդհանուր համաձայնության դեռ չեն եկել, դեկտեմբերի 12-ին հայտարարել է․

«Մենք չենք վերահսկում քաղաքական որոշումները, բայց կարող ենք վերացնել այդ որոշումների ընդունման խոչնդոտները,- հայտարարել է Ջեյմս Ապատուրայը Թբիլիսիում ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնում ուսանողների հետ հանդիպման ժամանակ։- Դա, առաջին հերթին, ենթադրում է Վրաստանի բարեփոխումներին աջակցելը, մեր համագործակցության խորացումը։ Մենք ջանում ենք անել ամենը, որպեսզի նախապատրաստենք Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու համար՝ ինչպես նրա պաշտպանունակության տեսանկյունից, այնպես էլ քաղաքական իրավիճակի։ Սակայն, ստանդարտներին բավարարելը կախված է Վրաստանից։ Վրաստանն իրոք առաջին կարգի թեկնածու է, և երբ կգա քաղաքական որոշման ժամանակը, պատնեշներ այլևս չպետք է լինեն» (ընդգծումը՝ հեղինակինը)։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք «բռնազավթված տարածքները» խոչընդո՞տ են ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության համար, Ապատուրայը հայտարարել է, որ այդ հարցի լուծումն անդամակցության առումով առաջնային չի համարվում։

«Կարևոր է ընդգծել՝ բուխարեստյան գագաթնաժողովի որոշումը, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, կրկնվում է դաշինքի բոլոր հուշագրերում, թեև բոլորը տեղեկացված են այդ երկու տարածաշրջանների իրավիճակի վերաբերյալ»,- նշել է դաշինքի ներկայացուցիչը։

Նրա խոսքերով, կարևոր է Վրաստանը ցույց տա, որ հակամարտությունների խնդիրը լուծելու համար օգտագործում է բոլոր հնարավոր դիվանագիտական ուղիները։ Ապատուրայն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն սատարում է ժնևյան բանավեճերի շարունակմանը, թեև արդյունքների բացակայությունը հիասթափության պատճառ կարող է լինել։

«Ես հավատում եմ, որ հաջորդ տարի վրաց ժողովուրդը իր երկրում ՆԱՏՕ-ի ավելի բարձր մակարդակ կտեսնի,- ասել է նա։- Ըստ այդմ, բնական է, անհրաժեշտ է, որ մենք աշխատենք որոշակի արդյունքների հասնելու ուղղությամբ, օրինակ, Վրաստանում արդյունավետ բարեփոխումների անցկացման և ժողովրդավարության ամրապնդման» (ընդգծումը՝ հեղինակինը)։

«Milliyet»-ի հրապարակումը՝ նոր ռազմահանգրվանի կառուցման մասին, և Թբիլիսիում Ապատուրայի հայտարարություններն արդյոք պարզապես համընկե՞լ են ժամանակի մեջ, թե՞ գործողությունների նույն ծրագրի տարբեր բաղադրիչներ են․ այս հարցի պատասխանը կստանանք շատ ավելի ուշ, բայց Թուրքիան և ՆԱՏՕ-ն չեն կարող չհասկանալ, որ Սև ծովում ցանկացած մի նոր ուժի հիմնավորումը, մեղմ ասած, մտահոգելու է Ռուսաստանին։ Հետևաբար, կարծում եմ, Մոսկվան շուտով կարձագանքի նշված ջրատարածքում թուրքական ռազմահանգրվանի շինարարությանը։

 

Սերգեյ Շաքարյանց