Ես հավատում եմ համատեղ աղոթքին. Բոչելին Զատիկի կապակցությամբ ելույթ է ունեցել Միլանի դատարկ Մայր տաճարում (տեսանյութ)
Իտալացի աշխարհահռչակ օպերային երգիչ Անտոնիո Բոչելին Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ ելույթ է ունեցել Միլանի գլխավոր տաճարում։
61-ամյա աշխարհահռչակ երգիչը Զատկի տոնին դատարկ տաճարում համերգով հանդես գալու հրավերն ստացել է Միլանի քաղաքապետ Ջուզեպե Սալայից և քահանայապետ Ջիանանտոնիո Բորգոնովոյից։
«Ինձ համար մեծ պատիվ ու հպարտություն է նման հրավեր ստանալ քաղաքից և Միլանի տաճարից։ Ես հավատում եմ համատեղ աղոթքին։ Հավատում եմ, որ քրիստոնեական Զատիկը վերածննդի խորհրդանիշ է, որն այժմ իրապես պետք է բոլորին՝ հավատացյալին կամ կրոնից հեռու մարդկանց»,- նշել էր Բոչելին։
«Հուսո երաժշտություն» խորագրով ելույթը, որը YouTube-ում հեռարձակվել է Միլանի Դուոմո Մայր տաճարից, ժամերի ընթացքում ավելի քան 25 մլն դիտում է գրանցել։
Երգեհոնահար Էմանուել Վիանելիի նվագակցությամբ Բոչելին չորս երգ է կատարել գոթական շքեղ տաճարում, իսկ համերգն ավարտել է տաճարից դուրս՝ Փարիզի, Լոնդոնի և Նյու Յորքի դատարկ փողոցները ցուցադրող պատկերների մոնտաժով: