Հալեպում երկրաշարժի հետևանքով վնասվել է ավելի քան 3000 բնակելի շենք

Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1 250-ի։ Այս մասին հայտնել Է արաբական հանրապետության առողջապահության նախարար Հասան Ալ-Գաբաշին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ևս 2054 տուժած վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ «Սրանք վերջնական թվեր չեն, հաշվի առնելով, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- ասել է առողջապահության նախարարը։

Ալ շաբաշը, որը կառավարության ստեղծած ճգնաժամային շտաբի անդամ է, նշել է, որ ավելի քան 600 սիրիացի բժիշկներ և բուժաշխատողներ այժմ ուղարկվել են Հալեպ, Լաթաքիա, Տարտուս և Համա նահանգներ՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:

Նշվում է, որ ամենամեծ վնասը հասցվել է Հալեպին՝ Սիրիայի տնտեսական մայրաքաղաքին (Դամասկոսից 360 կմ հեռավորության վրա), որտեղ աղետի հետևանքով վնասվել է ավելի քան 3000 բնակելի շենք, իսկ բնակչության մեկ հինգերորդը զրկվել է կացարանից։  2018 թվականի տվյալներով՝ այս քաղաքում ապրում էր 1,8 միլիոն մարդ։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում: Երկրաշարժից տուժել են նաև Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները։