Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ. երկուսի վիճակը միջին ծանրության է

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Այս մասին հայտնել է Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը։

Բաբայանի խոսքով՝ զինծառայողի առողջական վիճակը գնահատվել է բավարար, այրվածքներ ստացած մյուս երկու զինծառայողների առողջական վիճակը միջին ծանրության է:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է, աճյունները փոխանցվել են ծնողներին։

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ներգրավված է երկու մեղադրյալ՝ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը և զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը: Նրանք կալանքի տակ են: