Նման «զգայուն թեմայի» շուրջ բանակցությունները խիստ գաղտնի բնույթ են կրում

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում չի մեկնաբանել, թե ինչպես է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում առաջարկվում լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

«Կցանկանայի ընդգծել, որ խաղաղության պայմանագրի քննարկումն ընթանում է հենց Բաքվի և Երևանի միջև»,-ասել է նա։

Գալուզինը հավելել է, որ Մոսկվան միայն աջակցություն է ցուցաբերում կողմերին, ինչպես դա արձանագրված է 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած գագաթաժողովի արդյունքներով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ընդունված եռակողմ հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ նման «զգայուն թեմայի» շուրջ բանակցությունները խիստ գաղտնի բնույթ են կրում, և ՌԴ ԱԳՆ-ն իրավունք չունի մեկնաբանել դրանց բովանդակությունը, այդ թվում՝ ԼՂ հարցով, քանի որ դա միայն վնաս կհասցնի գործին։