Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը

Սյունիքի մարզկենտրոն Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը:

Արարողությանը մասնակցում էին Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։

Նշենք, որ սա Իրանի առաջին գլխավոր հյուպատոսությունն է Հայաստանում:

«Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումն այն կարևորության դրսևորումն է, որն իրանի կառավարությունը և ժողովուդը տածում է Հայաստանի և հայ ժողովրդի հազարամյա հարաբերությունների հանդեպ»,- բացման արարողության ժամանակ հայտարարեց ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Իրանի ԱԳ նախարարը կրկին շեշտեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի և Հայաստանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը և նրա որդեգրած հիմնական քաղաքականությունը երկրների տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելն է:

«Սյունիքի մարզը համարվում է Հյուսիս-հարավ միջանցքի կարևորագույն հատվածներից մեկը: Հայաստանը համարում ենք Հյուսի-հարավ մայրուղու վրա գտնվող կարևորագույն երկրներից մեկը և մենք մեր ջանքերը կգործադրենք, որ այս տարանցիակ ուղով ապրանաքափոխադրումները և ուղևորափոխադրումներն ավելի զարգանան»,-հայտարարեց Իրանի ԱԳ նախարարը:

Նա ջերմորեն շնորհակալություն հայտնեց կապանցիներին և դիմավորման արարողություն կազմակերպած դպրոցականներին:

«Կեցցե Հայաստանը, կեցցե Իրանը և երկու երկրների բարեկամությունը»,-իր խոսքն ավարտեց Հոսեյն Ամիր Աբդոլահիանը: