Մեղրիի տարբերակի շուրջ Քոչարյանի փաստարկները, մեղմ ասած, համոզիչ չեն
Ռոբերտ Քոչարյանի երեկվա ասուլիսին երկար չեմ անդրադառնալու, մանավանդ, ԶԼՄ-ների համար մեկ- երկու մեկնաբանություն արել եմ:
Երկու հարցերի շուրջ կարծիքս, այնուամենայնիվ, կհայտնեմ:
- Այսպես կոչված, Մեղրիի տարբերակի շուրջ Քոչարյանի փաստարկները, մեղմ ասած, համոզիչ չեն:
Երկրորդ նախագահը չի ուզում խոստովանել, որ հայտնվել է Ալիև ավագի լարած դիվանագիտական ծուղակում, ինչի հետևանքով նենգափոխվել է ԼՂ խնդրի բանակցային բովանդակությունը՝ այն ինքնորոշման հարթությունից տեղափոխելով Հայաստան- Ադրբեջանի տարածքային վեճի և ԼՂ-ն բանակցային գործընթացում կորցրել է սուբեկտությունն՝ ըստ էության, դուրս մղվելով բանակցություններից:
- Քոչարյանը, ըստ էության, խոստովանեց, որ 1998-ին տեղի ունեցածը պալատական հեղաշրջում է:
«Լևոն Տեր-Պետրոսյանին ասացի՝ չնեղանաս, քեզ որպես շեֆ չեմ կարող ընդունել, ես վաղուց շեֆ չեմ ունեցել։ Իսկ դուք ենթադրում եք՝ եթե ինձ ազատեր, ես չպետք է պայքարեի՞, եթե խոսքը գնում էր Ղարաբաղի մասին… իհարկե, պետք է պայքարեի»,- երեկ ասել է նա:
«Շեֆության» թեմայի վրա չեմ կենտրոնանա՝ դա համարելով Արցախից նախագահությունից մնացած բարդույթ:
Քոչարյանը խոստովանում է, որ եթե Նախագահն իրեն պաշտոնից ազատեր, ի խախտումն Սահմանադրության, չէր հնազանդվելու՝ միանգամայն լեգիտիմ դարձնելով Առաջին նախագահի այն պնդումը, թե հրաժարական է տվել՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու համար:
Այլ խոսքով, հեղաշրջման վարկածը հաստատվում է:
Այլ խնդիր է, որ 1998-ի իրադարձությունների մոտիվը դժվար է Ղարաբաղով բացատրելը, որովհետև 1997-ի Փուլային տարբերակը մնաց խնդրի կարգավորման լավագույն լուծումը:
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից