Փոշմանել ենք, որ իրեն ընտրել ենք․ բոլորն իր երեսին են թքում, ինքն էլ թքում է մեր երեսին․ տնտեսվարող
Շրջանառության հարկի 5%-ը դարձրել են 10%, այս աղքատ երկրում ով է այսպիսի բան տեսել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց հարկային փոփոխությունների դեմ բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողներից մեկը:
«Ոչ համաձայնացնում են մեզ հետ, ոչ էլ, իրենք իրենց են որոշում, չեն կանչում տնտեսագետների, մարդիկ նստեն, ասեն արժի՞, թե չարժի: Առևտուր չկա, իրենք ասում են՝ պիտի շատ մուծես, հիմա որ առևտուր չկա, արդեն քո գրպանին են կպնում, տեղի փողը՝ թանկ, հարկայինի վարձը՝ թանկ, տոկոսը՝ թանկ:
Սուտ բաներ է ասում Փաշինյանը, բոլորն իր երեսին են թքում, ինքն էլ թքում է մեր երեսին, ես օրինակ ամաչում եմ, որ իր նման ղեկավար ունենք: Ես ամաչում եմ, որ ինքը մեր վարչապետն է: Մասնակցել եմ հեղափոխությանը, ընտրեցինք իրեն, մտածեցինք ժողովրդի մասին լավ կմտածի, լավ գործեր կանի, բայց ուր է, լրիվ հակառակը եղավ։ Հիմա մենք փոշմանել ենք, որ իրեն ընտրել ենք, հիմա պիտի պայքարենք, որ իրեն նորից էլի հանենք, այնպիսի մարդ գա, որ մեր շահերը պաշտպանի»,- ասաց տնտեսվարողը:
Հիշեցնենք, որ Կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիան են իրականացնում շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները: Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետևանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։ Մասնավորապես, շրջանառության հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս:
Տնտեսվարողները դժգոհում են նաև համընդհանուր գույքագրման ու հայտարարագրման պահանջից։