Ով կարող է հավակնել երկրի ղեկավարի պաշտոնին…
Այն աննախանձելի ու խղճուկ վիճակը, որում հայտնվել ենք, նախևառաջ արդյունք է մեր քաղաքական անհասունության, պետության կառավարման վերաբերյալ գիտելիքների պակասի և պետության ու քաղաքական գործընթացների նկատմամբ անլուրջ ու անպատասխանատու վերաբերմունքի, հետևանք է ազգի մի զգալի հատվածի բարոյական խեղման ու տգիտության: Թե չէ ինչպես կարելի էր փողոցից առավելապես ապաշնորհ, տգետ, անփորձ, անհայտ ծագում ու կենսագրություն ունեցող, անգետ մարդկանց բերել և երկրի ղեկը վստահել: Մինչդեռ պետություն կառավարելը բացառապես իմաստուն, բարոյական և ուժեղ մարդկանց գործ է: Պետությունն ու երկիրը շատ լուրջ բան են, դրանց պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել, հակառակ դեպքում կարող ենք կորցնել այն: Ինչ վերաբերում է երկրի առաջին դեմքի կերպարին, ապա նա պետք է լինի ամենաիմաստունն ու ամենաուժեղը, լինի շրջահայաց, հեռատես:
Կառավարման արվեստը
17-րդ դարի ֆրանսիացի քաղաքագետ դիվանագետ, արտգործնախարար Շառլ Մորիս դե Տալեյրան-Պերիգորը կարծում էր․ «Պետական գործերի կառավարման արվեստն այն է, որ կառավարիչը կանխատեսի անկանխատեսելին և նպաստի նրա իրականացմանը»:
Որպես կանոն աղետ է լինում այն երկրներում, որտեղ առաջին դեմքերն առաջինը չեն իրենց հպատակների մեջ: Երկրի ղեկավարն էլ ըստ իս պետք է ունենա պետական կառավարման ոլորտում լուրջ փորձառություն, սերված լինի ազնիվ ու կայուն ընտանիքից, անմնացորդ սիրի իր ժողովրդին ու երկիրը, լինի համարձակ, վճռական, խստապահանջ ու սկզբունքային, բայցև ոչ դաժան ու հիշաչար։ Ունենա կրթական բարձր մակարդակ և գիտելիքների ու փորձի մեծ պաշար, լինի բարոյապես կայուն, անկաշառ, ունենա օրինակելի ընտանիք, չապականված անցյալ, չլինի նյութապաշտ, փոքրոգի: Ունենա միջազգային ճանաչում, կազմակերպչական ընդունակություններ և կարողանա ձևավորել առողջ, արժանավորների ու նվիրյալների թիմ, կայացնել ճիշտ որոշումներ և հետևողական լինի դրանց կատարմանը, ի զորու լինի առաջնորդել ժողովրդին բարոյականության ու օրինականության ուղիով: 19-րդ դարի ճանաչված անգլիացի փիլիսոփա, սոցիոլոգ, քաղաքական գործիչ և տնտեսագետ Ջոն Ստյուարտ Միլն է ասել. «Պետության արժանապատվությունը վերջին հաշվով, պայմանավորված է այն ձևավորող անհատների արժանապատվությամբ»:
Կարևոր է, որ ապագա ղեկավարը տիրապետի նաև բանակցային ու դիվանագիտական փորձի ու գիտելիքների, կարողանա արժանապատվորեն ներկայացնել երկիրը միջազգային ասպարեզում, որ նա ունենա նաև տնտեսական գիտելիքներ և տիրապետի ինչպես մակրոտնտեսական, այնպես էլ բիզնեսի կառավարման վերաբերյալ խոր գիտելիքների: Ինչպես Լենինն է ասել՝ «քաղաքականությունը խտացված տնտեսությունն է» և տնտեսության զարգացման մակարդակով է պայմանավորված ժողովրդի բարեկեցությունը, պետության ռազմական հզորությունն ու երկրի միջազգային ազդեցությունը: Կարևոր է, որ ապագա ղեկավարը չունենա բիզնեսներ, քանի որ մեծահարուստները մտածում են նախևառաջ իրենց ունեցվածքի բազմապատկման և պահպանման մասին։
Երիտասարդ աչքերն ավելի հեռուն են տեսնում, տարեց աչքերը՝ ավելի խորը
Երկրի ղեկավարը լավ կլինի, որ ունենա նաև մեծ կենսափորձ, լինի իմաստուն, հասանելի ժողովրդին: Իսկ իմաստնությունը որպես կանոն տրվում է ավագ տարիքում: Գիտնականները հետազոտությունների արդյունքում առանձնացրել են մի շարք որակներ, որոնք առավելություն են և հատուկ են միայն ավագ սերնդին՝ նրանք ավելի հավասարակշռված են, ավելի հեռատես են, երևույթներին և իրադարձություններին վերաբերվում են ավելի բարձր պատասխանատվությամբ, ավելի զգուշավոր են, ավելի իրատես են, ավելի ճկուն են, ունեն կյանքի ավելի մեծ փորձ, ավելի շատ բան են տեսել, փորձություններով են անցել, ունեն գիտելիքների ավելի մեծ պաշար և հետևաբար ավելի հասուն են և իմաստուն, ավելի կայուն են, լավ են տիրապետում իրենց հույզերին ու դիմակայում ստրեսներին և բարդ իրավիճակներում կողմնորոշվում են ավելի ճիշտ և համարժեք: Ըստ էության մարդը իր գիտելիքների պաշարի շատ փոքր մասն է միայն ձեռք բերում կրթության միջոցով, մնացածը ձեռք է բերում աշխատանքի ընթացքում և դառնում է իմաստուն՝ փորձությունների հաղթահարման արդյունքում: Ելիզավետա առաջինը գտնում էր․ «Երիտասարդ աչքերը հեռուն են տեսնում, սակայն տարեց աչքերն ավելի խորն են տեսնում»: Իսկ Ժան Ժակ Ռուսոն այն կարծիքին էր, որ «երիտասարդությունը իմաստության և փորձի կուտակման տարիներ են, իսկ տարեց տարիները՝ դրանց օգտագործման»: Եվ պատահական չէ, որ քաղաքակիրթ և ժողովրդավարական երկրներում տարեցներն ակտիվորեն ներգրավված են իրենց երկրների քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքում և մշակույթի, կրթության ու գիտության ոլորտներում: Տարեցներն իրենց ժամանակի գերակշռող մասն ավելի շատ նվիրում են աշխատանքին, իսկ երիտասարդները՝ ավելի շատ տրամադրում են անձնական վայելքներին:
Աշխարհի տարեց կառավարիչները
Բավական է նշել, որ Ռոնալդ Ռեյգանը ԱՄՆ-ի 40-րդ նախագահ է ընտրվել 70 տարեկանում և պաշտոնավարել է մինչև 78 տարեկանը, Շարլ դե Գոլը որպես Ֆրանսիայի նախագահ պաշտոնավարել է մինչև 80 տարեկանը, իսկ Ժակ Շիրակը երկրորդ ժամկետում նախագահ է ընտրվել 70 տարեկան հասակում և պաշտոնավարել է մինչև 77 տարեկանը: Կիպրոսի նախագահ Գլաֆկոս Քլիրիդիսը պաշտոնավարել է մինչև 83 տարեկանը, իսկ Իտալիայի նախագահ Կառլո Ազելոն՝ մինչև 82 տարեկանը: Երեք գերտերություններ՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի ղեկավարներն էլ 70-ն անց տարիքի են: Շեմոն Պերեսը Իսրայելի նախագահ է ընտրվել 2007 թվականին՝ 84 տարեկանում և պաշտոնավարել է մինչև 2014 թվականը՝ 91 տարեկանը, այնուհետև ակտիվորեն զբաղվել է հասարակական աշխատանքներով, ապրելով 93 տարի։ Նրանք բոլորն էլ ի դեպ համարվում են լավագույն նախագահներից իրենց երկրներում: Իսկ ինչպես Ռենե Դեկարտն է ասել. «Պետության համար ավելի մեծ հաջողություն չկա, քան իսկական փիլիսոփաներ ունենալը»։ Պատգամավորների միջին տարիքը կազմում են Անգլիայում՝ 50.6, Բելառուսիայում՝ 53, Իտալիայում՝ 52.2, Ռուսաստանում՝ 54,ԱՄՆ-ի կոնգրեսում՝57, իսկ սենատում 61 տարեկան, Չինաստանում 55.9 (ի դեպ շուրջ 2000 պատգամավորներից 105-ը Չինաստանի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ են):
Իսլանդացի ճանաչված գրող Բերնարդ Շոուն գրել է. «Աշխարհը անշուշտ պետք է կառավարեն երիտասարդները, սակայն մեծանալուց հետո միայն»: Սա ամենևին չի նշանակում, թե որևէ պարագայում կարելի է թերագնահատել երիտասարդների հնարավորությունները: Երիտասարդությունն աչքի է ընկնում առավել ակտիվությամբ, խիզախությամբ, նախաձեռնողականությամբ, նորի և առաջադիմականի արագ ընկալմամբ, իսկ ավագ սերնդի մոտ գերակշռում է փորձառությունը, հավասարակշռվածությունը, իմաստությունը, գործիմացությունը և պատասխանատվությունը: Ավելի արդյունավետ կարող է լինել այդ երկուսի օպտիմալ զուգակցումը: Կարևոր է, որ տարեցներն էլ իրենց հերթին թերահավատորեն չվերաբերվեն, վստահեն երիտասարդներին, վերևից չնայեն նրանց և ամենայն հոգածությամբ ու ջերմությամբ շրջապատեն նրանց, որպես մեր ապագայի ու տեսակը շարունակողի՝ նրանց հաղորդելով իրենց փորձն ու գիտելիքները: Իսկական մեծերը նրանք են, ովքեր հեռանանալով ասպարեզից լուսավորում են երիտասադների ճանապարհը: Կայուն պետություն և առողջ հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է, որ կառավարման համակարգում ներկայացված լինեն սոցիալական, ազգային, սեռային ու տարիքային բոլոր խմբերը և նրանց միջև լինի ներդաշնակություն և համերաշխություն: Վերջում երկրի ապագա ղեկավարին ուզում եմ դիմել Եկատերինա Երկրորդի պատգամով. «Եղեք նուրբ, մարդասեր, մատչելի, կարեկից և առատաձեռն։ Թող ձեր մեծությունը չխանգարի ձեզ բարյացակամորեն խոնարհվել փոքր մարդկանց հանդեպ և ձեզ` նրանց դիրքում դնել, որպեսզի բարությունը երբեք չնվազեցնի ո՛չ ձեր ուժը, ո՛չ նրանց հարգանքը: Լսեք այն ամենին, ինչը թեկուզ փոքր-ինչ արժանի է ուշադրության. թող բոլորը տեսնեն, որ դուք մտածում և զգում եք այնպես, ինչպես պետք է մտածեք և զգաք: Գործեք այնպես, որ բարի մարդիկ ձեզ սիրեն, չար մարդիկ ձեզնից վախենան, և բոլորը հարգեն ձեզ»: Որպես պետական կառավարման ոլորտի մասնագետ, այս դիտարկումով ցանկացա իմ համեստ գիտելիքները հաղորդել մեր ժողովրդին, երկրի կառավարիչների ընտրության հարցում ճիշտ կողմնորոշվելու համար։