ԱՄՆ-ը կվերցնի Գազայի հատվածը. այն կարող է դառնալ «Մերձավոր Արևելքի Ռիվիերան». Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «կվերցնի» Գազայի հատվածը, հնարավոր է ամերիկյան զորքերի օգնությամբ, մինչդեռ այնտեղ ապրող պաղեստինցիները պետք է հեռանան. այս մասին գրում է CNN-ը՝ նկատելով, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը կարող է գուժել ավելի քան մեկ միլիոն բնակչության հետագա տեղահանումը:
«ԱՄՆ-ը կվերցնի Գազայի հատվածը, և մենք կաշխատենք դրա հետ», – ասել է Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Այն մերը կլինի և մենք պատասխանատու կլինենք տեղում բոլոր վտանգավոր չպայթած ռումբերի և այլ զենքերի վնասազերծման համար, տարածքը մաքրելու և ավերված շենքերից ազատվելու համար… Մենք պատրաստվում ենք զարգացնել այն», – հավելել է ԱՄՆ նախագահը:
Հարցին, թե արդյոք նա պատրաստ է ամերիկյան զորքեր ուղարկել Գազայում անվտանգության վակուումը լրացնելու համար, Թրամփն ասել է. «Ինչ վերաբերում է Գազային, մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է: Եթե անհրաժեշտ լինի, մենք դա կանենք»:
Ըստ ԱՄՆ նախագահի՝ սա կարող է կայունություն ստեղծել Մերձավոր Արևելքում: Նա նշել է, որ Գազան կարող է դառնալ «Մերձավոր Արևելքի Ռիվիերան», որտեղ «աշխարհի մարդիկ» կարող են ապրել։
Թրամփը ենթադրել է, որ ապագա Գազայում պաղեստինցիները մեծամասնություն չեն լինի:
«Ես չեմ կարծում, որ մարդիկ պետք է վերադառնան Գազա… Գազան նրանց համար շատ անհաջող վայր է եղել։ Նրանք ապրում են դժոխքի մեջ… Գազան մարդկանց ապրելու վայր չէ, և միակ պատճառը, որ նրանք ցանկանում են վերադառնալ, և ես դրան խորապես հավատում եմ, այն է, որ նրանք այլընտրանք չունեն», – նշել է ԱՄՆ նախագահը: