Տնտեսվարողները «հարկային տեռորի» դեմ բողոքի ակցիա են անում

Կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիան են իրականացնում շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները: Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետևանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։ Մասնավորապես, շրջանառության հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս:

Տնտեսվարողներին նախորդ շաբաթ ընդունել էին կառավարությունում, սակայն արդյունքները նրանց չի գոհացրել. «Ոչ մի դրական պատասխան մեզ չեն տվել: Իմ խնդրանքը եղել է հարկային այս փոփոխությունները 6 ամսով հետաձգել, ժողովրդի հետ աշխատել: Իրենք դրանից հրաժարվել են, հարկային տեռոր է սկսվել ազգի դեմ: Բացի այդ, մենք նոր ենք իմացել, որ բանկային քարտով փոխանցումներ ենք արել, դրանից սկսել են գանձումները: Ոչ մի դրական շարժ չկա: Մենք պատրաստ ենք վճարել հարկերը, բայց թող պարզեցնեն»,–լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Տնտեսվարողները դժգոհում են նաև համընդհանուր գույքագրման ու հայտարարագրման պահանջից։