Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության. 18
Սկիզբը` այստեղ
ԱՄՆ- ի հետ հարաբերությունների մակարդակը ռազմավարական գործընկերության հասցնելու պատրաստակամության մասին Նիկոլն առաջին անգամ հայտարարել էր դեռ 2024- ի ամռանը՝ ԱՄՆ- ի Անկախության օրվա առթիվ նախագահ Ջո Բայդենին ուղղված շնորհավորական ուղերձում։ ԱՄՆ- ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության կնքման մասին որոշումն ընդունվել է 2024թ. հունիսին՝ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արաբատ Միրզոևի և ԱՄՆ- ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ ‘ Բրայենի մասնակցությամբ նիստի արդյունքում։
Նոյեմբերին Նիկոլի և ԱՄՆ- ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Զրույցի թեման երկու երկրների հարաբերությունների զարգացումն էր։ Նոյեմբերին հաջորդել է դեկտեմբերը, դեկտեմբերին հունվարը, հունվարին փետրվարը: Հարգելի ընթերցող, դուք այդ ի՞նչ հարաբերությունների զարգացում եք տեսել… ԱՄՆ- ը մեզ F-16 կործանիչներ կամ գոնե դրանք տալու խոստո՞ւմ է տվել… Իհարկե՛ ոչ:
Միացյալ Նահանգները և նրա գլխավորած հավաքական Արևմուտքը չասեմ մի քանի հարյուր միլիարդ դոլարի, ինչպես Ուկրաինային, այլ գոնե մի քանի հարյուր միլիոն դոլարի ռազմական օգնությո՞ւն են տվել մեզ՝ ադրբեջանա- թուրքական տանդեմից բխող ակնհայտ վտանգներին դիմակայելու համար… Դարձյալ ոչ:
Տնտեսական ոլո՞րտը դիտարկենք… Շատ բարի: Որևէ արդյունաբերական ձեռնարկություն կառուցելու նախագծային աշխատանքներ կատարվո՞ւմ են, կամ գոնե կա՞ որևէ արդյունաբերական ձեռնարկություն կառուցելու պայմանագիր, համաձայնագիր… Դարձյալ ու դարձյալ ոչ: Լավ, արդյունաբերական ձեռնարկություն կառուցելու վերաբերյալ ոչինչ չկա, գոնե կա՞ ամերիկյան արտադրական որևէ առաջավոր տեխնոլոգիա Հայաստանին տրամադրելու վերաբերյալ որոշակի պայմանավորվածություն… Դա էլ չկա:
Հունվարի 14- ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արաբատ Միրզոևը (նույն ինքը՝ գործակալ Օմեգան) և խորքային պետության քաղաքականությունն իրականացնող ԱՄՆ- ի պետքարտուղար (այժմ արդեն նախկին) Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում, ինչպես արդեն հայտնի է, ստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, այսպես կոչված, կանոնադրություն, որը մի շարք ԶԼՄ- ներում ներկայացվում է իբրև համաձայնագիր, պայմանագիր ու նույնիսկ խարտիա: Բայց ո՞ւր է հիմա Բլինքենը… Ո՞ւր է Բայդենը հիմա…
Եվ եթե նույնիսկ համարենք, թե նախկինների որոշումները վերանայող, նրանց ստորագրած բազմաթիվ պայմանագրեր, փաստաթղթեր չեղյալ համարած և այդ քաղաքականությունը շարունակող Թրամփը Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը չեղյալ չի համարի, միևնույն է, ինչպես արդեն հիմնավորել ենք ու դեռ կհիմնավորենք, այն մեզ որևէ լուրջ, էական օգուտ չի տալու, մինչդեռ Ռուսաստանի հետ անվտանգային ու տնտեսական առումով մեր հույժ կարևոր հարաբերությունները փչացնելու քաղաքական ներուժ ունի, այդ առումով ռիսկային է:
Ստորագրված փաստաթուղթը բացասաբար կազդի՞ ՌԴ- ի հետ մեր հարաբերությունների վրա, թե ոչ՝ կախված է լինելու Թրամփ- Պուտին առաջիկա հանդիպումից: Եթե ԱՄՆ- ի և ՌԴ- ի առաջնորդներն ընդհանուր լեզու չգտան և երկու տերությունների միջև հակամարտությունը շարունակվեց, էլ չենք ասում՝ առավել սրվեց, ապա Նիկոլի կամոք և Օմեգայի ձեռամբ ստորագրված վերոնշյալ կանոնադրությունը գործելու է մեր դեմ:
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Газеты.Ru»- ի հետ նույն զրույցում ընդգծել է, որ «Հայաստանը Հարավային Կովկասում միակ երկիրը չէ, որին առաջարկվել է նման փաստաթուղթ ստորագրել»:
«Ավելի վաղ նույնպիսի համաձայնագիր էր գործում ԱՄՆ- ի և Վրաստանի միջև, մինչև Վաշինգտոնը չեղյալ հայտարարեց դրա գործողությունը վրացական իշխանություններից դժգոհության պատճառով»,- ասել է խորհրդարանականը:
Զատուլինը հիշեցրել է, որ նման իրավիճակ արդեն տեղի է ունեցել Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերություններում Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ փլուզվեցին Օսմանյան և Ռուսական կայսրությունները: Տեղի հայկական իշխանությունները շատ էին ցանկանում անկախություն ձեռք բերել և դրա համար հովանավորչության համար դիմում էին Անտանտի երկրներին և ԱՄՆ-ին։ Սակայն այն ժամանակ նույնպես ոչ մի օգնություն չեղավ։
Թե դրանից հետո Թուրքիան և Ադրբեջանն ինչպես վարվեցին հայերիս և Հայաստանի հետ, հայտնի է բոլոր նրանց, ովքեր զուրկ չեն պատմական հիշողությունից կամ գոնե մի քիչ գիտեն ոչ վաղ անցյալի պատմությունը:
Ինչպես չհարցնել՝ Նիկոլ, բա որ Արաբատ Միրզոևդ Բլինքենի հետ այդ ճոռոմ վերնագրով (Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության) կանոնադրությունը ստորագրել է, Թրամփն ինչո՞ւ մինչև հիմա «հզորիդ» չի ընդունել… Բայց, ասում են, Նիկոլն իր հույսը դեռ չի կորցրել, և «Նիկոլի վարկանիշը փնտրում են Թրամփի աշխատասենյակում»…
Ինչպես երեկ գրել է «Հայկական ժամը»՝ հղում կատարելով կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներին, «Նիկոլի լոբբիստներն, այս օրերին, լծված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը հասնելուն։
Նիկոլի օրեցօր գահավիճող վարկանիշը, ըստ վերջինիս տերերի, կարող է որոշակի ժամանակով փրկել Թրամփի հետ հանդիպումը։
Ըստ նույն աղբյուրի, գործին լծվել են Նուբար Աֆեյանը, Սեմ Սիմոնյանն ու Վաչե Մանուկյանը եւ էլի ուրիշներ, որ կարողանան գոնե 5 րոպեանոց հանդիպում ու մի քանի լուսանկար կորզել, առայժմ հաջողություն չի գրանցվել»։
Շատ հնարավոր է, որ Թրամփի դռները «չանգռելու» Նիկոլի փորձերն այդպես էլ իզուր անցնեն՝ չնայած նրան, որ ԱՄՆ- ում է գտնվում աննախադեպ երկար (փետրվարի 3- 7- ը) աշխատանքային այցով, ընդ որում, «կնոջ»՝ Աննա Հակոբյանի հետ միասին, անշուշտ, ոչ թե անձնական միջոցների, այլ հարկատուներիս վճարած հարկերի հաշվին:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան