Տեղեկություն ունենք, որ Բաքվում պահվող հայերին հոգեներգործուն նյութեր են տալիս. Փաշինյան
ՀՀ–ն ունի հետախուզական տեղեկություններ, որ Բաքվում գտնվող հայ գերիների նկատմամբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզեն նրանցից։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հերքեց խոսակցությունները, թե ՀՀ–ն ոչինչ չի անում հայ գերիներին հետ բերելու համար, որովհետև նրանք իշխանության քաղաքական հակառակորդներն են։
«Ես Բաքվում գտնվող որևէ մեկին իմ քաղաքական հակառակորդը չեմ համարում։ Մենք շատ մտահոգված ենք այդ պրոցեսով, բայց ձեր ասածով ստացվում է, որ մենք մի բան էլ ուրախ ենք, որ այդ մարդիկ էնտեղ են։ Ո՛չ, այդ դատավարությունն օգտագործվելու է Հայաստանի Հանրապետության դեմ։ Այդ մարդկանցից հոգեներգործուն, արգելված միջոցներով շատ հնարավոր է՝ այնպիսի ցուցմունքներ կորզեն, որ օգտագործեն ամենատարբեր ձևերով ՀՀ-ի դեմ։ Մենք այս հարցը շատ լավ և խորությամբ հասկանում ենք»,– ասաց Փաշինյանը։