Համաշխարհային բանկը 1,7 մլրդ դոլար կներդնի Հայաստանում

Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի համար նոր՝ հնգամյա գործընկերության շրջանակը։

Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծրագրի նպատակն է նվազեցնել աղքատությունը և նպաստել աշխատատեղերի ստեղծմանը և կայունության բարձրացմանը:

Նշվում է, որ Հայաստանը զարգացման զգալի հաջողությունների է հասել վերջին տարիներին։ Այնուամենայնիվ, ենթակառուցվածքների բացերը, ներքին և օտարերկրյա ներդրումների ցածր մակարդակը և գործազրկության բարձր մակարդակը շարունակում են մնալ աճի հիմնական մարտահրավերները: Հայաստանում կրթության և առողջապահության անհավասար արդյունքները սահմանափակումներ են ստեղծում զբաղվածության և արտադրողականության վրա: Սոցիալական պաշտպանության համակարգը պահանջում է բարեփոխումներ՝ ճգնաժամի ընթացքում խոցելի խմբերին ավելի լավ բացահայտելու և աջակցելու համար: Հայաստանը նաև բախվում է երկրաշարժերի լուրջ ռիսկերի և գնալով ավելի խոցելի է դառնում կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ։

Նոր ռազմավարության նպատակն է ստեղծել նոր, բարձրորակ աշխատատեղեր, հզորացնել մարդկային կապիտալը՝ ընդլայնելով որակյալ առողջապահական համակարգի հասանելիությունը և բարելավելով սոցիալական պաշտպանվածությունը:

«Կենտրոնանալով աշխատատեղերի ստեղծման, մարդկային կապիտալի և ճկունության վրա՝ մենք նպատակ ունենք բարելավելու հայերի կյանքը և օգնելու երկրին հաղթահարել ապագա մարտահրավերները»,- ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քերոլայն Գեղինաթը:

Նոր ռազմավարության իրականացումը նախատեսում է սերտ համագործակցություն Համաշխարհային բանկի խմբի կառույցների, այդ թվում՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) միջև:

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկն ակնկալում է մոտ 1 միլիարդ դոլարի ֆինանսավորում առաջիկա հինգ տարիների ընթացքում, իսկ Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ մինչև 700 միլիոն դոլար: