Թրամփն արդեն սպառնում է Ռուսաստանին, որի հետ երբեք չի կարելի ուժի լեզվով խոսել
Կարո՞ղ է շուտով Բայդենին երանի տանք…
Վերջնական եզրակացությունների համար դեռ վաղ է, քանի դեռ չեն կայացել, այսպես կոչված, «Ուկրաինական հակամարտության» (իրականում՝ Ուկրաինայի միջոցով Արևմուտք- Ռուսաստան հակամարտության) կարգավորման կապակցությամբ ԱՄՆ- ի և ՌԴ նախագահների բանակցությունները, սակայն այն, ինչ երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, արդեն իսկ տեղիք է տալիս լուրջ անհանգստության, եթե չասենք տագնապի:
Իսկ ինչ է հայտարարել Թրամփը
ԱՄՆ- ի նախագահը, РБК- ի տեղեկացմամբ , Ռուսաստանին կոչ է արել գործարքի գնալ Ուկրաինայի հարցով, հակառակ դեպքում սպառնացել է պատժամիջոցներով: Թրամփի կարծիքով, եկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագիր կնքելու ժամանակը։ ԱՄՆ- ի նախագահը միաժամանակ սպառնացել է, որ Մոսկվայի մերժման դեպքում կհետևեն սակագների բարձրացումը և պատժամիջոցները:
Ռուսաստանն ինքն է բազմիցս խոսել բանակցությունների պատրաստակամության, հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին, սակայն բազմիցս էլ ընդգծել է, որ չի կարող կնքվել խաղաղության որևէ համաձայնագիր, որևէ պայմանագիր իր անվտանգության ու կենսական շահերի անտեսմամբ:
Եթե Մոսկվան չհամաձայնի Ուկրաինայի հարցով գործարքին, ԱՄՆ- ն բարձր սակագներ և պատժամիջոցներ կսահմանի այն ամենի նկատմամբ, ինչ Ռուսաստանը վաճառում է Միացյալ Նահանգներին և մի շարք այլ երկրների: Այս մասին «Truth Social» սոցցանցի իր էջում հայտարարել է ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Միանգամից նկատենք, որ եթե ԱՄՆ- ին վաճառվող առանց այն էլ արդեն սակավաթիվ ու ոչ մեծ ծավալի ռուսական ապրանքների նկատմամբ էլ ավելի բարձր սակագներ սահմանելը կամ նույնիսկ դրանց մուտքը Միացյալ Նահանգներ արգելելը ԱՄՆ- ի ղեկավարության իրավունքն է (նույն կերպ կարող է վարվել Մոսկվան ամերիկյան ապրանքների նկատմամբ), ապա Ռուսաստնի կողմից մի շարք այլ երկրների վաճառվող ապրանքների դեպքում ԱՄՆ- ի կողմից նույնաբնույթ միջոցների կիրառման մասին հայտարարությունը այլ երկրների ներքին գործերին լկտիաբար միջամտելու Միացյալ Նահանգների ու նրա առաջնորդների ցինիկ քաղաքականության հերթական վկայությունն է:
Նկատի ունենալով Ուկրաինայի հարցով գործարքի կնքումը, Թրամփը գրել է. «Մենք կարող ենք դա անել հեշտ կամ դժվար ճանապարհով, և հեշտ ճանապարհը միշտ ավելի լավն է: Եկել է «գործարք կնքելու» ժամանակը»: Սրան, իհարկե, չի կարող չհամաձայնել յուրաքանչյուր ողջախոհ ու խաղաղասեր մարդ: Լավատեսության մի փոքր հիմք է տալիս վերը մեջբերված գրառմանը Թրամփի այն հավելումը, որ ինքը չի ցանկանում վնասել Ռուսաստանին։
«Ես սիրում եմ ռուս ժողովրդին և միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- հայտարարել է ԱՄՆ- ի նախագահը:
Կրկնում ենք՝ այս խոսքերը լավատեսության մի փոքր հիմք են տալիս, բայց մի շատ կարևոր նախապայմանով՝ եթե, իհարկե, անկեղծ են:
«Ռուսաստանն օգնեց մեզ հաղթել Երկրորդ համաշխարհային պատերազմում՝ կորցնելով գրեթե 60 միլիոն կյանք»,- գրել է ԱՄՆ- ի նախագահը՝ ի ցույց դնելով կամ իր տգիտությունը ոչ վաղ անցյալի պատմությանը, կամ իրականությունը գլխիվայր շուռտված ներկայացնելով:
Իսկ իրականությունն այն է, որ ԱՄՆ- ն է օգնել ԽՍՀՄ- ին հաղթել Երկրորդ համաշխարհային պատերազմում: Բացի այդ, պատմական խոշոր անճշտություն է այն, թե Ռուսաստանը կորցրել է գրեթե 60 մլն կյանք, իրականում ԽՍՀՄ- ն է կորցրել և ոչ թե 60, այլ 28 միլիոն կյանք:
Այժմ, ըստ Թրամփի, նա մտադիր է «շատ մեծ ծառայություն մատուցել» Մոսկվային (կարելի է ենթադրել, որ, ըստ Թրամփի, Երկրորդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ- ին հաղթելու համար օգնելու դիմաց):
«Հանգստացեք հիմա և դադարեցրեք այս ծիծաղելի պատերազմը։ Հետագայում միայն ավելի վատ կլինի»,- նկատի ունենալով Մոսկվային, եզրափակել է ԱՄՆ- ի նախագահը։
Դե, իհարկե, ԱՄՆ- ում և Արևմուտքում որոշների համար տվյալ պատերազմը ծիծաղելի է, իսկ Ուկրաինայի և Ռուսաստանի համար՝ ողբերգական: Այն ողբերգական է նաև աշխարհի բոլոր ողջախոհ ու սրտացավ մարդկանց համար:
Ռուսաստանի մի շարք պետական ու քաղաքական գործիչներ, ինչպես նաև Պետդուման ու Կրեմլն արդեն անդրադարձել են Թրամփի սպառնալիքին:
Ռուսաստանը չի պատրաստվում զիջումների գնալ և զոհաբերել իր շահերը
Ինչպես մեկնաբանելով Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը, «РИА Новости»– ին ասել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, Ռուսաստանը ելնելու է ուկրաինական հակամարտության վերաբերյալ ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփի իրական նախաձեռնություններից ու չի պատրաստվում զիջումների գնալ և զոհաբերել իր շահերը:
«Ռուսաստանը չի պատրաստվում փոքր- ինչ զոհաբերել իր ազգային շահերը և այդ հարցերում զիջումների գնալ,- ասել է Սլուցկին «РИА Новости»- ին։- Նախագահ Վլադիմիր Պուտինը վերահաստատել է երկխոսության պատրաստականությունը, բայց փոխադարձ հարգալից և իրավահավասար երկխոսության: Անհրաժեշտ են հակամարտության արմատական պատճառների վերացման իրավական երաշխիքներ, ինչը նշանակում է Եվրոպայում անվտանգության նոր կայուն ուրվագծեր։ Մենք կողմ ենք ազնիվ և արդար ճանապարհին՝ լինի այն բարդ թե դյուրին»:
Սլուցկու կարծիքով՝ Թրամփն առայժմ միայն հայտարարում է մտադրությունները, այդ թվում՝ Ռուսաստանի ղեկավարության հետ շփումների ապասառեցումը, բայց «ուկրաինական ճգնաժամից դուրս գալու որոշակիություն չի առաջարկում՝ շաղ տալով միայն սպառնալիքներ»:
«Ուշադիր հետևելու ենք և ելնելու ենք իրական նախաձեռնություններից,- նշել է խորհրդարանականը։- Սկզբունքային հարց է՝ ինչ պայմաններով է ամերիկյան նոր վարչակազմն առաջարկելու իր «գործարքները»»:
Մենք պետք է տեսնենք, թե ինչ է նշանակում «գործարքը» նախագահ Թրամփի պատկերացմամբ
ՄԱԿ- ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին «РИА Новости»- ի հետ զրույցում նույնպես մեկնաբանել է Ուկրաինայի հարցով գործարքի մասին Թրամփի խոսքերը:
«Այնպես որ, մենք պետք է տեսնենք, թե ինչ է նշանակում «գործարքը» նախագահ Թրամփի պատկերացմամբ,- ասել է Պոլյանսկին։- Նա պատասխանատու չէ այն բանի համար, ինչ ԱՄՆ- ն արեց Ուկրաինայում 2014 թվականին՝ այն դարձնելով «հակառուսական» և նախապատրաստելով մեզ հետ պատերազմի, բայց այժմ նա ի զորու է կանգնեցնել այդ չարամիտ քաղաքականությունը»:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը սկսել է իր հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի «վերջ տա այն պատերազմին, որը Կիևի վարչակարգը վարում է սեփական ժողովրդի դեմ 2014 թվականից»:
«Խոսքն, առաջին հերթին, ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների վերացման մասին է,- ասել է Պոլյանսկին:- Խոսքը երբեք տարածքի մասին չի եղել, խոսքը մարդկանց և իրենց ինքնությունը պահպանելու նրանց իրավունքի մասին է»:
Թրամփը տագնապալի նախազգուշացում է ստացել Ռուսաստանի մասին՝ «Պայթյուն տեղի կունենա»
ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը պետք է վերանայի ԱՄՆ- ի բացառիկության մասին իր գաղափարները՝ Ռուսաստանի հետ մրցակցության կործանարար լինելու պատճառով. այս մասին, «РИА Новости»- ի փոխանցմամբ, հայտարարել է Ռոնալդ Ռեյգանի վարչակազմում ֆինանսների նախարարի նախկին օգնական Փոլ Քրեյգ Ռոբերթսը YouTube- ի «Dialogue Works» ալիքին տված հարցազրույցում:
«Ձեզ հարկավոր չէ անվերջ բախում ԱՄՆ- ի և Ռուսաստանի միջև, քանի որ Ռուսաստանի ռազմավարական հնարավորությունները հավասարը չունեն,- ասել է Փոլ Քրեյգ Ռոբերթսը:- Եվ եթե դուք կրկին միջուկային մրցավազք ունենաք (Ռուսաստանի հետ.- ծանոթ. խմբ.), ապա, վաղ թե ուշ, պայթյուն տեղի կունենա։ Հուսանք, որ Թրամփը կգիտակցի ամերիկյան բացառիկության մասին պատկերացումների հակասականությունը»:
Փորձագետը նոր նախագահին նախազգուշացրել է նաև, որ ԱՄՆ- ն պարզապես չունի ռազմավարական համակարգեր, որոնք համեմատելի են ռուսականի հետ, և դրանք մշակելու փորձերը, անշուշտ, կվերածվեն նոր վարչակազմի այլ նախագծերի համար փողի անբավարարության:
Անցյալ շաբաթ Թրամփի վարչակազմում Պենտագոնի ղեկավարի թեկնածու Փիթ Հեգսեթը Ռուսաստանի միջուկային զինանոցի աճը սպառնալիք էր անվանել ԱՄՆ- ի համար և հանդես էր եկել ամերիկյան միջուկային եռյակի արդիականացման օգտին:
Արտգործնախարար Սերգեյ Լավրովն, իր հերթին, հայտարարել էր, որ Մոսկվան հաստատակամորեն հավատարիմ է միջուկային պատերազմում հաղթելու անհնարինության սկզբունքին և երբեք զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման վերաբերյալ քննարկումներ չի սկսել:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան