Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Գալյան
«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,- այսօր ամփոփիչ ասուլիսում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Հարցին, թե ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին պահանջ է հնչում Ադրբեջանից, նաև նոր Սահմանադրության նախաբանը, որտեղ կա Արցախի մասին հղում, հանելու մասին քննարկում եղե՞լ է, Ս. Գալյանը պատասխանեց. «Մենք ուզում ենք ունենալ ընդամենն ավելի լավ Սահմանադրություն, ոչ թե Սահմանադրություն, որը պետք է լուծի «անվտանգային խնդիր», որը չկա այս պահի դրությամբ։
Մեր գործողությունը, մեր ցանկությունը, որ պետք է ունենալ նոր Սահմանադրություն, հրատապություն չի ենթադրում, պայմանավորված չէ ձեր ասածով։
Հարցն էլ՝ նախաբանը մնալու է, թե ոչ, հստակ որոշում չկա տեքստի մասով։ Հասարակությունն է որոշելու վերջնարդյունքում՝ կամ քվեարկելու է կողմ Սահմանադրության նոր տեքստին, կամ դեմ։ Ոչ մի խնդիր, ինտրինգ պետք չէ այս ամենում փնտրել»։