Կրեմլը հիշեցրել է, թե ինչ է ստանում Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցությունից

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է այն զգալի դիվիդենտները, որոնք Հայաստանը ստանում է Ռուսաստանի Դաշնության հետ փոխգործակցությունից և ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում։

«Բացի երկկողմ ասպեկտներից, մեզ համար, իհարկե, շատ կարևոր են ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում մեր փոխգործակցության ասպեկտները, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում։

Այս ամենը միասին վերցրած համագործակցություն է, որը զգալի դիվիդենտներ է ապահովում Հայաստանի և նրա ժողովրդի համար։

Ահա թե ինչից ենք մենք ելնում»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Հայաստանի միջև փաստաթղթի ստորագրումը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, թե երեքշաբթի օրը Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ կստորագրեն։ 2024 թվականի հունիսին, հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հանդիպումից հետո, երկու երկրների կառավարությունները համատեղ հայտարարություն ընդունեցին երկկողմ ռազմավարական երկխոսությունը ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու մտադրության մասին։