Կիևի կողմից «Թուրքական հոսքին» հարվածելու փորձը շատ վտանգավոր է Եվրոպայի համար․Պեսկով

Ուկրաինական ուժերի կողմից Կրասնոդարի երկրամասի Գայ-Կոձոր բնակավայրում «Թուրքական հոսք» գազատարի «Ռուսական» ճնշակայանին հարվածելու փորձը եվրոպացի սպառողների համար նման գործողությունների շղթայում շատ վտանգավոր օղակ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Սա նոր, եվրոպացի սպառողների համար շատ վտանգավոր օղակ է պայթյունների կազմակերպման և իրագործման, «Հյուսիսային հոսքի» վրա դիվերսիաների իրականացման գործողությունների շղթայում։ Սա գազի տարանցման դադարեցում է, Սուջայում և այլ վայրերում ճնշակայանների աշխատանքի կանգնեցում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողներին։