Սերգեյ Խուդյակով․ «Ամեն ինչի համար մեղավոր եմ ես»

Հայոց ռազմի պատմության մեջ արցախցի զորականները մշտապես մեծ դերակատարություն են ունեցել և թողել են իրենց անջնջելի հետքը։ Նրանցից մեկը Խորհրդային Միության Ռազմաօդային ուժերի մարշալ Արմենակ Արտեմի Խանփերյանցն է, նույն ինքը՝ Սերգեյ Ալեքսանդրի Խուդյակովը։

Ծնվել է Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Շուշվա գավառի /այժմ՝ ԼՂՀ Հադրութի շրջանի/ Մեծ Թաղեր գյուղում 1902 թվականի հունվարի 7-ին, Արտեմ և Գյուլխանում Խանփերյանցների ընտանիքում։ 1908 թվականին մահանում է հայրը՝ երեք որդիներին թողնելով մոր խնամքին։ 15 տարեկանում մեկնում է Բաքու և աշխատում նավթարդյունաբերության մեջ՝ որպես հեռախոս վերանորոգող վարպետի օգնական։ Բաքվում ծանոթանում է Ի. Վ. Ջուղաշվիլու /Ստալինի/ հետ։ Մասնակցում է «Իսկրա» /«Կայծ»/ թերթի թողարկմանը։ 1918 թվականի փոտրվարին ծառայության է անցնում Կարմիր բանակում՝ հետախուզական հեծելազորում։ Մարտերից մեկում, ժամանակին իր կյանքը փրկած ընկերոջ՝ հրամանատար Սերգեյ Ալեքսանդրի Խուդյակովի մահացու վիրավորվելուց հետո, Արմենակը, վերցնելով նրա զենքը և կրելով նրա համազգեստը, ստանձնելով հետախուզական ջոկատի հրամանատարությունը, ընկերոջ հորդորով՝ «Խուդյակովն ապրում է։ Դու ես հիմա Խուդյակովը», ջոկատը դուրս է բերում շրջափակումից և այդ օրվանից հանդես է գալիս նրա անուն-ազգանունով։

Քաղաքացիական պատերազմին Խուդյակովն ունեցել է գործուն մասնակցություն՝ պաշտպանել Ցարիցինը, եղել գումարտակի հրամանատար, իսկ պատերազմի ավարտին արդեն ունեցել Անդրովկասյան ճակատի էսկադրիլիայի հրամանատարի պաշտոն։

1922 թվականին Թիֆլիսում ավարտել է 2-րդ հրամանատարական կատարելագործման կավալերիական դասընթացը, 1924 թվականից եղել է գնդի դպրոցի պետը, 1928-1931 թվականներին Իզյասլավում՝ ներկայիս Խմելնիցկու շրջանում, եղել կոզակական կավալերիական գնդի շտաբի պետը։ Այստեղ 1928 թվականին ամուսնացել է Վարվարա Պետրովնա Լելյակի հետ։ 1936 թվականին գերազանցությամբ ավարտելով Ն. Ե. Ժուկովսկու անվան ռազմաօդային ուժերի ակադեմիայի հրամանատարական բաժինը՝ մայոր Խուդյակովը նշանակվել է Բելառուսական Հատուկ զինվորական շրջանի 5-րդ ավիակիր ռմբահար բրիգադի շտաբի օպերատիվ բաժնի պետ։ Մեկ տարի անց՝ 1937 թվականին գլխավորել նույն շրջանի Ռազմաօդային ուժերի շտաբի բաժանմունքը, իսկ 1938 թվականից գնդապետ Խուդյակովն զբաղեցրել է նույն շրջանի Ռազմաօդային ուժերի թիկունքի պետի պաշտոնը։

Երբ սկսվեց Մեծ Հայրենականը, գնդապետ Խուդյակովը Ռազմաօդային ուժերի Արևմտյան Հատուկ զինվորական շրջանի շտաբի պետն էր։ Նա մասնակցեց Մոսկվայի համար մղված ճակատամարտին արդեն որպես Ռազմաօդային ուժերի Արևմտյան ճակատի հրամանատար՝ զորավար Գ. Կ. Ժուկովի ընդհանուր հրամանատարությամբ։ 1942 թվականին գեներալ-մայոր Խուդյակովի առաջարկության հիման վրա որոշվեց ստեղծել Օդային ուժերի բանակ՝ տարբեր ճակատների ռազմաօդային ուժերի փոխարեն, որը հնարավորություն էր ընձեռում, օդային ուժերի միասնական հրամանատարության ներքո, հարվածներ հասցնել տարբեր ճակատների ցանկացածդ հատվածում։ Նույն թվականին գեներալ-մայոր Խուդյակովը նշանակվում է Կարմիր բանակի Ռազմաօդային ուժերի հրամանատար, իսկ մեկ ամիս անց, հունիսի 18-ին, ստանձնում Արևմտյան ռազմաճակատի 1-ին օդային բանակի հրամանատարի պաշտոնը։ 1943 թվականի մարտին ստանում է Ռազմաօդային ուժերի գեներալ-լեյտենանտի, իսկ նույն թվականի հոկտեմբերին՝ գեներալ-գնդապետի կոչում և համակարգում մարտական գործողությունները Կուրսկի և Դնեպրի ճակատամարտերում։ Կուրսկի ճակատամարտից հետո՝ Խարկով քաղաքի մերձակայքում օդանավակայանի վրա թշնամու հարձակման ժամանակ կորցնում է տասնչորսամյա ավագ որդուն՝ Վիկտորին, որին ինքն էր բերել ռազմաճակատ։

1944 թվականի օգոստոսին գեներալ-գնդապետ Խուդյակովը նշանակվում է Կարմիր բանակի Ռազմաօդային ուժերի շտաբի պետ և Կարմիր բանակի Ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ։ Մարտական գործողություններում ցուցաբերած շնորհները, հմտություններն ու զորավարի վառ արտահայտված տաղանդը աննկատ չի մնում։ 1944 թվականի օգոստոսի 19-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով գեներալ-գնդապետ Խուդյակովին շնորհվում է Ռազմաօդային ուժերի մարշալի կոչում՝ զինվորական ամենաբարձր կոչումը, որին նա, իրավամբ, իր ունեցած վաստակով արժանի Էր։

1945 թվականի փետրվարին խորհրդային պատվիրակության կազմում Ռազմաօդային ուժերի մարշալ Խուդյակովը՝ որպես ռազմական խորհրդական, մասնակցում է Մեծ եռյակի՝ Խորհրդային Միության, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի Յալթայում տեղի ունեցած համաժողովին։

1945 թվականի մարտին Գլխավոր Գերագույն հրամանատարի հրամանով նշանակվում է Անդրբայկալյան ռազմաճակատի 12-րդ օդային ուժերի բանակի հրամանատար, ապա՝ Հեռավորարևելյան զինվորական շրջանի Ռազմաօդային ուժերի հրամանատար՝ մասնակցելով կայսերական Ճապոնիայի դեմ մղված մարտերին՝ գործուն մասնակցություն ունենալով օդային-հետախուզական գործողությանը, որի ժամանակ գերեվարվում է Մանջուրիայի կայսրը և բռնագրավվում է որպես ռազմական ավար նաև այդ երկրամասի ոսկու պաշարը, որը ճանապարհին Մոսկվա փոխադրող ինքնաթիռի հետ անհետանում է։

1945 թվականի դեկտեմբերի 14-ին Խորհրդային Միության Ռազմաօդային ուժերի մարշալ Խուդյակովը Չիտա քաղաքում ձերբակալվում և տեղափոխվում է Մոսկվա։ Նրան մեղադրանք է առաջադրվում հայրենիքին դավաճանության, ինչպես նաև՝ Մանջուրիայից տեղափոխված ռազմավարի յուրացման համար։ 1950 թվականի ապրիլի 18-ին նա դատապարտվում է բարձրագույն պատժաչափով՝ գույքի բռնագանձմամբ գնդակահարություն։ Նույն օրը մահապատիժն իրականացվում է և աճյունն ամփոփվում է Դոնսկոյե գերեզմանատանը։

1951 թվականի հունվարի 13-ին Խուդյակովի այրին՝ Վարվարան, և կրտսեր որդին՝ Սերգեյը, ևս ձերբակալվում են որպես Հայրենիքի դավաճանի ընտանիքի անդամներ և աքսորվում Կրասնոյարսկի երկրամաս։ Ձերբակալվում և աքսորվում է նաև Խուդյակովի որդեգիր զավակը՝ Վլադիմիր Խուդյակովը, որը լեյտենանտի զինվորական կոչումով այն ժամանակ ծառայում էր Խորհրդային բանակում։ 1953 թվականի մարտի 27-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության «Համաներման մասին» հրամանագրով Խուդյակովի ընտանիքին թույլատրվում է աքսորից վերադառնալ Մոսկվա։ 1954 թվականի օգոստոսին Գլխավոր զինվորական դատախազի առաջարկությամբ ԽՍՀՄ Գերագույն դատարանի Զինվորական կոլեգիան կրկին քննեց N100384 գործը՝ ի հայտ եկած նոր հանգամանքների առնչությամբ, գործում առաջին անգամ մատնանշելով հայազգի մարշալի անուն, հայրանուն, ազգանունը՝ «Արմենակ Արտեմի Խանփերյանց», և պարզելով, որ առաջադրված մեղադրանքը որևէ փաստական տվյալով չի ապացուցվում, 1954 թվականի օգոստոսի 18-ին որոշեց ի հայտ եկած նոր հանգամանքներով չեղյալ ճանաչել մեղադրական եզրակացությունը՝ գործում հանցակազմի բացակայությունը նկատի առնելով։

1957 թվականի ամռանը Արմենակ Խամփերյանցի այրին, որդու՝ տասնչորսամյա Սերգեյի հետ, այցելում է Մեծ Թաղեր՝ նրան ծանոթացնելու հայրենի եզերքին և հայրական տանը, նշելու նրա ծննդյան տարեդարձը։

1965 թվականի հուլիսի 6-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով վերականգնվում է Արմենակ Արտեմի Խանփերյանցի՝ ԽՍՀՄ Ռազմաօդային ուժերի մարշալի զինվորական կոչումը՝ շքանշանների կրման իրավունքով։ Արդարությունը վերականգնվում, իսկ արդարամտությունը հաղթանակում է՝ կարծես պարզելով ժամանակին հնչեցրած մարշալի խոսքը. «Ամեն ինչի համար մեղավոր եմ ես»։ Մեղավոր եմ նաև … հայ լինելուս և հայկական անուն, ազգանուն կրելուս համար։

2021 թվականին «ֆաշիզմի» դեմ պայքարող ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ պղծվեց և ոչնչացվեց Մեծ Թաղեր գյուղում տեղադրված ԽՍՀՄ Ռազմաօդային ուժերի մարշալ Արմենակ Խանփերյանցի՝ ֆաշիզմի դեմ հերոսաբար պայքարած մեծ հայի հիշատակը հավերժացնող արձանը և մասնատվեց նրա տուն-թանգարանի առջև կանգնած «ՄԻԳ-17»-ը ։

 ՀՀԿ հոգևոր-մշակութային և գիտակրթական հանձնաժողով