Եվրահանձնաժողովը կվերլուծի ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցը և կքննարկի այն Երևանի հետ

Եվրահանձնաժողովից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ կվերլուծեն ԵՄ-ին Հայաստանի անդամակցության օրենսդրական նախաձեռնությունը և կքննարկեն այն Երևանի հետ։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հունվարի 9-ի նիստին հավանության արժանացավ ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել և այժմ կառավարությունը պետք է սահմանված կարգով դիրքորոշում հայտնի։

Ըստ Փաշինյանի՝ օրենքի ընդունումը սակայն չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը ուղիղ իմաստով, որովհետև այդ կետին հասնելու համար և այդ կետում որոշում կայացնելը չի կարող լինել օրենքի և նույնիսկ կառավարության որոշման մակարդակով․ «Այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն հանրաքվեի ճանապարհով, ուրիշ տարբերակ չկա»,- ընդգծել է Փաշինյանը։