ԵՄ առաքելության գործունեությունը հայ-ադրբեջանական սահմանին պետք է ավարտվի. Հաջիև
«Հայաստանի տարածքում որևէ երրորդ երկրի ուժեր տեղակայելը մտահոգություն է առաջացնում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա ասել է, որ «ադրբեջանական կողմը փոխըմբռնման և խաղաղության պայմաններում իրականացվող սահմանազատման գործընթացին երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չի տեսնում»։
«Հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության որևէ առաքելության առկայության անհրաժեշտություն չենք տեսնում։ Այդ առաքելության գործունեությունը պետք է ավարտվի։ Առաքելության տեղակայումը Պրահայում համաձայնեցվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։
Ծրագրված էր, որ այս առաքելությունը պետք է կարճաժամկետ լինի։ Բայց մենք տեսնում ենք, որ այդ առաքելությունը դառնում է մշտական, և դրա կազմը, ինչպես նաև նրա մանդատի տարածքը ընդլայնվում են։
Փոխըմբռնման և խաղաղության պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվող սահմանազատման գործընթացին երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չենք տեսնում։ Մենք Եվրամիության առաքելությունը չենք համարում տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը նպաստող գործոն։ Սա մտահոգիչ է», – ասել է նա։