Հանրային քննարկման է ներկայացվել Զբաղվածության 2025-2031 թթ․ ռազմավարական ծրագիրը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Զբաղվածության 2025-2031 թթ․ ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Ծրագրով սահմանվում է զբաղվածության ոլորտի զարգացման տեսլականը և վերջինիս հասնելու արդյունավետ ճանապարհը․ նպատակը՝ զբաղվածության աճի ապահովումն է` մրցունակ ու զբաղունակ աշխատուժի ձևավորման, ինչպես նաև բարձր արտադրողականությամբ աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով:

Ըստ այդմ, ռազմավարական ծրագրի շրջանակում սահմանվել են հետևյալ ռազմավարական նպատակները`

  • մարզային քաղաքները ներառող համայնքներում ոչ գյուղատնտեսական, բարձր արտադրողականություն ունեցող զբաղվածության աճ,
  • 18-29 տարեկան չսովորող, չաշխատող երիտասարդների զբաղվածության աճ՝ հմտությունների շարունակական զարգացման, դրանց իրացման հնարավորությունների ընդլայնման և արտադրողականության բարձրացման միջոցով,
  • կանանց զբաղվածության աճ՝ աշխատաշուկայում նրանց ներուժի ամբողջական և երկարաժամկետ իրացման, ինչպես նաև ձեռներեցության զարգացման միջոցով, մասնավորապես՝ թիրախավորելով միջին տարիքի (30-40) կանանց զբաղվածությունը,
  • ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող, առանց սահմանափակումների աշխատունակ շահառուների ինտեգրում՝ սոցիալական նպաստի համակարգի արդյունավետության բարձրացման միջոցով,
  • զբաղվածության ոլորտում պետական քաղաքականության համակարգի փոխակերպում՝ նպատակաուղղված մարդկային կապիտալի զարգացմանը, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի աճին, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատմանը:

Նախագծի մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնելու համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/8070