Խնդիրները շատ են, ցանկն ուղարկել ենք․ տաքսու վարորդները բողոքում են

«Սկսենք զրոյից» նախաձեռնությունն արդեն 10 ամիս ներկայացնում է օնլայն տաքսի վարորդների խնդիրները, դիմել են պետական գերատեսչություններին, օպերատորներին: Այսօր իրականացրած ակցիայի ժամանակ նրանք ասացին, որ որևէ խնդրի չի տրվել առանցքային լուծում և հավաքվելու են այնքան ժամանակ, մինչև խնդիրներին լուծում տրվի:

«Այնքան շատ են խնդիրները, ցանկն ուղարկել ենք: Ամենամեծ խնդիրը, որ առաջ ենք քաշում,  տարիֆը կեղծ բաղադրիչ է, անվերահսկելի: Եթե մի բանը կեղծ է  ու անվերահսկելի, իրավունք չունի գոյություն ունենալ: Մեր առաջարկներից է տարիֆի վերացում կամ այնպիսի բաղադրիչ, որ վերահսկելի լինի»,- ասաց ակցիայի մասնակից վարորդներից մեկը:

«Վարորդին պատվերներ չընդունելու հնարավորություն տրված չի, նաև վարորդը չի տեսնում, թե ուր պետք է գնա. Բ կետը չտեսնելով՝ նա չի կարողանում վերլուծել, թե արդյոք տվյալ պատվերը եկամտաբե՞ր է, թե ոչ»,- նշեց մեկ այլ վարորդ: