Գրիպ և գրիպի դեմ պատվաստում․ միֆ և իրականություն

Միֆ 1․ եթե ես հակաբիոտիկներ եմ ընդունում կամ օգտագործում եմ ինհալյատոր, ես չեմ կարող գրիպի պատվաստանյութ ստանալ:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Հակաբիոտիկների ընդունումը կամ ստերոիդներով ինհայլատորի օգտագործումը գրիպի պատվաստումը բաց թողնելու պատճառ չեն, եթե չեք ջերմում:

Միֆ 2․ գրիպի պատվաստանյութը գրիպ է առաջացնում:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Պատվաստանյութերն օգնում են Ձեր օրգանիզմին ունենալ անընկալություն՝ առանց Ձեզ վարակելու:

Միֆ 3․ Ավելի լավ է հիվանդանալ, քան պատվաստվել:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Գրիպը լուրջ հիվանդություն է, հատկապես որոշակի ռիսկային խմբերի համար (հղիներ, երեխաներ, տարեցներ կամ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ): Պատվաստումը գրիպից պաշտպանվելու ամենաանվտանգ միջոցն է:

Կարևոր է ամեն տարի պատվաստվել, քանի որ վիրուսը փոխվում է:

Միֆ 4․ Գրիպը պարզապես ուժեղ մրսածություն է:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Գրիպի և մրսածության միջև մեծ տարբերություններ կան։ Գրիպը վարակիչ վիրուսային հիվանդություն է և ախտանշանները հայտնվում են հանկարծակի, ներառյալ` ջերմություն, մկանացավեր և հոդացավեր, դող, գլխացավ, հազ և կոկորդի ցավ: Գրիպը կարող է հանգեցնել թոքաբորբի, բրոնխիտի և այլ բարդությունների: Մրսածությունն ավելի թեթև է ընթանում, ուղեկցվում է ոչ բարձր ջերմությամբ և թույլ արտահայտված ախտանիշներով:

Միֆ 5․ Վիտամին C-ն կանխում է գրիպը:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ.Վիտամիններով և հանքանյութերով հարուստ առողջ սնունդը կօգնի ձեզ առողջ մնալ, բայց դա չի երաշխավորում անընկալունակություն գրիպի դեմ:

Միֆ 6․ Առանց տաք հագուստի դրսում գտնվելը կարող է գրիպի պատճառ դառնալ:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Սեզոնային գրիպը համընկնում է տարվա ցուրտ եղանակի հետ, այդ իսկ պատճառով մարդիկ ցածր ջերմաստիճանը և սառը եղանակը կապում են գրիպի հետ: Մրսածությունը կարող է ազդել օրգանիզմի պաշտպանական մեխանիզմների վրա, բայց դա գրիպ չի հարուցի:

Միֆ 7․ Հակաբիոտիկները բուժում են գրիպը:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Հակաբիոտիկները նշանակվում են բակտերիալ վարակների դեմ պայքարելու համար, մինչդեռ գրիպը պայմանավորված է վիրուսով: Գրիպի դեմ հակաբիոտիկներ ընդունելը չի բուժի վարակը և չի դադարեցնի վիրուսի փոխանցումը: Իրականում, եթե հակաբիոտիկները ճիշտ չեն օգտագործվում, դրանք կարող են վնասակար ռեակցիաներ առաջացնել և նպաստել հակամանրէային կայունության զարգացմանը:

Միֆ 8․Եթե քթահոսություն ունեմ, չեմ կարող գրիպի պատվաստանյութ ստանալ:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Դուք կարող եք պատվաստվել, նույնիսկ եթե ունեք թեթև ախտանիշներ:

Միֆ 9․ Գրիպը լուրջ հիվանդություն չէ, ուստի հարկավոր չէ պատվաստվել:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Աշխարհում ամեն տարի գրիպից մահանում է մինչև 650.000 մարդ: Չնայած յուրաքանչյուրը կարող է վարակվել դրանով, բայց ծանր բարդությունների ռիսկն ավելի մեծ է թույլ իմուն համակարգ ունեցող մարդկանց մոտ: Մարդկանց մեծ մասը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, բայց որոշ մարդկանց մոտ այնպիսի բարդություններ կարող են առաջանալ, ինչպիսիք են սինուսային վարակները, ականջաբորբը, թոքաբորբը և այլն:

Միֆ 10․ Եթե ես հղի եմ կամ կրծքով կերակրում եմ, չեմ կարող գրիպի պատվաստանյութ ստանալ:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Հղիությունը կամ կրծքով կերակրումը գրիպի դեմ պատվաստումից հրաժարվելու պատճառ չեն: Հղի կանայք պետք է պատվաստվեն հղիության ցանկացած փուլում, որպեսզի պաշտպանեն իրենց և իրենց երեխաներին` կյանքի առաջին ամիսներին: Եթե հղիության ընթացքում կինը չի պատվաստվել, նա պետք է գրիպի պատվաստանյութ ստանա ծննդաբերությունից հետո:

Միֆ 11․ Առողջապահության ոլորտի մասնագետները գրիպի դեմ պատվաստումներ ստանալու անհրաժեշտություն չունեն, քանի որ նրանք մշտապես շփվելով հիվանդների հետ ձեռք են բերում բնական անընկալություն:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Առողջապահության ոլորտի մասնագետները պետք է արջնահերթ ամեն տարի պատվաստվեն՝ իրենց պացիենտներին, ընտանիքներին և իրենց պաշտպանելու համար:

ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» վերլուծական կենտրոն