Եթե մենք լռենք ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին, մեր փոխարեն կխոսեն ուրիշները․ Մարկեդոնով
«Ինձ համար ռուս-հայկական հարաբերությունները պարզապես դատարկ արտահայտություն կամ մասնագիտական հետաքրքրություն չեն. ես ծնվել եմ Դոնի Ռոստովում, և մանկուց իմ ինքնության մի մասն են Չալթիրը, Նոր Նախիջևանը, իմ հայ դասընկերները: Սա մանկուց է, այդ հետաքրքրությունը կանխորոշված է եղել այն ժամանակ»,- Երևանում ընթացող «ՀՀ-ն և ՌԴ-ն՝ տարածաշրջանային և գլոբալ վերաձևավորման պայմաններում. դասեր և ռազմավարական ընտրություն» թեմայով Դիվանագետների խորհրդի և ՄԳԻՄՕ-ի գիտաժողովին ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի(ՄՄՀՊԻ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
«Ես համաձայն եմ իմ գործընկերների հետ, որ մենք, հավանաբար, գտնվում ենք երկկողմ հարաբերությունների ամենադժվար կետում։ Դեռ 2-3 տարի առաջ, երբ ես սկսեցի դասախոսություններ Կովկասում, ասացի, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, Վրաստանը ՆԱՏՕ-ի կողմնակից երկիրն է, Ադրբեջանը՝ ճոճվող քաղաքականություն վարող երկիր»,- նշեց նա, հավելելով, որայսօր իրավիճակը շատ է փոխվել. «Ռուսաստանն ու Հայաստանը ինչ-որ առումով ճգնաժամային հարաբերությունների մեջ են։
«Երկկողմ ռազմավարական դաշինքի առանցքային տարրերը կասկածի տակ են դրվում։ Եթե արտահայտվում է այն միտքը, որ ՀԱՊԿ-ը ոչ թե պարզապես անարդյունավետ կառույց է (դա կլինի խնդրի կեսը), այլ հնչում են ելույթներ, որ ՀԱՊԿ-ը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը, սա բոլորովին այլ շարքից է։
Ի՞նչ եզրակացություններ կարող ենք անել․ դուք կարող եք գնալ գոյություն ունեցող հարաբերություններն արմատապես խզելու ճանապարհով և ասել, որ դրանք այլևս տեղին ու արդյունավետ չեն, և դրանով վերջ դնել: Կարելի է ընտրել մեկ այլ տարբերակ: Ես այլ տարբերակ եմ ընտրում։ Ինձ թվում է, որ իրավիճակը անդառնալի չէ, քաղաքական գործիչները փոխվում են, դա պարբերաբար լինում է, բայց հարաբերությունները պետք է մնան։ Ռուսաստանն ու Հայաստանը, ռուս և հայ ժողովուրդները… շատ է խոսվել տարիների ընթացքում ձևավորված դրական կապերի մասին, բայց եղել են նաև ճգնաժամային ժամանակաշրջաններ»,- ասաց Մարկեդոնովը և հիշեցրեց 20-րդ դարի սկզբի իրավիճակը՝ «ՀԱԵ-ի ունեցվածքի բռնագրավումը և ի պատասխան դաշնակցական տեռորի աճը»։
«Այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար, ինձ թվում է, պետք է պատասխանել 2 հարցի՝ ի՞նչ է Ռուսաստանը Հայաստանի համար, իսկ ի՞նչ է Հայաստանը Ռուսաստանի համար։ Առանց այս հարցերի, առանց դրանց գրագետ ձևակերպման՝ ոչինչ չի ստացվի։ Ինչպես չի ստացվի պարզապես լռել ու նստել: Որովհետև եթե մենք լռենք, մեր փոխարեն ուրիշները կխոսեն։ Մեր շահերի՞ց ելնելով։ Ես այս հարցում մեծ կասկածներ ունեմ»,- ընդգծեց ռուս քաղաքագետը։