Իսրայելական զորքերը մոտենում են Դամասկոսին
Իսրայելական զորքերը մտել են Սիրիա և գտնվում են Դամասկոսի հարավ-արևմուտքում՝ մայրաքաղաքից մոտ 25 կմ հեռավորության վրա։ Այս մասին Reuters-ին հայտնել են անվտանգության ուժերում աղբյուրները։
Օրերս Իսրայելը գրավել էր Գոլանի բարձունքներում գտնվող բուֆերային գոտին, իսկ դեկտեմբերի 10-ի գիշերն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի ողջ տարածքում տեղակայված ռազմական օբյեկտներին և ավիաբազաներին՝ ոչնչացնելով տասնյակ ուղղաթիռներ և կործանիչներ, ինչպես նաև Դամասկոսում Հանրապետական գվարդիայի ակտիվները։ Աղբյուրները հայտնել են, որ շուրջ 200 ավիահարվածներից հետո «Սիրիայի բանակի ակտիվներից ոչինչ չի մնացել»։
Իսրայելը հայտարարել է, որ ավիահարվածները կշարունակի մի քանի օր, սակայն միևնույն ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հայտնել է, որ չի միջամտի Սիրիայում հակամարտությանը, և որ իր կողմից բուֆերային գոտու գրավումը պաշտպանական քայլ է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելը շարունակում է ավիահարվածներ հասցնել Սիրիային, թիրախավորվում են Դամասկոսը և Լաթաքիան։