Հալեպի ռազմական կառավարման պատասխանատուները հանդիպել են հայ և քրիստոնյա այլ համայնքապետների հետ
Հալեպի ռազմական կառավարման պատասխանատուներն այսօր հանդիպել են հայ և այլ քրիստոնյա համայնքապետների հետ։ Այս մասին հայտնում է «Գանձասարը»։
Հանդիպումից հետո, «Ազատության» հաղորդմամբ, Բեյրո թեմի առաջնորդ Մակար արքեպիսկոպոս Աշգարյանն ասել է, որ հալեպահայերն անվտանգության երաշխիք են ստացել քաղաքի ռազմական կառավարիչներից։
«Կարող ենք ասել, որ ապահովություն լինելու է, չպետք է վախենանք։ Ընդհակառակը՝ պետք է հուսանք, որ մոտ ապագայում ամեն ինչ պետք է լավ լինի։ Իրենք ասում են, որ լավ կլինի, որ ամեն մարդ սկսի աշխատանքին գնա, թեև որոշ տնտեսական դժվարություններ ունենք։ Բանկերը փակ են, տակավին դպրոցները փակ են։ Բայց մոտ ժամանակներս՝ հավանաբար մեկ շաբաթից համալսարաններն ու դպրոցները կսկսեն իրենց բնականոն ընթացքի մեջ մտնել։ Մաղթենք, որ բանկային դրությունն էլ կկարգավորվի», – ասել է Աշգարյանը։
Արքեպիսկոպոսի խոսքով, քաղաքում իրավիճակը խաղաղ է։