Գոհար Գասպարյանի 100-ամյակին կլինի բացառիկ ցուցադրություն

Դեկտեմբերի 14-ին լրանում է օպերային արվեստի հայ մեծանուն վարպետ, երգչուհի Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակը։

Երգչուհու ծննդյան օրը  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Մեծ Ճեմասրահում տեղի կունենա Գոհար Գասպարյանի 100-ամյակին նվիրված  թանգարանային բացառիկ ցուցադրություն, որը կընդգրկի երգչուհու կյանքն ու ստեղծագործական գործունեությունը ներկայացնող արժեքներ՝ արխիվային լուսանկարներ, նամակներ, ուղերձներ, գրքեր, օպերային և համերգային զգեստները, անձնական իրեր և այլն։

Ցուցանմուշները վերցված են օպերային թատրոնի արխիվից, Գոհար Գասպարյանի անձնական արխիվից, ինչպես նաև   «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան»-ի ֆոնդից։

Թանգարանային ցուցադրությանը կհաջորդի Գոհար Գասպարյանի կատարողական ծրագրով, տեսապրոյեկցիոն լուծումներով և երաժշտագիտական մեկնաբանություններով համակցված դասական երաժշտության համերգ։

Համերգին ելույթ կունենան ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը (բարիտոն),
ՀՀ վաստակավոր արտիստ Քրիստինե Սահակյանը (մեցցո-սոպրանո), Հայկ Տիգրանյանը (բաս), Աննա Այվազյանը (սոպրանո), Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Հովհաննես Անդրեասյանը (տենոր), դաշնակահար’ Յելենա Վարդազարյանը։

Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թ. Եգիպտոսի Կահիրե քաղաքում, Միքայել և Արուսյակ Խաչատուրյանների երաժշտասեր ընտանիքում։ Նա լույս աշխարհ էր եկել յոթ ամսականում։ Այն տարիներին բժշկությունը դեռևս անկարող էր ապահովել անհաս նորածինների առողջությունը։ «Չի ապրի, երեխան չափից շատ նվազ է ու թույլ»,- ցավով նշում էին ընտանիքի անդամները։ Սակայն նրա տատը հակառակն էր պնդել՝ ասելով. «Կապրի և բոլորիս հպարտությունը կդառնա»։

Հայրը մասնագիտությամբ իրավաբան էր։ Եղել է Կոմիտասի սաներից և տիրապետում էր ֆլեյտա գործիքին։ Մայրը հայոց լեզվի ուսուցչուհի էր և նվագում էր դաշնամուր։ Ուներ մի եղբայր, որը մահացել էր տիֆից։

Ինը տարեկանից երգել է Կահիրեի հայոց եկեղեցում։ Նախնական կրթությունը ստացել է Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանում։ Այնուհետև սովորել է Կահիրեի երաժշտական ակադեմիայում՝ ուսանելով եվրոպացի վարպետներ Էլիզ Ֆելդմանի և Վինչենցո Կարրոյի դասարաններում։ Աշակերտել է նաև աշխարհահռչակ դիրիժորներ Ֆրանչեսկո Մոլինարիին և Հյուտտելին, որոնք պատերազմի տարիներին շուրջ հինգ տարի ապրեցին և ստեղծագործեցին Կահիրեում։ Դաշնամուրի դասեր է վերցրել հույն դաշնակահար Ժորժ Թեմելիից։

1940-ից՝ դեռևս Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին, ելույթներ է ունեցել Կահիրեում։ Երգել է Եգիպտոսի ռադիոյում՝ որպես մեներգչուհի։ 1948 թ. հրավեր է ստացել Միլանի Լա Սկալա օպերային թատրոնից, սակայն նախընտրել է հայրենադարձվել Հայաստան:

Հայաստանում նվագախմբի հետ Գոհար Գասպարյանի առաջին համերգը կայացել է 1949 թ. հուլիսի 11-ին՝ Հայաստանի սիմֆոնիկ, այժմ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Սուրեն Չարեքյանի ղեկավարությամբ: Երգել է Ռոզինայի արիան Ռոսինիի «Սևիլյան Սափրիչը» օպերայից, Օլիմպիա տիկնիկի արիան Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» օպերայից, Ալյաբևի «Սոխակը», Մոցարտի «Ալլելուիան»: Այդ համերգից հետո նույն թվականին՝ 25 տարեկանում, դարձել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի։

Երևանյան թատրոնում նրա առաջին բեմելը նշանավորվել է Լակմեի դերերգով` համանուն օպերայից։ Հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում։

Հարուստ է եղել Գոհար Գասպարյանի երգացանկը՝ հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների մեծակտավ ու փոքրածավալ ստեղծագործություններ, հոգևոր ու ժողովրդական երգեր՝ ավելի քան 500 ստեղծագործություն։

Տիրապետում էր հայերեն, իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն ու անգլերեն լեզուներին։

Խոսքի վարպետ Ավետիք Իսահակյանը նրա մասին ասել է․ «Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին՝ ծլվլալ»։