Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնը չեղարկել է ներկայացումները տեղի ունեցող իրադարձությունների պատճառով
Թբիլիսիի Զաքարիա Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի պետական թատրոնը չեղարկել է ներկայացումները Վրաստանի ընթացիկ իրադարձությունների պատճառով։
«Տեղեկացնում ենք, որ երկրում ընթացիկ իրադարձությունների հետ կապված՝ «Դաիսի»-ի ներկայացումները նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին չեն կայանա»,- նշվել է թատրոնի հայտարարությունում։
Նոր ամսաթվերն առայժմ չեն հայտարարվել։ Տոմսեր ունեցողներին խոստանում են տեղեկացնել ավելի ուշ։
«Դաիսի»-ից բացի՝ թատրոնում այլ ներկայացումներ առաջիկա երկու օրերին նախատեսված չեն, տեղեկացրել է «Նովոստի Գրուզիան»։
Թբիլիսիի օպերան գտնվում է Ռուսթավելու պողոտայում, բողոքի գլխավոր վայրից՝ Վրաստանի խորհրդարանից ոչ հեռու։ Ավելի մոտ է Շոթա Ռուսթավելու թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարը՝ Ռոբերտ Ստուրուան, կառավարող «Վրացական երազանքի» մեծ կողմնակիցն է։ Այստեղ դեռ ներկայացումների չեղարկման մասին չեն հայտնել։
Հետաքրքիր է, որ նախօրեին Ռուսթավելու թատրոնի աշխատակիցները դռները բացել են ցուցարարների առջև, որոնք փորձել են թաքնվել ոստիկանությունից։
Արդեն երկու օր Ռուսթավելու պողոտայում շարունակվում է ցուցարարների ուժային ցրումը, որոնք բողոքում են եվրաինտեգրումը դադարեցնելու կառավարության որոշման դեմ։ Իրավապաշտպանները նշում են ոստիկանության կողմից տասնյակ ծեծված ցուցարարների և իրադարձությունները լուսաբանող լրագրողների մասին։
Երկու օրում վարչական կարգով բռնել են 150 մարդու։