Պետք է վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության արդիականացված մեթոդին
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 23-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հայտնվեցին տեսախցիկների առաջ՝ ուրախ ժպտալով և սեղմելով ձեռքերը։ ԱՄՆ ընտրություններից մի քանի օր անց Պրահայում, ԵՄ ռազմական պաշտոնյաների և պաշտպանական արդյունաբերության ղեկավարների հանդիպման ժամանակ հիմնական տեսակետն այն էր, որ Թրամփի քաղաքականությունն առայժմ «անկանխատեսելի է» և պարզ չէ թե ինչպիսի տրանսֆորմացիաներ կապրի նաև ՆԱՏՕ-ն:
ՆԱՏՕ-ի 32 անդամներից 23-ն այս տարի հասել կամ գերազանցել են դաշինքի ռազմական ծախսերի՝ ՀՆԱ-ի 2%-ը, որը սահմանվել էր մեկ տասնամյակ առաջ: 2022 թվականից ի վեր, ամբողջ Եվրոպայում պաշտպանական բյուջեները կայուն աճում են: Ընդհանուր ռազմական ծախսերն այս տարի աճել են միջինը 9%-ով՝ հասնելով 436 մլրդ դոլարի։
Սակայն քչերն են հավատում, որ դա բավարար կլինի Թրամփին համոզելու համար, որ Ամերիկայի դաշնակիցները ամբողջությամբ վճարում են իրենց պարտքը: Թվում է, թե նա հավանություն չի տալիս ՆԱՏՕ-ի սկզբունքին, ըստ որի՝ բոլոր անդամները պարտավոր են մեկի վրա հարձակումը համարել հարձակում ողջ դաշինքի վրա։
Ռյուտեն նախազգուշացրել է, որ ՀՆԱ-ի 2%-ի թիրախը բավարար չի լինի Թրամփին տպավորելու համար։ Եթե ԱՄՆ նոր վարչակազմը դադարեցնի Ուկրաինային ռազմական աջակցությունը՝ նրան բանակցությունների սեղանի շուրջ բերելու համար, ապա Եվրոպան ստիպված կլինի լրացնել ֆինանսական և ռազմական օգնության վակուումը, միաժամանակ համալրելով սեփական մատակարարումները։
Լեհաստանն արդեն որոշել է հաջորդ տարի ՀՆԱ-ի 5%-ը ծախսել պաշտպանության վրա։ Բալթյան երեք երկրները նախատեսում են ծախսել ՀՆԱ ավելի քան 3%: Մյուսները կարծում են, որ պետք է ելնեն կոնկրետ երկրների հնարավորություններից։ Եթե ԱՄՆ նախագահ Թրամփը մասնակցի հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովին, ապա հնարավոր է, որ ՆԱՏՕ անդամ երկրները պետք է ՀՆԱ-ի 3%-ի պարտավորություն ստանձնեն։ Դրան հասնելու համար Եվրոպան պետք է ընթացիկ գներով տարեկան ռազմական ծախսերն ավելացնի 280 մլրդ դոլարով։
Համընդհանուր պաշտպանության համար Եվրոպային դեռևս չի բավարարում բոլոր հեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռները, հարվածային ուժը և օդային հսկողության, հրամանատարության և վերահսկման հնարավորությունները: Նույնիսկ բավարար ֆինանսավորման դեպքում Եվրոպային մեկ ամբողջ տասնամյակ կպահանջվի Ամերիկայից իր կախվածությունը զգալիորեն նվազեցնելու համար:
ՆԱՏՕ-ի շատ անդամներ դժվարանում են անձնակազմ հավաքագրել բարձր ինտենսիվության մարտական գործողությունների համար: Մի քանի երկրներ, որոնք վերացրել են պարտադիր զորակոչը «Սառը պատերազմի» վերջում, քննարկում են այն այս կամ այն ձևով կրկին ներդնելու մասին՝ իրենց զինված ուժերի չափը համապատասխան մակարդակի հասցնելու համար:
Առայժմ պարզ չէ, թե որտեղից պետք է վերցնեն այդ գումարները, չխոսելով նույնիսկ քաղաքական կամքի մասին: Դա պետք է լինի սոցիալական ծրագրերի հաշվին, որոնք շատ ավելի պահանջված են ընտրողների շրջանում։ Այսպիսով, ԵՄ-ն քննարկում է բյուջեները սեղմելու և միջոցները կրճատելու հարցը այն երկրների համար, ովքեր ցանկանում են միջոցներ վերցնել իրենց պաշտպանությունն ուժեղացնելու համար: Տպավորությունն այն է, որ Եվրոպան բախվում է նոր անվտանգային ճգնաժամի հետ:
Նոյեմբերի 11-ին Եվրահանձնաժողովն այս ուղղությամբ կարևոր քայլ կատարեց՝ թույլատրելով յոթ տարվա բյուջեի այսպես կոչված «Համախմբման հիմնադրամի» մի մասը՝ մինչև 130 միլիարդ եվրո, ծախսել ռազմական ծրագրերի վրա։ Ըստ Financial Times-ի վերլուծության՝ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում եվրոպական կառավարություններին կտեղեկացվի, որ այդ գումարը կարող է օգտագործվել պաշտպանական արդյունաբերությանն աջակցելու և ամբողջ Եվրոպայում ռազմական ենթակառուցվածքների բարելավման նախագծերում ներդրումներ կատարելու համար:
Վերընտրվելով երկրորդ ժամկետում՝ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը առաջնահերթություն դարձրեց «Եվրոպական պաշտպանության միության» ստեղծումը։ Նախկինում ՆԱՏՕ-ն զգուշանում էր ԵՄ ռազմական նկրտումներից, բայց գտնում են, որ “բոլորը նույն նավի մեջ են և պետք է միջոցներ մոբիլիզացնեն և մեծացնեն ռազմական և արդյունաբերական կարողությունները: Ընդ որում, այդ գործընթացը պետք է ներառի նաև ոչ ԵՄ անդամ՝ ՆԱՏՕ-ի անդամներին (Մեծ Բրիտանիա, Նորվեգիա, Թուրքիա, և ԱՄՆ):
Հայաստանի խնդիրն է վերջնականապես կողմնորոշվել իր ռազմա-քաղաքական և անվտանգային միջավայրի կառուցման մեջ: Նիկոլի կառավարության խճճված և արդյունքում միայնակ ու անօգնական մնացած քաղաքականությունն առաջիկայում ոչ մի պաշտպանություն կամ աջակցություն չի գտնելու նաև Արևմտյան միջավայրում: Սառը հաշվարկների և ճշգրիտ կանխատեսումների այս ժամանակահատվածում, Նիկոլի արկածախնդրությունն ու կիասագրագետ քաղաքական պատկերացումները կրկնակի մեծ հարվածի տակ են դնելու Հայաստանի Հանրապետության ապագան:
Պետք է կրկին վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության արդիականացված մեթոդին՝ հույսներս դնելով բացառապես մեր, մեր ռազմավարական դաշնակցի ու մեզ հետ համատեղ շահեր ունեցող բարեկամ երկրների վրա: